Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս պահին մեղքը քաղաքացիների վրա դնելը սեփական անկարողության ցուցադրում է». Մանե Թանդիլյան

Հունիս 03,2020 13:40

«Թույլ տվեք արձանագրել, որ կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարը ուղղակիորեն ձախողել է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը`պատասխանելով հարցին` օրեցօր Հայաստանում թե վարակվածների, թե մահերի թիվն ավելանում է եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջ պատասխանատվությունը կարծես ժողովրդի վրա է դնում:

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, միջոցառումները պետք է ձեռնարկվեին պատեհ պահին. «Միջոցառումները, որոնց մասին հիմա խոսում են, պետք է արվեին ավելի վաղ եւ ճիշտ ժամանակին, ճիշտ ձեւաչափերով։ Ժողովրդի մեջ տարածվեց անլուրջ վերաբերմունք կորոնավիրուսի նկատմամբ։ Ուզում եմ ասել, որ այդ վերաբերմունքը կառավարությունից է եկել եւ տարածվել է քաղաքացիների մեջ»: Ինչեւէ, նա հույս ունի, որ մեր քաղաքացիներն ավելի խոհեմ կգտնվեն, քան կառավարությունը, որը ժամանակին հեգնում էր վիրուսի տարածումը, իսկ հիմա, ակնհայտ է, որ խուճապի մեջ է:

Այս առումով, նա դիմում է ժողովրդին եւ խնդրում`ավելի խոհեմ լինել. «Հարգելի քաղաքացիներ, միգուցե հարմար չէ դիմակ կրելը, ամեն պահի ձեռքերը ախտահանելը, միգուցե դա ամբողջությամբ չի ապահովագրում, բայց դա նվազեցնում է ռիսկը։ Եթե դա էլ չանենք, ավելի սարսափելի պատկեր կունենանք»:

Ընդդիմադիր պատգամավորն ասում է, որ որեւէ կերպ չի կարող արդարացնել կառավարությանը`ժամանակին պատշաճ միջոցառումներ չձեռնարկելու եւ զանգը ճիշտ ժամանակին չխփելու համար: «Երբ կա որեւէ կարգադրություն, դրա իրականացման համար պատասխանատու է կառավարությունը: Այո, հեշտ չէ: Իսկ ո՞վ էր ասել, որ հեշտ է լինելու: Պատասխանատվությունը չի կարելի գցել քաղաքացիների վրա: Այո, պետք է բարձրացնել քաղաքացիների պատասխանատվությանը: Այս պահին պատասխանատվությունը դնել քաղաքացիների վրա, դա ուղղակի սեփական անկարողության ցուցադրում է: Նա, ով որ որոշում է ընդունել, պետք է կարողանա ապահովել դրա կատարումը: Իսկ տեղյա՞կ է կառավարությունը, որ այդ քաղաքում բավականաչափ քանակի ավտոբուսներ չկան: (Խոսքը վերաբերվում է «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսին, որի նկարը վարչապետը հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջում– Ն.Գ): Հետաքրքրվո՞ւմ է կառավարությունը`այդ քաղաքում կա՞ն բավականաչափ քանակի ավտոբուսներ, որ մարդկանց տանեն, թե՞ միայն պարտադրելու են, որ պահպանեն հեռավորությունը։ Երբ մենք միջոցներ ենք կիրառում, մենք ունե՞նք դա ապահովելու հնարավորությունը. սա է խնդիրը եւ այստեղ ես տեսնում եմ կառավարության անկարողությունը»,- ասաց Մանե Թանդիլյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930