Շիրակի մարզպետարանի պաշտոնական տեղեկատվության համաձայն, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 82 հիվանդներ են բուժվում, որոնցից 26-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Այսինքն՝ երկու օրվա ընթացքում չորսով ավելացել է հիվանդանոց տեղափոխված վարակակիրների թիվը։ Սա, բնականաբար մարզի ողջ պատկերը չէ․ Շիրակից 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Երկու օրվա ընթացքում մեկով ավելացել է նաև մահացողների թիվը․ արձանագրվել է մահվան 10 դեպք։ Մահվան դեպքը գրանցվել է մայրաքաղաքում։
Ցավալիորեն, զգալի ավելացել է նաև տնային պայմաններում բուժում ստացող հիվանդության անախտանիշ ընթացքով հիվանդների թիվը, նրանք արդեն 40-ն են։
Aravot.am-ի տեղեկություններով, հիվանդների մեջ կա ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա (անուն-ազգանուն, բնականաբար, չենք նշի), որի հիվանդանալու պատճառով էլ քանի ոստիկաններ ինքնամեկուսացել են։
Մարզպետարանի հաղորդած տվյալների համաձայն, կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 287 բուժառու, որոնցից 187-ը մարզի բնակիչներ են։
Կարդացեք նաև
Պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք․ «Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի, նրանցից 40-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2150 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 2-ը, ներառյալ` Գյումրիում իրականացվել է 827 նմուշառման հետազոտություն։
Հիվանդության արձանագրման առաջին օրից մինչ մայիսի 31-ը, ներառյալ` Շիրակի մարզի 388 բնակչի մոտ է դրական ախտորոշում եղել, նրանցից 290-ը փաստացի բնակվում է մարզում, 98-ը մարզի գրանցում ունեն, սակայն այստեղ չեն բնակվում»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի էջից