Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեղտոտ մանիպուլյացիաների կիրառմամբ փորձում են լռեցնել քաղաքական հակառակորդներին». Վանեցյանը՝ օտարերկրյա գործակալ լինելու պնդումների մասին

Հունիս 03,2020 14:17

Այսօր ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Վանաձորում կուսակցության նոր գրասենյակի բացմանն էր մասնակցում:

Նա նաեւ հանդիպում ունեցավ կուսակցականների հետ ու պատասխանեց նրանց մտահոգող հարցերին:

Վանեցյանը նախ ներկայացրեց, թե ինչու են ստեղծել կուսակցությունը, ինչի համար է ծառայելու «Հայրենիք» զարգացման հիմնադրամը. «Հիմնադրամը ստեղծել ենք, որ հասարակության լայն շրջանակներին փորձենք աջակցություն ցույց տանք: «Հայրենիքը» բարեգործական հիմնադրամ չէ, մենք այնպիսի ծրագրերի ենք ֆինանսավորելու, որոնցով մարդուն հնարավորություն ենք տալու արտահայտվել, ինչ-որ գործողություններ անել, որը լինելու է կամ ուսումնասիրություն, կամ ԶԼՄ-ներին ու քաղհասարակությանը օժանդակություն: Շատ կարեւոր է, որ «Հայրենիք» զարգացման հիմնադրամը գործելու է բացառապես մեր ազգային շահի, մեր ինքնությունը պահպանելու համար»:

Խոսելով քաղաքականությամբ զբաղվելու իր որոշման մասին՝ Վանեցյանն ասաց. «Ինչպես գիտեք, ես որոշում եմ կայացրել ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, ես 20-22 տարի ծառայել եմ ազգային անվտանգության համակարգում ու երբեք մտքովս չէր անցնի, որ կլինեմ կուսակցական ու կգլխավորեմ կուսակցություն: Բայց կան մտահոգություններ, որոնք ստիպել են դա անել: Իրականում մեր հայրենիքը մեր պետությունը այսօր ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում, կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց, որ այսօրվա մեր կառավարիչները պատրաստ չեն նման ծանր իրավիճակում արդյունավետ կառավարում իրականացնել, ինչի արդյունքում նման ծանր պայմաններում ենք: Քաղաքականություն մտնելու նպատակը առաջինը այն է, որ կարողանանք առողջացնել մեր քաղաքական կյանքը»:

Aravot.am-ը Վանեցյանին հարցրեց՝ ձեր պաշտոնանկությունից հետո տարբեր ակնարկներ հնչեցին ձեր մասին, ընդհուպ եղավ ակնարկ, թե դուք օտարերկրյա պետությունների կողմից հավաքագրված եք, օտարերկրյա գործակալ եք, ինչպե՞ս եք արձագանքում այդ քննադատություններին: Վանեցյանը պատասխանեց. «Նախ ինձ պաշտոնանկ չեն արել, ես հրաժարական եմ տվել, արձանագրենք դա: Հարցերի տեսքով հնչեցվեց, գրվեց այն, ինչ դուք ասացիք (նկատի ունի Հրաչյա Հակոբյանի գրառումը,- Հ. Ջ.), որից հետո անմիջապես նույն մարդու կողմից եւ իշխող ուժի կողմից առավոտից սկսեցին հերքել, որ չէ, մենք նման բան չեն ասել, մարդ է, հարց է հնչեցրել եւ այլն: Հասանք անգամ նրան, որ այդ մարդը, որը գրել էր այդ ստատուսը բառացի ասաց՝ երեւի գրվել է՝ լավ վերնագիր ունենալու համար: Սա չգիտեմ ինչի է նմանվում: Ինչ վերաբերում է մնացած շահարկումներին՝ որեւէ մեղադրանք իր հաստատումը չի ստացել: Դա հստակ տեղեկատվական տեխնոլոգիա է, որն իրականացվում է իմ նկատմամբ, որպեսզի իմ անունը փորձեն վարկաբեկել: Հանրությունը, բոլորը տեսնում են, որ որեւէ լուր, որ տարածվել է իմ մասին, իր հաստատումը չի ստացել: Կեղտոտ մանիպուլյացիաների կիրառմամբ փորձում են լռեցնել քաղաքական հակառակորդներին, որոնք կարող են իրենց իշխանությանը քննադատել: Այս իշխանության ամենամեծ խնդիրն այն է, որ քննադատություն չի ընդունվում, հենց ասում են՝ սխալ եք արել մի բան, անմիջապես հարձակվում են ողջ զինանոցով ու ասում են՝ սրա-նրա պատվերն եք կատարում, այնինչ, մարդիկ իրենց կարծիքն են արտահայտել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930