Լրահոս
Օրվա լրահոսը

«Լոգիկա» ՀԿ նախագահը տնտեսվարողների համար գազի սակագնի բարձրացման մեջ տրամաբանություն չի տեսնում

Հունիս 03,2020 14:37

«Լոգիկա» ֆինանսատնտեսական եւ գործարար անկախ հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ, ԵՊՀ եւ ՀՌՀ դոցենտ Արա Քառյանն առցանց ասուլիսում անդրադառնալով գազի գնի շուրջ ստեղծված իրավիճակին եւ առկա խնդիրների լուծման թեմային՝ ասաց, որ գազի գնի բարձրացման հայտը բավարարելու առումով հիմա քննարկվում է, այսպես կոչված, դիվերսիֆիկացված տարբերակը, այն որ բնակչության համար գազի սակագինը չի թանկանա:

«Ես ուզում եմ շեշտադրումն անպայման սրա վրա անել: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից հնչեցվեց, որ սպասվում է այսպիսի տարբերակ. բնակչության համար գազի սակագինը կպահպանվի, իսկ տնտեսվարողների համար սակագինը կբարձրանա: Տեսնենք սրա հետեւանքները:

Բնակչությանն ասվում է՝ տեսեք, ամեն ինչ լավ էր, որ սակագինը չբարձրացավ: Բայց ի՞նչ կլինի շարունակությունը, ածանցվող հետեւանքները: Միանշանակ, տնտեսվարողների համար գազի գնի բարձրացումը կբերի նաեւ լայն սպառման ապրանքների թանկացման: Դա դեռ ոչինչ: Դրանից հետո շղթայում ավելի բարդ խնդիր է առաջանալու նրա հետ, որ մեր արտահանողների մրցունակությունը ԵԱՏՄ շուկայում հենց այդ որոշման պատճառով խիստ նվազելու է: Եթե ասում ենք, որ COVID-19-ի հաղթահարելուց հետո կբացվեն նոր հնարավորություններ, ապա այդ կոնկրետ  հնարավորություններից մեկը ուղղակի էներգակիրների՝ նավթի եւ գազի, գներն աշխարհում երկու անգամ նվազելն է: Մեր իրավիճակն այլ է: Այս լուծումով, երբ տնտեսվարողների համար սակագինը պետք է բարձրանա, մենք կնվազեցնենք մեր արտահանողների մրցունակությունը:

Մենք ի՞նչ ունենք: Ընդհանրապես աշխատուժ ենք արտահանում: Արտագնա աշխատողները այս տարի սահմանները փակ լինելու հետեւանքով չեն մեկնելու: Հետեւաբար, խնդիր կունենանք առեւտրային հաշվեկշռի: Այսինքն, այն տրանսֆերտները, որ պետք է Հայաստան ուղարկեին արտագնա աշխատողները, չենք ստանա: Սա ամբողջ շղթա է եւ այս առումով կհորդորեի, որպեսզի վերանայվեն որոշումները, որպեսզի գազի գնի բարձրացումը չանդրադառնա բացառապես տնտեսվարողների վրա, ինչը բավականին վատ հետեւանքներ կունենա մեր տնտեսության համար եւ անգամ առեւտրային հաշվեկշռի վրա կանդրադառնա»,-ասում է Արա Քառյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930