«Հակահամաճարակային միջոցառումները ՀՀ կառավարությունը ամբողջությամբ տապալել է, համավարակը ցույց տվեց, որ այս իշխանությունները ուղղակի ունակ չեն էքստրեմալ իրավիճակներում ու արտառոց իրավիճակներում աշխատել»,- այսօր «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանն ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նա ասաց. «Ի սկզբանե ՀՀ վարչապետը եւ առողջապահության նախարարը, որ պետք է գործեին իրենց լիազորությունների շրջանակներում եւ պայքարեին համավարակի տարածման դեմ, համավարակի վերաբերյալ ստեղծեցին ոչ լուրջ մոտեցում հասարակության շրջանում; Հիշում եք՝ ասում էին՝ կորոնավիրուսն ում շունն ա, պինցետով կախտահանենք, կհանենք: Իհարկե, հետո ասում են՝ այլ կերպ ենք ասել: Ի սկզբանե հասարակության լայն շերտերում տպավորություն է ստեղծվել, որ պետք չէ լուրջ վերաբերվել այս համաճարակին: Այսօր ինչ կատարվում է ՀՀ-ում՝ աղետ է: Մենք բոլորս մեզ հարց ենք տալիս՝ նայելով հեռուստացույց ու ընթերցելով ԶԼՄ-ների տեղեկատվությունը, թե մեր հարեւան երկրներն ինչպես են հաղթահարում համավարակը, ինչ միջոցառումներ են անում ու ինչ միջոցառումներ են նախատեսում համավարակը հաղթահարելուց հետո իրականացնել, ինչպես են պատրաստվում տուրիստական սեզոնի բացմանը… իրենց ռեստորանները, հյուրանոցները սկսելու են աշխատել, մարդիկ սկսելու են գումար վաստակել… հարց է առաջանում՝ ինչո՞ւ ՀՀ-ում նույնը չի իրականանում: Այսօրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ուղղակի անկարող են իրականացնել միջոցառումներ, որոնց արդյունքում մենք դուրս կգանք այս իրավիճակից»:
Ըստ Արթուր Վանեցյանի, ներկա փուլում իշխանությունների կողմից ողջ պատասխանատվությունը դրվել է ժողովրդի վրա, թե դուք եք պատասխանատու վարակի տարածման հարցում՝ հիվանդանաք՝ դուք եք մեղավոր, չհիվանդանաք՝ դուք եք մեղավոր: Դրա հետ մեկտեղ ինչ-որ միջոցառումներ են իրականացվում, վատնում են խոշոր գումարներ. «Այս փուլում երկիրը համավարակի տարածման ամենաբարձր պիկի վրա է, ԱԺ-ում «Գույքահարկի բարձրացման մասին» օրենքի նախագիծ են բերում: Ժողովուրդ, լո՞ւրջ եք ասում, հիմա ժամանակն է, որ պետք է գույքահարկի բարձրացման մասի՞ն խոսեք: Օրական վարակվում են 500-ից ավելի մարդիկ, մահանում են մարդիկ: Իմ հրաժարականի ժամանակ երբ ասացի՝ առաջնայինը երկրորդայինից չեն տարբերում, այդ ժամանակ պարզ չէր, թե ինչը նկատի ունեի: Այսօր երեւի բոլորը տեսնում են, որ իրականում այս իշխանությունները գործում են հախուռն, ոչ համակարգված ու ունենք այն աղետալի իրավիճակը, որն ունենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ