Լրահոս
Օրվա լրահոսը

Համաճարակաբան Արշակ Պապոյան. Բազմաթիվ խելոք մարդկանց, որոնք մի քիչ հասկանում էին համաճարակաբանությունից, մոտ էլ չեն թողնում այդ հարցերին. «Հրապարակ»

Հունիս 03,2020 11:45

«ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համաճարակաբանական հսկողության բաժնի նախկին պետ, համաճարակաբան Արշակ Պապոյանին հարցրինք թեստավորող լաբորատորիաների մասին: Վճարովի թեստերն արգելվա՞ծ են, թե՞ ոչ: Մարդիկ լավ չեն հասկանում: Փաստորեն, ոչ թե երեք լաբորատորիա է դրանով զբաղվում, ինչպես հրամայել է նախարարը, եւ Սամվել Ալեքսանյանի «Նատալին», այլ նաեւ «Վարդանանց» ԲԿ-ն, նաեւ՝ «Պրոմտեստը»: Բայց քաղաքացին չգիտի ում դիմի, որ չասեն, որ արգելված է: «Դա է ոչ մտածված, րոպեի ազդեցության տակ ընդունած որոշումների հետեւանքը, երբ որ մի քանի հոգով որոշել են, որ իրենք ամեն ինչ կարող են անել: Հավատացնում եմ՝ բազմաթիվ խելոք մարդկանց, որոնք մի քիչ հասկանում էին համաճարակաբանությունից, մոտ էլ չեն թողնում այդ հարցերին: Կոնկրետ մեզ մոտ չի թողնում նախարարը, որովհետեւ մեզնից նեղացել է: Գիտեք, երեւի ՁԻԱՀ կենտրոնի պատմության հետ կապված: 80 հոգով գրեցինք, բացատրեցինք, ոչ մեկին դա չհետաքրքրեց»:

Իմունիտետի հարցերով աշխատանքի մեծ փորձ ունեցողներն այսօր դրսում են: Պատճառն այն է, որ նախարար Արսեն Թորոսյանը որոշել է մենակ գործ անել, լավագույն դեպքում՝ ընկերներով: «Մեկի հետ էս հարցով չունի, մյուսի հետ՝ մյուս հարցով: Դրա համար պետք է մի մարդ, որը կարողանա համախմբել բոլորին, ստեղծեն միասնական մոտեցում ու գնան առաջ»,- առաջարկում է Արշակ Պապոյանը:

Գլխավոր համաճարակաբանի պաշտոնը վերականգնելու կարիք չկա:«Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը կատարում է իր առաքելությունը, եւ խնդիրը պաշտոնի մեջ չէ: Վրաստանում էլ գլխավոր համաճարակաբանի հաստիք չկա, բայց տեսեք այնտեղի արդյունքը: Հարցն այն էր, որ առողջապահական համակարգը կարողանա ճիշտ կատարել իր խնդիրները: Երբեւիցե դուք չեք տեսնի, որ Վրաստանում առողջապահության նախարարը խոսի դիմակ-միմակի մասին: Մարդիկ, լուրջ նստած, գործի կազմակերպմամբ են զբաղվել: Իսկ դիմակ կրել սովորեցնելը կարող էին թողնել մասնագետներին: Իրենք պետք է մասնագետների հետ քննարկելով, անեին ավելի լուրջ գործեր, ինչը չեն արել»:

Նա կարծում է, որ մաքուր օդին դիմակ դնել պետք չէ, որ ձեռնոցի էֆեկտը զրո է, որ վարակի հիմնական տարածումը լինում է փակ կոլեկտիվներում, որտեղ կա շփում: «Նույն Իտալիան, Իսպանիան, Բրիտանիան այդպես «պայթեցին»: Բրիտանիայում դեպքերի 1/3-ը եղել է ծերանոցներում, երկրորդ էտապում Իտալիայում վարակի աղբյուր էր հիվանդանոցը, որտեղ շատ մարդ կար, եւ սորտավորումը հնարավոր չէր ժամանակին անել ու կանխել տարածումը: Հիվանդանոցները դարձան տարածման աղբյուր: Կոլեկտիվներն են հիմնական վտանգը՝ նույն կարի արտադրամասերը, որտեղ մեծ քանակով մարդիկ իրար հետ շփվում են ու իրար հետ հաց են ուտում, ինչպես եղավ մեզ մոտ»:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930