ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» 10 անդամի գործով նիստին (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) ամբաստանյալ Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց միջնորդություն դատարան հրավիրել փորձագետներին, որոնք մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան հանգամանքների հետ կապված եզրակացություններ են տվել և նրանց հարցեր տալ իրենց կողմից ներկայացված եզրակացությունների վերաբերյալ:
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Բիլյանը մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար, իրեն մեղավոր չի ճանաչում:
Զարուհի Փոստանջյանը խնդրահարույց համարեց հետեւյալ հարցը՝ ինչպե՞ս է ստացվում, որ Գագիկ Մկրտչյանը հրազենային վիրավորում ստանալու պայմաններում կրծքավանդակի ոսկրային կոտրվածք չի ստացել. «Այսինքն՝ երեք սմ հրազենը, եթե կարողացել է վնասել կրծքավանդակը, ո՞նց կարող է ոսկորը չվնասել»: Նաև հարցրեց՝ ինչո՞ւ Գագիկ Մկրտչյանի շապիկը դատարանում չի ուսումնասիրվել, իսկ եզրակացություններում ոչինչ չկա այդ մասին»:
Արմեն Բիլյանը հայտարարեց. «Ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ ես Գագիկ Մկրտչյանի վիրավորման, հետագայում մահվան հետ բացարձակ կապ չունեմ: Այնտեղ չեմ էլ եղել, և իմ համար շատ կարևոր է, որ հանրությունը և տուժողը իրականությունն իմանա»:
Կարդացեք նաև
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն ասաց. «Այսօր որերորդ վկան է գալիս հրաժարվում իր ցուցմունքից, ուստի ի՞նչն է հիմքը, որ Արմեն Բիլյանին պահում եք կալանքի տակ»:
Նախագահող դատավորը հորդորեց մնալ միջնորդության սահմաններում:
Արմեն Բիլյանը հայտարարեց, որ եզրակացություններում կան մի շարք հակասություններ: Նա մանրամասնեց. «Գագիկ Մկրտչյանի գիտակցությունը տեղն է եղել. խոսել է քրոջ, կնոջ հետ, բայց ես չտեսա որևէ քննիչի խոսակցությունը նրա հետ: Չգիտես ինչու ցուցմունք են տվել, թե նա, գիտակցության չգալով, մահացել է: Այս առումով գնալու ենք մինչև վերջ բացահայտմանը, ասել եմ դատարանից իմ արդարությունը պետք է վերցնեմ, դուրս գամ: Պարոն Մակյա′ն, Դուք պրոֆեսիոնալ դատավոր եք, հասկանում եք՝ ինչ եմ ասում»:
Պավել Մանուկյանը կարծիք հայտնեց՝ փորձագիտական խումբը եղել է հանձնարարական կատարողի դերում:
Մեղադրող կողմն անիմաստ համարեց փորձագետներին կանչել դատարան, վատնել ռեսուրս՝ չհասկանալով, թե նրանցից ինչ ենք ուզում:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը նկատեց. «Այդ ապացույցները ձեռք են բերվել բռնապետության ժամանակ, ոճրագործ համակարգի: Ուստի այդ ժամանակ ձեռք բերված ապացույցները չեն կարող միանշանակ կերպով համարվել ապացույցներ»:
Զարուհի Փոստանջյանը ցանկացավ արտահայտվել, սակայն նախագահող դատավորը հայտարարեց, որ դա կապ չունի միջնորդության հետ: Զարուհի Փոստանջյանը շարունակում էր, դատավորը հայտարարեց. «Տիկի′ն Փոստանջյան, Ձեզ կոռեկտության կոչ եմ անում: Դուք արդեն ունեք վեց նկատողություն, հիմա էլ նկատողություն եք ստանում՝ առանց դատարանի թույլտվության արտահայտվելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար»:
Նախագահող դատավորը Զարուհի Փոստանջյանի միջնորդությունը համարեց առարկայազուրկ և չփաստարկված: Իսկ այն մտահոգությունները, թե փորձագիտական եզրակացություններում մի դեպքում Գագիկ Մկրտչյան, մյուս դեպքում Գագիկ Աբրահամյան է գրված, համարեց տեխնիկական խնդիր: Դատարանն արձանագրեց, որ չկան օբյեկտիվ հիմքեր Զարուհի Փոստանջյանի միջնորդությունը բավարարելու համար:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ