Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը ուղիղ միացման ընթացքում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակմանը, որով նա խնդրում էր օգտատերերին իրենց ուղարկել հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր։ Ըստ Էդմոն Մարուքյանի՝ մեղավորներ փնտրելու ժամանակը չէ։
«Հայաստանում դրանով զբաղվում է իշխանությունը։ Հայաստանում իշխանությունը իր բուն գործը թողած, որ ինքը պետք է զբաղվի համավարակի դեմ պայքարով՝ հասկանալով միգուցե, որ մեղավոր են փնտրելու ինչ-որ պահից սկսած, սկսվել է ով է մեղավոր արշավը։ Եվ ո՞վ է մեղավոր, ամենահեշտը մարդկանց վրա բարդելն է»,- ասաց նա։
Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ վարչապետը այդ նկարները պետք է ներկայացներ պարետատան նիստի ընթացքում, այլ ոչ թե դրանք հրապարակեր։ Նա կարծում է, որ լավ ապրող մարդիկ են հիմնականում կողմ նրան, որ ամեն ինչ կրկին փակվի, և մարդիկ ընդհանրապես դուրս չգան. «Ժողովուրդ ջան, եկեք դադարացնենք մեղավորներ փնտրելը, ընդհանրապես հիմա պետք չի մեղավորներ փնտրել։ Հիմա պետք է զբաղվել գործով, պետք է պայքարել համավարակի դեմ։ Մեղավորների տեղը մենք գիտենք, և ժամանակը կգա, կարծում եմ, քննիչ հանձնաժողով կստեղծվի խորհրդարանում, երևի թե ոչ այս խորհրդարանում, որովհետև այս մեծամասնության հետ գուցե անիմաստ է։ Բայց կստեղծվի նման հանձնաժողով և կպարզվի՝ ո՞վ է մեղավոր, ինչը մենք գիտենք։ Մեղավոր են նրանք, ովքեր առաջին իսկ օրից անլրջացրել են համավարակի առկայությունը, դրա լրջությունը, ու դրա արդյունքում կարող են մարդիկ մահանալ։ Եվ երբ որ ամեն բան անլրջացվել է, հետո երբ փորձ է արվում ամեն բան լրջացնել, չի ստացվում, որովհետև մարդիկ չեն լսում»։
https://www.facebook.com/marukyan.edmon/videos/247383283232158/
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ