Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց վերաբերմունքով քաղաքացիներն անվստահություն են հայտնում Արսեն Թորոսյանին. Մանե Թանդիլյան

Հունիս 03,2020 14:26

Միայն այն հանգամանքը, որ քաղաքացիները տեւական ժամանակ արդեն չեն հետեւում կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ առողջապահության նախարարի ցուցումներին՝ դա արդեն անվստահություն է Արսեն Թորոսյանի նկատմամբ: Այս կարծիքին է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այս առիթով հնչած հարցերին, տիկին Թանդիլյանն ասաց. «Գիտեք, երբ մեկ անգամ վստահությունը խաթարում են, շատ դժվար է վերականգնել, հետեւաբար այն վերաբերմունքը, որը առողջապահության նախարարն ուներ վիրուսի նկատմամբ՝ շատ քաղաքացիներ այլեւս չեն կարողանում հաղթահարել եւ լուրջ վերաբերվել նրա արած հայտարարություններին: Սա շատ ցավալի է: Ժողովուրդն արդեն իր արարքներով անվստահություն է հայտնում նրան»:

Օրերս նախարար Արսեն Թորոսյանը խոսել էր հիվանդների «խորը սորտավորման» անցնելու հավանականության մասին, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց: Մեկնաբանելով նախարարի հայտարարությունը, տիկին Թանդիլյանն ասաց` հասկանում է, հայտարարությունն արվել է այն պատճառով, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված կա խորը ճգնաժամ. «Ես չգիտեմ նախարարն ինչ նկատի ունի «խորը սորտավորում» ասելով, բայց գիտեմ նաեւ, որ շատ դեպքերում մարդիկ ունենում են ջերմություն, զանգահարում են եւ նրանց ցուցում են տալիս, թե տնային պայմաններում ինչ կարող են անել»:

Անդրադառնալով այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը`եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաեւ ժողովուրդը, որովհետեւ այդ ժողովուրդն է այս կառավարությանը բերել իշխանության, Մանե Թանդիլյանն ասաց` ժողովուրդը, քաղաքացիները գնում էին ընտրության իրենց տված խոստումներով, սակայն հիմա տեսնում են այն, ինչ տեսնում են, որից քաղաքացիները եզրակացություն կանեն. «Ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, իշխանությունն ունի պարտավորություն եւ պետք է ապահովեր նրանց անվտանգությունը եւ այն, ինչը խոստացել էր իր ծրագրերով: Հիմա արտակարգ դրություն է, հետեւաբար որեւէ մեկը չէր սպասի, որ նման բան կլիներ, այստեղ արդեն առաջ է գալիս կառավարություն ունակությունն ու կարողությունը: Հիմա արդեն ժողովուրդն ականատես է լինում, որ ծանր վիճակում կառավարությունն ունակ չէ պաշտպանելու իրեն եւ այդ պատասխանատվությունն աստիճանաբար օտարում է իրենից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930