Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության վերջին եւ գլխավոր առաքելությունը

Հունիս 03,2020 12:30

Հեղափոխությունները լինում են տարբեր: Պարտադիր չէ, որ նրանք ուղեկցվեն իշխանափոխությամբ: Պատմությունը գիտի դեպքեր, երբ գործող իշխանությունը կամ առկա համակարգը իր մեջ ուժ ու վճռականություն է գտնում գնալ ցավոտ, սակայն խիստ անհրաժեշտ արմատական բարեփոխումմերի: Նման հեղափոխություններ կարող են տեղի ունենալ նույնիսկ ամբողջատիրական հասարակություններում` առկա համակարգի ներսում: Սակայն երբ բարեփոխումները հասունանում են, իսկ իրականությունից կտրված կամ առաջընթացին դիմադրող իշխանավորները հրաժարվում են փոփոխություններից, հասարակությունը բռնի ուժով պարտադրում է դրանք եւ այդ պարտադրանքը հաճախ նաեւ ուղեկցվում է իշխանափոխությամբ:

Բարեփոխումներն ու առաջընթացը պետք է լինեն հեղափոխության հիմնական հետեւանքը, հակառակ դեպքում այն իմաստազուրկ է: Եվ իշխանափոխությունը դեռ հեղափոխություն չէ, եթե չի ուղեկցվում հասարակական կյանքի արմատական բարեփոխմամբ:

Բազմիցս անդրադարձել ենք անկախությունից հետո մինչ օրս կառուցվող պետության սխալ մոդելին: Պետության եւ հասարակության կազմակերպման նեոլիբերալ գաղափարախոսական հոսանքը եւ հանրության մեջ արմատացած դոգմաները ձախողել են արդյունավետ եւ ժամանակակից պետություն կառուցելու քայլարշավը եւ պետությանը հարկավոր է զարգացման նոր մոդել, նոր տեսլական, անհրաժեշտ է իրական պետություն կառուցելու խնդրի լուծման համար նոր աշխարհայացք:

Շատերին դեռ 2018 թվականի գարնանն ակնհայտ էր, որ իշխանության եկող նոր հոսանքը, ունենալով հինը քանդելու նպատակ, միաժամանակ չունի եւ չի կարող ունենալ նորը կառուցելու կարողություն: Ենթագիտակցորեն եւ հաճախ` բնազդորեն հասկանալով, որ ինչ-որ բաներ նախկինում արվել են ոչ ճիշտ, իշխանական նոր խմբավորումը չունի բարդագույն խնդիրների խորքային պատկերացումներ, պրոբլեմների իրական ախտորոշում, դրանց պատճառների բացահայտում, իսկ պատրաստվածության բացակայությունը թույլ չի տալիս գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ, առավել եւս` լուծումներ:

Եվ հենց դա է պատճառը, որ իշխանափոխությունը չուղեկցվեց բազմաթիվ ոլորտների այդքան անհրաժեշտ բարեփոխումներով, որոնց ամբողջությունը կարելի էր անվանել հեղափոխություն: Անփորձության պատճառով աղավաղված են ընկալվել պատճառահետեւանքային կապերը եւ խառնվել առաջնայինն ու երկրորդականը: Չհասկանալով եւ չընկալելով խնդիրները, նոր իշխանությունը չկարողացավ կազմաքանդել հին արատավոր համակարգի հենասյուները:

– Չի փոխվել պետական կառավարման համակարգի փիլիսոփայությունը, այն այդպես էլ մնաց թույլ պետության մոդելի անզոր պետական համակարգ, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում ի վիճակի չէ լուծել լուրջ խնդիրներ:

– Որեւէ քայլ չի արվել կիսակրիմինալ ու կիսագրագետ ՏԻՄ համակարգը վերացնելու եւ նոր վարչատարածքային բաժանմամբ նոր արդյունավետ տեղական ինքնակառավարում ձեւավորելու համար:

– Չի սանձվել պետությանը չծառայող ֆինանսական կառավարման համակարգը, որը վաղուց երկրի տնտեսության իրական ստվերային կառավարիչն է: Սրա ապացույցը տեսնում ենք ամեն օր, այդ թվում` վերջին հակաճգնաժամային միջոցառումներում:

– Տուրք տալով ֆինանսական համակարգի շանտաժին եւ չտիրապետելով իրավիճակին, այս կառավարությունը ամբողջությամբ գործադրեց նախկինից ժառանգած կուտակային կենսաթոշակային համակարգը, վախենալով պետությանն ու ժողովրդին վերադարձնել արդեն տարված միլիարդավոր դրամներ եւ պետական բյուջեից տարեկան մսխելով 70 միլիարդ դրամ (եւ այդ թիվն ամեն տարի աճելու է):

– Էներգետիկայում կոռուպցիոն եւ ստվերային հոսքերը վերացնելու եւ ներքին ահռելի ռեսուրսները բացահայտելու փոխարեն, պարբերաբար այլ պետության ղեկավարությանը խնդրվում  է իջեցնել գազի սակագինը սահմանին (նախկինները դա անում էին, որպեսզի ներսում ունենային «ռեսուրսներ», սակայն պարզ չէ, թե ինչի է այս իշխանությունը դա անում):

– Հակամենաշնորհային քաղաքականության եւ իրական տնտեսական մրցակցության ապահովման փոխարեն գերադասվեց պարզապես հայտարարել մենաշնորհների բացակայության մասին:

– Հարուստների եւ աղքատների միջեւ ահռելի տարբերությունը կրճատելուն ուղղված քաղաքականության փոխարեն պրոգրեսիվ հարկային համակարգը փոխարինվեց համահարթ համակարգով, որը պարգեւատրումներին զուգահեռ էլ ավելի բարձրացրեց հենց իրենց` բարձրաստիճան պետական պաշտոնյաների եւ բարձր վարձատրվող ֆինանսական եւ հանքահումքային ոլորտի ղեկավարության եկամուտները:

– Ազգային փոխադրող ունենալու մասին վարչապետի հայտարարություններին հետեւեց լրիվ հակառակ քայլը` նախկիններից ժառանգած «բաց երկնքով» ձախողված պատկերը էլ ավելի խորացավ արտոնությունների միջոցով «բյուջետային» փոխադրողների մուտքով:

– Բազմաթիվ ոլորտներում պետական մասնակցության վերականգնման փոխարեն առաջարկություններ են շրջանառվում մասնավորեցումների վերաբերյալ (այդ թվում` առողջապահական ոլորտի կազմակերպությունների): Բարեբախտաբար, գոնե քաղաքապետարանը սկսեց շահագործել աղբահանության մունիցիպալ ընկերություն:

– Նոր իշխանությունը չիրականացրեց նաեւ իր կողմից հռչակված ամենակարեւոր եւ առանցքային առաքելությունը` ապօրինի ձեռք բերված գույքի եւ ապօրինի հարստացմամբ ստացված եկամուտների վերադարձը պետությանը, քանի որ խոսելով թալանի եւ կոռուպցիայի մասին, այդպես էլ չի պատկերացնում (կամ չի ցանկանում իմանալ) դրանց իրական մեխանիզմներն ու ճանապարհները:

Պետության նոր մոդելի եւ նոր պետական կառավարման համակարգի ձեւավորման աշխատանքն իշխանություններն ամբողջությամբ տապալել են, որի կարողությունը, ըստ էության, ոչ էլ ունեցել են: Միայն պետությունը եւ պետական համակարգը չճանաչողները կարող էին (կամ կարող են) ակնկալել, որ տվյալ թիմն ի վիճակի կլինի այս ծանրագույն առաքելությունը հաջողել:

Այո, այս իշխանության թիվ մեկ առաքելությունը պետք է լիներ հին համակարգի կազմաքանդումը, սակայն այն կազմաքանդելու համար հարկավոր էր երկու կարեւոր պայման` նախ հասկանալ հին արատների խորքային արմատները եւ ունակ լինել զուգահեռաբար կառուցել նոր համակարգեր, քանի որ հնի վերացման լավագույն ձեւը նորի կառուցումն է:

Սակայն ձախողելով այս ամենը, իշխանությունն ունի եւս մեկ ոչ պակաս, իսկ գուցե ավելի կարեւոր առաքելություն:

Անկախության 30 տարվա ընթացքում Հայաստանում երբեք ընտրություններով իշխանափոխություն տեղի չի ունեցել: Եղել է իշխանության փոխանցում երկրի մեկ ղեկավարից մյուսին, իսկ դրան հաջորդող ընտրությունները պարզապես ամրագրել են առկա պատկերը: Նույնը տեղի ունեցավ նաեւ այս անգամ:

Իր ելույթներից մեկում վարչապետը հայտարարել էր, որ հեղափոխությունը կհամարի վերջնականապես հաղթանակած, երբ ընտրություններով իշխանությունը կզիջի այլ քաղաքական ուժին: Ողջունելի է այդ իսկապես կարեւորագույն հարցի ընկալումը: Սակայն այստեղ կա մեկ նախապայման: Շատ կարեւոր է ոչ միայն այն, որ վերջապես մի օր Հայաստանում ընտրություններով տեղի ունենա իշխանության փոխանցում, այլ նաեւ այն, թե ով է գալու իշխանության եւ ինչի համար: Հաջորդ իշխանությունը պետք է իսկապես լինի նորը եւ այն պետք է լինի գաղափարական, ծրագրային, քաղաքական եւ ավելի լավը, քան բոլոր նախկինները: Իսկ եթե ընտրությունների արդյունքում իշխանության գալու են հին գաղափարախոսության կրողները կամ տեղի է ունենալու աթոռի փոխանցում սեփական թեկնածուին, ապա դա ոչ միայն կդառնա նոր հիասթափությունների, այլ նաեւ նոր արտագաղթի պատճառ:

Հայաստանում անկախությունից հետո մշտապես ջարդվել է քաղաքական համակարգը, իսկ գաղափարական ծրագրային պայքարը փոխարինվել մերձքաղաքական գործարքներով, այդ թվում` իշխանության փոխանցմամբ:

Անդեմ, անսկզբունք, ոչինչ չիմացող ու ոչինչ չհասկացող, սակայն քծնանքի կամ ժամանակին կողմնորոշվելու հոտառությամբ եւ ճամբարափոխման հատուկ «տաղանդով» օժտված գորշ զանգվածը տարիներ շարունակ վարկաբեկեց «քաղաքականություն» հասկացությունը Հայաստանում:

Քաղաքական գործիչը պետք է ունենա սկզբունքներ, գաղափարներ, լինի դրանց կրողը եւ հետեւողականորեն իրագործողը։ Սակայն քաղաքական դաշտի շարունակական անապատացման պայմաններում քչերն են համապատասխանում սույն սահմանմանը: Մարդիկ դադարել են քաղաքական գործունեությամբ զբաղվել։

Քաղաքական պայքարը վերածվեց պայքարի հանուն «կոտլետի» (ինչպես իր հայտնի ելույթներից մեկում բնութագրել էր լուսահոգի Վահան Հովհաննեսյանը)։

Քաղաքական դաշտում մարդիկ ոչ թե սկզբունքներ ու ծրագրեր էին առաջ տանում, այլ աշխատում էին` «իշխանական» կամ «ընդդիմադիր», քծնող կամ քննադատող, եւ այդ ամենը ոչ թե հանուն գաղափարի, այլ անձնական բարեկեցության։

Քաղաքական անսկզբունք դատարկ դաշտը լցվեց ոչ պակաս անսկզբունք «քաղհասարակությամբ»։ Այդ հատվածի գերակշիռ մասը (անշուշտ` ոչ բոլորը) ոչ թե իրավապաշտպան, բնապահպան, այս կամ այն հարցով ակտիվիստ են, այլ հատուկ պատվերով աշխատում են «բնապահպան», «իրավապաշտպան» կամ «ակտիվիստ»։ Մարդիկ ոչ թե իսկապես պայքարում էին կուտակայինի, Ամուլսարի, քաղաքաշինական ու բնապահպանական այլանդակությունների, բյուջետային մսխումների կամ անարդարությունների դեմ, այլ գործում էին պատվերի, քաղաքական նպատակահարմարության կամ անձնական շահի թելադրանքով։

Քաղաքական եւ հասարակական համակարգերի այդ ջարդի արդյունքում է, որ Հայաստանում չձեւավորվեց դասական գաղափարական քաղաքական կուսակցությունների համակարգը, իսկ վերջին ընտրություններում Ազգային ժողով անցան պոպուլիստական կուսակցություններ:

Հայաստանի բազմաթիվ խնդիրներ չեն լուծվելու` դրա համար անհրաժեշտ է, որ լինեն դրանք լուծողները (հակահամաճարակային քաղաքականության տապալումը պատահական չէ): Սակայն եթե այս իշխանությունը կարողանա ձեւավորել առողջ քաղաքական համակարգ, որը կապահովի իրենից հետո նոր արդյունավետ իշխանության ձեւավորումը, հանրության հանդարտացումը եւ պետության կայուն զարգացումը, ապա կարող ենք ասել, որ պատմական մեծագույն առաքելություններից մեկը կատարված է: Իսկ եթե հերթական անգամ իշխանությունը հանձնվեց նույն մեխանիզմների միջոցով կամ տեղի ունեցավ հնի վերադարձ, որի օբյեկտիվ հավանականությունը բացակայում է եւ հինը գործոն է բացառապես ներկայիս իշխանության կողմից արհեստական կռիվ հրահրելով, ապա ներկաները պատմության մեջ կմնան որպես երկրի ամենաձախողված ու ամենախայտառակ իշխանությունը:

Այսօր ներկաները բազմաթիվ ոլորտներում շարունակում են նախկինների վարած նույն քաղաքականությունները: Ստացվում է, որ քաղաքական պայքարն իրականում ընթանում է հանուն «կերակրատաշտի», որը նորերը որեւէ կերպ չեն ցանկանում զիջել ուրիշներին: Գաղափարախոսությունների, ռազմավարությունների, ծրագրերի կամ քաղաքականությունների պայքար այսօր տեսնելու համար պետք է ունենալ վառ երեւակայություն:

Հասարակության մի մասը դեռ չի ուզում հավատալ, որ այս ամենը ընդամենը կռիվ է հանուն «լափամանի», որը պինդ բռնել են «հեղափոխականները»: Մտածող հատվածը դեռ հույս ունի, որ իրականում չկա անձայն համաձայնություն նախկինների եւ ներկաների միջեւ` շարունակել բաժանել հասարակությունը սեւերի ու սպիտակների, «պիցցայակերների» ու «սորոսականների» եւ այլն։ Գուցե դա ձեռնտու է ռեւանշիստներին կամ ներկայիս կարիերիստ պաշտոնյաներին, բայց դա պետք չէ պետականությանը։ Առողջ քաղաքական համակարգի եւ խաղաղ ու իրական իշխանափոխության խնդրով իշխանությունը պետք է զբաղվի հենց այսօր: Այո, ձախողեցին ամեն ինչ` հին համակարգի կազմաքանդումից մինչեւ կորոնավիրուսի դեմ պայքար, բայց պատմությունը բազմաթիվ սխալներ, մեղքեր, մսխումներ եւ այլն, կների միայն մի դեպքում` եթե իշխանությունը կատարի իր վերջին առաքելությունը` իրենից հետո գա ավելի լավ իշխանություն, որը չի լինի հին արատավոր համակարգի գաղափարական կրողը եւ ունակ կլինի կառուցել նոր ժամանակակից պետություն` նոր մտածելակերպով ու աշխարհայացքով։

Իրատեսները չեն հավատում իշխանության իմաստնության ու խոհեմությանը: Ներկա պաշտոնյաները մտածում են, որ դեռ ժամանակ կա, սակայն չարաչար սխալվում են: Նախկիններն էլ էին մտածում, որ դեռ շատ ժամանակ ունեն, սակայն ճակատագիրը հաճախ այդ հնարավորությունը չի տալիս: Ոմանց իշխանական առանձնասենյակներից եւ առանձնատներից շատ բաներ լավ չեն երեւում: Կյանքը ցույց է տալիս, որ լինել սկզբունքային եւ գաղափարական, լինել օբյեկտիվ եւ անաչառ` անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, ցավոք, տրված է ոչ բոլորին:

Իրենից հետո նոր ու ավելի պատրաստված քաղաքական թիմին իշխանություն հանձնելը ցանկացած իշխանության համար ոչ պակաս կարեւոր առաքելություն է, քան իրենց օրոք գրանցված նվաճումները: Ժամանակին, գեղեցիկ ու գրագետ հեռանալը նույնպես արվեստ է: Եթե չեք հավատում, ապա հարցրեք այդ ամենով անցած նախկին իշխանավորներին: Իրենք կհաստատեն:

Արա ՆՌԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930