Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Վանաձորում կուսակցական առաջին գրասենյակի բացմանն էր մասնակցում: Նա հանդիպում ունեցավ կուսակցությանը նոր անդամագրվողների հետ ու պատասխանեց նրանց, նաեւ ԶԼՄ-ների հարցերին:
Վանեցյանին հարցրեցին՝ դուք քննադատում եք ներկայիս իշխանությունների պարգեւավճարները, բայց ասում են, որ պաշտոնավարման ընթացքում դուք էլ եք պարգեւավճարներ ստացել, ինչպե՞ս կմեկնաբանեք: Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Պարգեւավճարները, որոնք տրվում են այսօր պետական աշխատակիցներին, անհամաչափ տրվող պարգեւավճարներ են: Տրվում են կամայական սկզբունքով՝ ում սիրում են, իրենցն է, տալիս են, ում չեն սիրում՝ չեն տալիս: Չի կարող նախարարը միլիոնների պարգեւավճարներ ստանալ, իսկ սովորական աշխատող ուսուցչուհին, բժշկուհին, ստանա շատ ցածր վարձատրություն:
Կոնկրետ ինչ վերաբերում է իմ ստացած պարգեւավճարին՝ ես ստացել եմ պարգեւավճար այնքան, ինչքան ստացել եմ մինչեւ ԱԱԾ տնօրեն նշանակվելը: Տարվա ընթացքում պետական կառավարման համակարգերում ներդրված է եղել պարգեւավճար տալու ժամանակացույց, մենք միշտ ստացել ենք՝ մի հատ տարվա կեսին, մի հատ վերջին: Երեք անգամ ստացել ենք:
Իմ պաշտոնավարման ընթացքում 2018-ի մայիսից մինչեւ 2019-ի սեպտեմբերի 17-ը ես անձամբ ստացել եմ շուրջ 2 մլն դրամի հասնող պարգեւավճար, ամիսը 100-110 հազար դրամի մասին է խոսքը: Իմ ստացած պարգեւավճարների չափով՝ մի քիչ ավելի կամ պակաս, իմ կողմից գումարներ են մուտքագրվել Համահայկական հիմնադրամի հաշվին, գումարներ են հատկացվել բարեգործությամբ զբաղվող տարբեր անհատների ու կազմակերպությունների: Եվ այդ մասին ուղղակի չի բարձրաձայնվել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ