Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Էստուկյան. ««Սպանի՛ր» հրաման տվողներն այդպես էլ չբացահայտվեցին». Ermenihaber

Հունիս 03,2020 12:48

Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր, հայ համայնքի շրջանակներում ճանաչված հասարակական գործիչ Բագրատ Էստուկյանն անդրադարձել է վերջերս Ստամբուլում ատելության հողի վրա իրականացվող հարձակումներին։

Մասնավորապես` հայկական եկեղեցիների նկատմամբ իրականացվող վանդալիստական բնույթ կրող հարձակումներին, ինչպես նաև «Հրանտ Դինք» հիմնադրամին ուղղված սպառնալիքներին անդրադառնալով՝ Բագրատ Էստուկյանն ընդգծել է, որ երկրում առկա ընդհանուր մթնոլորտը հող է նախապատրաստում նմանատիպ հարձակումների և սպառնալիքների համար։

Ատելության հողի վրա իրականացվող հարձակումներն ու սպառնալիքները Էստուկյանի դիտարկմամբ իշխանությունների կողմից թշնամանք սերմանող արտահայտությունների և խոսքերի ուղղակի հետևանքն են։

«Մեկ ամսվա մեջ 2 անգամ եկեղեցու դեմ հարձակում է իրականացվում։ Դրանից հետո «Հրանտ Դինք» հիմնադրամի հասցեին սպառնալիքներ են հնչում։ Սրանք շատ մտահոգիչ երևույթներ են, բայց զարմանալի չեն, որովհետև երկրում առկա մթնոլորտն այս ամենի համար նպաստավոր հող է ստեղծում»,- նշել է Էստուկյանը։

Նա ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ արդեն տարիների ի վեր շարունակվող Դինքի սպանության դատավարության ընթացքում «սպանի՛ր» հրաման տվողներն այդպես էլ չբացահայտվեցին, չդատապարտվեցին և հետևաբար որևէ բան չի փոխվել։

Էստուկյանը շեշտել է, որ անդադար հնչող սպառնալիքներից գուցե երկուսը, երեքը լուրջ վտանգ չեն պարունակում, բայց չորրորդը անպայման ծառայելու է իր նպատակին։

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն էլ նշել էր, որ այս ամենը դիտարկում է որպես հասարակության ինքնադրսևորում։ Նմանատիպ հանցագործություններ իրականացնողներն իրականում խամաճիկներ են և ըստ Փայլանի՝ ատելության այս քարոզը իրականում տարվում է հենց թուրքական իշխանությունների կողմից։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930