Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղատնտեսական բոլոր շուկաներ էլ մտնելու ենք. եթե խնդիրներ են առաջանում, 24 ժամով փակվելու են». Ալեքսան Մկրտչյանը «Մեյմանդարի» շուկայի մասին

Հունիս 03,2020 13:53

Այս գիշեր ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել «Մեյմանդարի» շուկայում՝ երեկվա դեպքերի առիթով: Այս պահին հարուցված է քրեական գործ, կան մի քանի տասնյակ բերման ենթարկվածներ եւ ձերբակալվածներ: Aravot.am-ի հարցմանն ի պատասխան, ոստիկանության մամուլի բաժնից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ թե կոնկրետ քանի մարդ է այս պահին ձերբակալված, ինչ հոդվածով եւ այլն: Հորդորեցին սպասել պաշտոնական պատասխանի: Ավելի ուշ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց:

Հիշեցնենք, որ ոստիկանության հատուկ գործողության մասին այսօր առավոտյան հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով:

Aravot.am-ի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանը հայտնեց, որ այս պահին «Մեյմանդարի» շուկայում կատարվում են մաքրման-ախտահանման աշխատանքներ եւ վաղը առավոտյան շուկան կբացվի. «Մթերք վաճառող գյուղատնտեսական բոլոր շուկաներ էլ մտնելու ենք եւ թերություններն արձանագրելուց հետո, եթե խնդիրներ են առաջանում, միանշանակ, 24 ժամով փակվելու են, որպեսզի այդ աշխատանքները կատարենք: Չի՛ լինելու շուկա, որի նկատմամբ վերահսկողական գործառույթը չիրականացվի»:

Երեկ ողջ օրը Արմավիրի մարզում գտնվող հայտնի «Մեյմանդարի» շուկայում լարված իրավիճակ էր։ Գյուղացիները դեմ էին պարետի որոշմանը, որ շուկայի աշխատանքները մեկ օրով դադարեցվեն՝ ավելի վաղ հայտնաբերված խախտումների պատճառով։ Գյուղացիների խոսքով, նույնիսկ մեկ օրով իրենց ապրանքը շուկա չբերելը ծանր հետեւանքներ կունենա գյուղացու համար, քանի որ գյուղմթերքն արդեն հավաքել են եւ ամեն օրն ու ժամը նշանակություն ունի ապրանքի որակի համար: Իրավիճակն այնքան էր թեժացել, որ շուկա էր ժամանել նաեւ Արմավիրի մարզի ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը:

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը Aravot.am-ին հայտնեց, որ վաղը առավոտյան ժամը 10:00-ից շուկան կբացվի:

Մեր հարցին՝ որպես համակարգող կառույց, մարզպետարանն այլընտրանք առաջարկե՞լ է գյուղացիներին՝ բերքն այլ շուկաներում իրացնելու, Արթուր Այվազյանը պատասխանեց՝ գյուղացիները բոլորն էլ այդ շուկաների տեղը շատ լավ գիտեն: Հետաքրքրվեցինք՝ մարզում քանի՞ մեծածախ գյուղատնտեսական շուկա կա:

«Բացի «Մեյմանդարի» շուկայից, մեծածախ շուկա ունենք Ծիածան համայնքի վարչական տարածքում՝ Արմավիր-Էջմիածին մայրուղու վրա: Ունենք մեծածախ շուկա Արշալույս համայնքի վարչական տարածքում՝ ճանապարհի վրա եւ ունենք Արմավիր քաղաքում մեծածախ շուկա: Բացի այդ 4 մեծածախ շուկաներից, ունենք մանրածախ շուկաներ Էջմիածին, Արմավիր քաղաքներում, Մեծամորում եւ այլ քաղաքներում»,-ասաց պարոն Այվազյանը:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/260449971945013/

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930