Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Սարիբեկյանը՝ գրադարանի հրդեհի մասին. «Ամենամեծ կորուստը օդորակիչն էր, երկու մոնիտոր, երկու ստեղնաշար»

Հունիս 03,2020 15:08

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Հրաչ Սարիբեկյանը մայիսի 15-ին կայացած ասուլիսում խոսելով Հայաստանի ազգային գրադարանում բռնկված հրդեհի մասին՝ ասել էր, որ գրադարանի ղեկավարության անփութության վերաբերյալ կանխակալ ենթադրություններ անելը վաղ է: Երեք շաբաթ անց տեղի ունեցած ասուլիսում նա հիշեցրեց, որ նախորդ անգամ 3 կարեւոր շեշտադրում  էր արել. առաջինն այն էր, որ բոլոր նյութերը, ծրագրային ֆայլերը, թվայնացված գրականության ողջ բազան առանձին կրիչներում պահված էր, երկրորդն այն էր, որ սերվերների արտաքին տեսքից դատելով՝ նախնական կարծիք էին կազմել, թե դրանք այդքան էլ անհուսալի վիճակում չեն, իսկ երրորդը հավաստիացումն էր, որ գրադարանի թվայնացված ամբողջ արխիվը հնարավոր կլինի վերականգնել:

«Հայաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են, երկուշաբթի-երեքշաբթի թեստային փորձարկում ենք արել, այժմ քսանչորժամյա ռեժիմով կրկին սպասարկում ենք մեր ընթերցողներին»,-հայտնեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը:

«Թեեւ մենք հայտարարեցինք, որ ամբողջ արխիվը թվայնացված է, բայց մամուլում եւ սոցցանցերում հրապարակումներ եղան, որ ողջ արխիվը ոչնչացված է, մարդկանց տարիների աշխատանքը ջուրն է ընկել: Մեր հասարակության խնդիրներից է նման կանխակալ դատողություններ, շահարկումներ անելու միտումը: Նման վարկածներով, մեղադրանքներով մարդիկ ընդամենը իրենց ցանկությունները, շահերն ու նպատակներն են մատնում… Մենք այդ ընթացքում շահարկումներին պատասխանելու ժամանակ չունեինք, քանի որ զբաղված էինք ՀԱԳ սերվերները վերականգնելու գործով, թեեւ ծանոթ ենք մամուլում եւ սոցցանցերում եղած գրառումներին, մանրամասն վերլուծություններ են արված այդ մասին»,-ասաց Հրաչ Սարիբեկյանը:

Նա ընդգծեց, որ այդ վերլուծությունների նպատակն է պարզել, թե ով ինչ շահարկում կարող է հետագայում անել, որովհետեւ, նրա խոսքերով, այդ ամենն ունի իր նախապատմությունը եւ զարգացումները. «Ստրատեգիական պաշտպանողական նշանակություն ունի մեզ համար ինչ-ինչ գրառումների կիսումներն ու «լայքերն» ուսումնասիրելը: Մարդկային միջամտության գործոնը, դիտավորությունը չի հերքվել, փորձաքննությունը դեռ ընթանում է»:

Հրաչ Սարիբեկյանը հավելեց, թե չի կարող ասել՝ ինչ շահ էին հետապնդում մարդիկ, ինքը որոշ ենթադրություններ ունի, բայց հիմա չի կարող հնչեցնել: Ասաց նաեւ, որ ԱԻՆ-ը դատախազության հետ կապի մեջ է, սպասում են վերջնական եզրակացությանը, իսկ գրադարանի բոլոր այն աշխատակիցները, որոնք մայիսի 8-ին` սերվերների սենյակի հրդեհի օրը այցելել են Հայաստանի ազգային գրադարան, զեկուցագրեր են ներկայացրել:

Գրադարանի տնօրենը ասուլիսի ավարտին կրկին շեշտեց, որ բովանդակային առումով ոչ մի կորուստ չունեն, այս պահին նույն սերվերներն են աշխատում, որոնք մանրակրկիտ, դետալ առ դետալ մաքրվել են. «Այս ընթացքում ՏՏ մի ամբողջ համայնք ձեւավորվեց, բազմաթիվ մարդիկ եւ կազմակերպություններ պատրաստականություն հայտնեցին հետագայում եւս աջակցել Հայաստանի ազգային գրադարանին»: Նա թվարկեց բոլորին, որոնք աջակցել են վերականգնման գործընթացը կազմակերպելու, ծրագրային կարգավորումներ տալու եւ խորհրդատվության առումով:

Շեշտեց, որ գրադարանի ամենամեծ կորուստը օդորակիչն էր, երկու մոնիտոր, երկու ստեղնաշար եւ ինտերնետի փոխարկիչը:

Հրաչ Սարիբեկյանը ասուլիսի ժամանակ նաեւ հայտնեց, որ այս ընթացքում գրադարանի հին կայքը փոխարինել են նորով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սուսաննա says:

    Պետք չէ ավիրել այդ գրադարանը: Ափսոս է: Ե՞րբ պետք է տնօրեն նշանակվի:

  2. ԲԱՆԻՄԱՑ says:

    Հարգելի Տիկին Սուսաննա,

    Ոչ թե ավԻրել, այլ ավԵրել… Մի ԱՎԵՐԵՔ հայոց լեզուն…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930