Հունիսի 2-ին՝ ուշ երեկոյան, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարման համակարգում տեղի է ունեցել արտակարգ պատահար:
Երևանի Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերի միջև գտնվող խոզաբուծական համալիրը շինարարական աշխատանքներ կատարելիս վնասել է «Վեոլիա Ջուր» ընկերության Մերձավան գյուղը սնուցող ջրատարը, որի պատճառով բնակավայրի ջրամատակարարման համակարգ են ներթափանցել կեղտաջրեր:
Տեղեկանալով կատարվածի մասին բնակիչների ահազանգից՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ առողջապահական նկատառումներով դադարեցրել է Մերձավանի ջրամատակարարումը, դատարկել գյուղի օրվա կարգավորիչ ջրամբարում /ՕԿՋ/ կուտակված ջուրը, ինչպես նաև համակարգի տարբեր կետերից ջրի նմուշառումներ կատարել և ուղարկել լաբորատորիա՝ մանրէաբանական հետազոտության: Այնուհետև մասնագետները ձեռնամուխ են եղել ջրագծի վթարի վերացմանն ու համակարգի ախտահանմանը: Հաշվի առնելով, որ Մերձավանի շատ տնատիրություններում առկա են ջրի պահեստավորման համար նախատեսված տարողություններ, որոնք հնարավոր չէ ախտահանել, ընկերությունը հորդորում է բնակիչներին խուսափել դրանցում կուտակված ջուրն օգտագործելուց՝ անցանկալի հետևանքներից զերծ մնալու համար:
Աշխատանքները տարվել են ամբողջ գիշեր և այս պահին դեռ շարունակվում են: Արդեն իսկ ապահովվել է բնակիչների մեծ մասի ջրամատակարարումն այլընտրանքային խողովակաշարով, իսկ մյուսների կենցաղային նվազագույն կարիքներն այս ընթացքում կբավարարվեն շրջիկ ավտոցիստեռնի միջոցով:
Կարդացեք նաև
Միաժամանակ ձեռնարկվում են միջոցներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու՝ անհրաժեշտության դեպքում իրավասու մարմինների ներգրավմամբ, արտակարգ պատահարի մեղավոր կողմին հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև պատճառված վնասի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը շնորհակալություն է հայտնում Մերձավանի բնակիչներին և համայնքապետարանին՝ ստեղծված իրավիճակին ըմբռնումով մոտենալու և իրականացվող աշխատանքներին ցուցաբերվող աջակցության համար, ինչպես նաև հայցում է նրանց ներողամտությունը ակամա պատճառվող անհանգստության համար։ «Վեոլիա Ջուր»–ը հավաստիացնում է, որ արվում է հնարավորը Մերձավանում ջրամատակարարման համակարգը աշխատանքային վիճակի բերելու, ներկայացվող չափանիշներին համապատասխանող ջրի որակ ապահովելու և ջրամատակարարումը շուտափույթ վերսկսելու համար:
Աշխատանքների ընթացքի և արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Վեոլիա Ջուր