«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ օրինագծով՝ նախատեսվում է ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում ավելացնել խորհրդականի հաստիք: Այս մասին այսօր խորհրդարանի նիստում օրինագծի առաջին ընթերցման ժամանակ հայտարարեց օրինագծի հեղինակներից «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: Փաթեթը մշակել են նա եւ նրա գործընկերները:
Հայրապետյանի խոսքով՝ խորհրդարանը հավելյալ՝ մասնագիտական ներուժի ներգրավման կարիք ունի, եւ խորհրդականները ոչ միայն մասնագետներ են լինելու, այլեւ քաղաքական աշխատանք իրականացնող են համարվելու:
Օրենսդրական փաթեթի մյուս կարգավորումների նպատակը, Հայրապետյանի խոսքով, հանրության առաջ ԱԺ-ի հանձնաժողովների դերն ու հաշվետվողականությունը բարձրացնելն է: Սահմանվում է, որ հանձնաժողովները տարեկան մեկ անգամ եզրակացություններ են հրապարակելու կառավարության ծրագրի ոլորտային կետերի կատարողականի վերաբերյալ: Բացի այդ, ԱԺ ամեն նստաշրջանի վերջում հանձնաժողովների նախագահները հաշվետվություն պետք է հրապարակեն իրենց հանձնաժողովի աշխատանքի մասին:
«Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը նկատեց՝ հանձնաժողովներ կան, որոնց աշխատանքի համար շատ ավելի մեծ թվով խորհրդականներ են անհրաժեշտ, քան որոշ այլ հանձնաժողովներում, ուստի հավասարության սկզբունքը ճիշտ չի լինի կիրառել:
Կարդացեք նաև
Նույն խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ համոզմունք հայտնեց, որ անհրաժեշտ է ստեղծել մշտական աշխատանքային խումբ՝ ԱԺ կանոնակարգ օրենքը լրացնելու եւ փոփոխությունների ենթարկելու համար. «Գործընթացը պետք է շարունակական լինի»:
Մխիթար Հայրապետյանն էլ հավելեց՝ փաթեթի որոշ դրույթները փոփոխելուն համաձայն է, որոշ դեպքերում էլ՝ ոչ, բայց պատրաստ է քննարկել առաջարկները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ