Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թյուրըմբռնում կա, որ ամեն ապացույցի ներկայացումից հետո դատարանը փաստում է Արմեն Բիլյանի անմեղությունը». Արմեն Բիլյանը կմնա կալանքի տակ

Հունիս 03,2020 14:58

«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով հունիսի 3-ի նիստին (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) դատարանն առանց քննության թողեց ամբաստանյալ Արմեն Բիլյանի պաշտպանների միջնորդությունը նրա խափանման միջոց կալանքի հետ կապված:

Արմեն Բիլյանը դատական նիստերի դահլիճում հիշեցրեց՝ նախորդ դատական նիստին Էդգար Սողոմոնյանը հնչեցրեց քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանի անունը, թե ինչ արարք է նա կատարել ու մտահոգություն հայտնեց, որ այս առումով որևէ ընթացք չի տեսնում: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն Արմեն Բիլյանին հորդորեց իր խափանման միջոցի մասին խոսել: Ամբաստանյալն ասաց. «Ես հանիրավի եմ կալանքի տակ: Փոխեք իմ խափանման միջոցը, ես պատրաստ եմ գալ դատարան և իմ արդարությունը մինչև վերջ պահանջել»:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն արձանագրեց՝ այն հանգամանքները, որոնք նշվում են պաշտպանների կողմից, դրանք ներկայացված են եղել դատարան, և դրանց դատարանն արդեն մանրամասն անդրադարձել է և հայտարարեց. «Հստակ հիմնավորումներ ներկայացված են առ այն, որ խափանման միջոցի վերաբերյալ հիմքերը ոչ միայն պահպանվում են, այլ առավել քան բարձր են տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին: Հետևաբար դատարանի՝ նախորդ դատական նիստերին կայացված որոշումը՝ որևէ նոր հանգամանքներ չներկայացնելու պարագայում պետք է թողնել առանց քննության»:

Նախագահող դատավորը որոշեց՝ պաշտպանների միջնորդությունը պետք է թողնել առանց քննության և պարզաբանեց. «Ապրիլի 15-ի դատական նիստում դատարանի կողմից մանրամասն քննության առարկա է դարձնել Արմեն Բիլյանի նկատմամբ կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը: Այս առումով պետք է արձանագրել, որ մինչև ապրիլի 15-ը կայացած դատական նիստերին ևս Էդգար Սողոմոնյանը հարցաքննվել էր, նրա հայտնած տեղեկությունները համահունչ էին վերջին դատական նիստին հայտնած տեղեկություններին. իր դիրքորոշումն այն է, որ Արմեն Բիլյանն այնտեղ չի եղել, Գագիկ Մկրտչյանի՝ հրազենային վնասվածք ստանալու հետ առնչություն չունի, որի համատեքստում դատարանը որոշում էր կայացրել միջնորդությունը մերժելու մասին: Ստացվում է մի իրավիճակ, երբ դատարանում հարցաքննված որևէ վկայից հետո, ապացույցների հետազոտությունից հետո, պաշտպանական կողմը գալիս է այն համոզման, որ այլևս որևէ ապացույց չկա, որի համաձայն՝ Արմեն Բիլյանն առնչություն ունի Գագիկ Մկրտչյանի մարմնական վնասվածքի հետ և ենթակա է անհապաղ ազատման: Դատարանն այս փուլում չի անում որևէ եզրակացություն և չի կարող արձանագրել, որ արդեն դատարանում ձեռք բերված փաստերը վկայում են Արմեն Բիլյանի անմեղության կամ մեղավորության մասին: Թյուրըմբռնում կա, որ ամեն ապացույցի ներկայացումից հետո դատարանը փաստում է Արմեն Բիլյանի անմեղությունը: Փաստելով այն, որ ապրիլին դատարանը մանրամասն վերլուծել է այս տվյալները, իսկ որևէ փոփոխություն այդ առումով գործում չկա, հետևաբար դատարանը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը նույնական է, և որևէ նոր փաստարկ չի ներկայացվել, հետևաբար միջնորդությունը դատարանը թողնում է առանց քննության»:

Վարուժան Ավետիսյանը դատարանին տեղեկացրեց, որ պաշտպան Տիգրան Եգորյանը չի ներկայացել դատարան առողջական խնդիրների պատճառով և խնդրել է միջնորդել հետաձգել դատական նիստը, քանի որ պատրաստվում է հանդես գալ միջնորդություններով: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 10-ին՝ ժամը 11.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930