«Իմ ընկալմամբ՝ սա նշանակում է, որ Հայաստանի կողմից լիցենզիա ստացած կազմակերպությունները չեն կարողանա թռիչքներ իրականացնել, որովհետեւ վստահություն չկա այն լիցենզիայի նկատմամբ, որը տրվել է: Ես այսպես եմ հասկացել այդ սահմանափակումները»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն`անդրադառնալով Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի որոշմանը, համաձայն որի՝ այսուհետ Հայաստանում գրանցված որեւէ ավիաընկերություն մուտք չի գործելու ԵՄ տարածք:
«Թե ո՞ր երկրներից էին այդ ավիաընկերությունները թռիչքներ կատարում, սա էլ է հասկանալի, այսինքն՝ դրա տնտեսական ազդեցությունը կլինի այդ երկրների վրա: Բայց հեղինակության առումով տուժում է Հայաստանը. այստեղ մենք խնդիր ունենք, որովհետեւ փաստացի մեր տրված լիցենզիային ԵՄ-ն չի վստահում: Կարծում եմ, սա լուրջ մտահոգությունների եւ մտորումների տեղիք պետք է տա եւ հասկանան, թե ինչպես է եղել, որ ձախողել են, այդ լիցենզիան հիմա՞ է տրվել, թե՞ նախկինում: Մեկ բան ակնհայտ է, որ ՀՀ-ի տված լիցենզիային ԵՄ երկրները չեն վստահում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ