Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ Փաշինյանը, հայտարարելով ինքնամեկուսացման մասին, միևնույն ժամանակ բրիֆինգ է կազմակերպում. «Փաստ»

Հունիս 03,2020 11:55

Պատահական չէ, որ մեկնաբանություններ եղան, որ եթե Նիկոլ Փաշինյանը իրոք վարակված է, ապա ամբողջ պետական ապարատը կարող է վարակված լինել, ինչը կարող է շատ վտանգավոր իրավիճակ ստեղծել նաև պետության համար՝ պետական կառավարման տեսանկյունից։

Ինչևէ, սա առաջին դեպքը չէ, երբ որևէ պետության ղեկավար վարակվում է կորոնավիրուսով, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը, ՌԴ վարչապետը ևս վարակվեցին, սակայն նրանց պարագայում եթե հանրության հետ կապի անհրաժեշտություն էր առաջանում, ապա դա կատարվում էր հեռավար եղանակով։

Մարդիկ հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ Փաշինյանը, հայտարարելով ինքնամեկուսացման մասին, միևնույն ժամանակ բրիֆինգ է կազմակերպում փոխվարչապետի ու առողջապահության նախարարի մասնակցությամբ։

Ընդ որում, վերջիններս նույնիսկ ձեռնոցներով չեն: Երեկ էլ երկու այլ պատասխանատուների հետ էր բրիֆինգ կազմակերպել Փաշինյանը: Կարծիքներ են շրջանառվում, որ սրանով վարչապետը մի քանի քաղաքական մեսիջ է հղում հանրությանը:

Առաջինն այն է, որ ինքը նույնիսկ հիվանդության ժամանակ պատրաստ է ծառայել հանրությանը։ Այս հանգամանքը, ըստ տարբեր մեկնաբանությունների, ավելի շատ PR նպատակի է ծառայեցվում՝ ցույց տալու համար, որ իշխանություններն ամեն ջանք գործադրում են համավարակի դեմ պայքարում։

Ի դեպ, այս ասպեկտում արձանագրենք, որ վերջին 10 օրվա ընթացքում պարետատան նիստերից հետո ասուլիս տալիս է հենց վարչապետը՝ ամեն անգամ երկու պաշտոնյայի կցելով որպես «բեք-վոկալ»:

Այսպիսով, փաստացի ստացվում է, որ վարչապետն ամբողջ ընթացքը վերցրել է իր ձեռքը՝ նաև ցույց տալով, որ փաստացի դժգոհ է թե՛ Ավինյանից, թե՛ Թորոսյանից:

Սա պարզ մեխանիզմ է. եթե ամեն ինչ գնալով վատանում է, այսպես թե այնպես, առաջին մեղավորը Փաշինյանն է լինելու:

Իսկ եթե բախտներս բերի ու կարողանանք արագ հաղթահարել այս վիճակը, դափնիները միայն նրան կհասնեն, քանի որ ոչ ոք չկարողացավ գործ անել, մինչև վարչապետն իր բոլոր գործերը թողած՝ արդեն անմիջականորեն չվերցրեց իր ձեռքը նաև պարետատան գործունեությունը:

Մյուս կարևոր քաղաքական ուղերձն այն է, որ եթե վարչապետն ու իր ընտանիքը վարակվել են, ապա որևէ մեկն ապահովագրված չէ վարակվելուց։

Ինչևէ: Դավադրապաշտության տեսությունների պակաս մեր իրականության մեջ չկա: Սակայն մինչ այդ մասնագետներն ավելի ու ավելի մտահոգ ահազանգեր են հնչեցնում: Մասնագիտական կարծիքներ կան, որ իրավիճակն այնպես է ձեռքից բաց թողնվել, որ գուցե երկիրը գնա բնական իմունիզացիայի ճանապարհով, այսինքն՝ այնքան շատ մարդիկ վարակվեն ու ապաքինվեն, մինչև հանրության շրջանում իմունային բարիեր ձևավորվի, որի արդյունքում էլ վարակի հետագա տարածումը ավտոմատ կանգ կառնի։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930