Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսանելի հարստության» ցինիկ հարկը

Հունիս 03,2020 14:00

«Առավոտը» դիմել է տնտեսագետ, ԵՊՀ դասախոս Մերուժան Հարությունյանին՝ գույքահարկի օրենքում փոփոխությունների մեկնաբանման համար:

Տեսանելի հարստության հարկը 300%-ով ավելացնելու օրենքը ճոխության դեմ պայքարի օրենք չի, ոնց որ միամիտներն են մտածում: Ճոխությունը հարկելու օրենքը լրիվ ուրիշ է, սա հարկում է միայն «իսկական» ճոխությունը, այնինչ տեսանելի հարստություն կարող է համարվել ամեն ինչը, ամեն տեսակ ունեցվածքը: Իմիջիայլոց, պատգամավոր Մանե Թանդիլյանն ասում է, թե ճոխության հարկը կար, ու որ դա բոլորովին չի փոխվել, չնայած վարչապետը էնպես է ներկայացնում, թե իբր էս նոր օրենքով հենց ճոխությունն են հարկում: Դաժան իրականությունը էն է, որ էս նոր օրենքով հենց աղքատությունն ու թշվառությունն են հարկում: Մինչեւ էսօր «տեսանելի հարստություն» տերմինը չէի լսել, ու էս հարկի անունը ուղղակի «գույքահարկ էր», ինչին ժողովուրդը ասում էր «տան հարկ» (կար նաեւ «հողի հարկ»):

Իսկ էս նոր տերմինը, էս տեսանելի հարստությունը ու մեկ էլ «մինչեւ 3 միլիոն շեմը վերացնելու» բառերը նշանակում են, որ եթե անգամ սկզբունքով մի տեսանելի հարստություն ունեք, օրինակ, կահույք կամ մեքենա, կամ նույնիսկ ձեր հագին մի զույգ կոշիկ ունեք, պետերի խումբը իրավունք ունի ձեզ հարկելու դրա համար (չեմ ասում, թե կհարկի, բայց եթե վարչապետը խոսում է սկզբունքից, ես էդ նույն սկզբունքից խոսելու իրավունքը ինչո՞ւ չպիտի ունենամ): Կհարկի, կամ ինչքա՛ն կհարկի, թե՞ էնքան «գթասիրտ» կըլնի, որ քիչ կհարկի, կամ չի հարկի, չգիտեմ, բայց իրավունքը կունենա՛, սկզբունքո՛վ կունենա: Գույքահարկը խլում են բոլո՛ր ընտանիքներից, խլում են մենակ էն պատճառով, որ ընտանիքը ՏՈՒՆ ՈՒՆԻ, բոմժ չի: «Տեսանելի հարստություն ունե՞ս, հա՞, հա՛րկ տուր: Տուն ունե՞ս, ոնց թե, ի՞նչ իրավունքով, ինչո՞ւ բոմժ չես, ուրեմն հարկ տուր: Ավտո ունե՞ս, հարկ տուր, «ո՞վ է եկել էս սարն ու քեզ ավտո ունենալու իրավունքը տվել, հը՞»: Սա է էս հարկի էությունը, թեկուզ սա կիրառած լինի «38 առաջավոր երկիր» (ոնց որ պրն Ջանջուղազյանն ասաց: Չտեսանք մի անգամ, որ մերոնք էս «առաջավոր երկրներից» մի ժողովրդին իրոք օգուտ տվող բան վերցնեն, օրինակ, շարքային մարդու ռոճիկի չափը բերեն ու մեր մոտ էլ ներմուծեն): Բայց վարչապետն ու իր կառավարությունը սրա ոչ պաշտոնական անունը դրել են «ճոխության հարկ», որ շարքային մարդկանց թալանելու ափաշկարա իրենց բռնությանը օլիգարխների դեմ պայքարի ձեւ տան: Ավելի ցինիկ օրենք պատկերացնելն անհնար ա, գոնե ի՛նձ համար: Սրանից կուտակված գումարը վիթխարի ա, որովհետեւ ՀՀ-ում վիթխարի քանակով տուն կա, սովորական, շարքային տուն, ինչի տերերը էդ տները սարքել են իրենց հալալ քրտինքով, էստեղ ճոխության ոչ մի հարց չկա: Էս հարկով օլիգարխներից վերցրածը ամենաքիչը 10-100 անգամ քիչ կըլնի ժողովրդին թալանածից: Էս հարկը առաջին հերթին խփելու է հենց աղքատներին ու մի կերպ յոլա գնացողներին, բայց մեր պետերին սա մազաչափ անգամ չի անհանգստացնում, որովհետեւ, ինչպես վարչապետն է ասում, էստեղ կարեւորը սկզբունքն է: Ես չեմ ասում, թե հարկը անպայման վատ բան է կամ հարկերը պիտի վերացնեն: Էսօր հարկերը պետք են, որ նախ երկրի պաշտպանությունը կազմակերպվի: ՀՀ-ի ամեն մի քաղաքացի էլ, առանց որեւէ հարկադրանքի, պաշտպանության հարկը ու կարեւորագույն ծախսերի համար հարկերը կտա, կտա կամավոր, եթե էս հարկերի չափը խելամիտ լինի:

Բայց ԲՌՆԻ հարկը թալան է, ոնց էլ սրան նայես: Երբ Պետրոսը Պողոսի ունեցվածքը զոռով է խլում, խլածի չափն ու կարիքն էլ ինքն է որոշում, ու երբ Պողոսը հրաժարվում է իր ունեցվածքը տա Պետրոսին, ու Պետրոսը Պողոսին տանում ու բանտարկում է իր նկուղում, բոլորս էլ կհամաձայնենք, որ սա թալան է, լկտի թալան, վայրենի բռնություն, ինչքան էլ Պետրոսը հիմնավորի, թե էս լկտի բռնությունը անում է հանուն Պողոսի բարօրության: Ճիշտ նույն ձեւով էլ չինովնիկների հարկերն են թալան, որովհետեւ էս հարկերի կարիքն ու չափը էս չինովնիկ Պետրոսներն են ինքնակամ հիմնում ու սրանց չափերն էլ իրենք են որոշում, ԱՌԱՆՑ, ՕՐԻՆԱԿ, ՀԱՆՐԱՔՎԵՈՎ ՊՈՂՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՆԱԼՈՒ: Ու ի՛նչ էլ ասեն չինովնիկ Պետրոսները, թալանը չի դառնա բարի բան: Ու երբ վարչապետը ասում է, թե էս օրենքով իբր հաստատվում է Պողոսի հարկվելու սահմանադրական իրավունքը, ընդամենն ասում է,  թե Պողոսը թալանվելու սահմանադրական իրավունք ունի: Եթե սա չի ցինիզմը, ուրեմն, հայտնի չի, թե ցինիզմը ինչ է:

Վարչապետը նաեւ ասում է, թե էս նոր հարկը (իմա՝ թալանը), ի վերջո, սոցիալական արդարություն է հաստատում, ու սա հիմնավորելու համար էլ ավելացնում է, թե իբր պետության բյուջեն ոչ միայն չինովնիկների սեփական գրպանն է, այլեւ հենց Պողոսներինը, ուրեմն Պողոսները պիտի երջանիկ լինեն ու փառք տան, որ էս գրպանը լցվում է: Նույն բանն են ասում նաեւ վարչապետի մոլեռանդ պաշտպանները, հետն էլ ավելացնում են, ասելով ինձ, թե. «Դո՞ւ խի ես դարդ անում, դղյակ ունե՞ս, թե՞ հյուրանոց»: Հիմի տեսնենք, թե իմ էս պետական գրպանը ո՛նց է լցվում: Ես մի փոքր տուն ունեմ, դեմն էլ մի փոքրիկ պարտեզ, ու մինչեւ հիմա տալիս էի ամեն մեկի համար տարին մոտ 6500 դրամ գույքահարկ ու հողի հարկ, իսկ երբ էս հարկը աճի 4,3 անգամ, պիտի տամ մոտ 55000 դրամ, ինչը համարյա իմ ամսական թոշակն է (կինս երրորդ կարգի հաշմանդամ է ու մի փոքրիկ թոշակ ունի, իմինի կեսը): Էհ, ուրեմն ես է՛լ եմ երջանիկ, ու բացականչում եմ. «Փառք քեզ, Տեր Աստված, որ վարչապետը հոգում է իմ բարեկեցության համար, վերականգնում է հարկվելու (իմա՝ թալանվելու) իմ սահմանադրական իրավունքը, ու իմ գրպանից իմ մի ամսվա թոշակը հանում է ու դնում է պետության գրպանը, զի սա նորից ի՛մ գրպանն է»:

Բայց երբ ես տեսնում եմ, որ իմ էս գրպանից չինովնիկները վիթխարի ռոճիկ ու պարգեւավճար են ստանում, երբ տեսնում եմ, որ չինովնիկները բազում իզուր ծախսեր են անում, «իմ էս գրպանից» վարկ են տալիս ում իրե՛նք են ուզում, երբ տեսնում եմ, որ էս իմ գրպանի փողից ինձ ոչ մի բան չի հասնում (կամ մեկ-մեկ մի քանի կոպեկ են շպրտում, որ իրավունք ունենան ասելու, որ ինձ է՛լ է հասնում), ես նորից աչքերս հառում եմ Բարձրյալին ու բացականչում. «Բարեգութ Աստված, հանկարծ վարչապետին չդարձնե՛ս ավելի հոգատար, որովհետեւ եթե վարչապետը դառնա ավելի հոգատար ու մի թափ էլ չորս ու երեք տասնորդական անգամ շատացնի իր էս երջանիկ հարկը, արդեն գրպանիցս դուրս կգա կես տարվա թոշակս, ու ես, ստիպված, պտի մի կերպ թաղմանս ծախսի փողը հավաքեմ»: Պետական թալանի էս նոր օրենքի մանրամասները դեռ հայտնի չեն, օրինակ, խոսք կար, որ «տեսանելի հարստությունը» պիտի գնահատվի շուկայական չափանիշներով եւն: Ինչ էլ լինեն էս մանրամասները, ես միայն վատն եմ սպասում:

Վատն եմ սպասում, որովհետեւ հայտարարվեց, որ մենք էս հարկի, այսինքն, էս պետական թալանի ծավալներով «38 առաջավոր երկրից» հետ ենք, բա: Վա՛յ, վա՛յ, վա՛յ, ո՞նց կլինի, ախր «38 առաջավոր երկիր» կա, ովքեր իրանց ժողովրդին մեզնից շատ են թալանում: Չէղա՛վ, էսպես չի լինի, հետ մնացինք, չորս տարում տանք ու հասնենք էս «38 առաջավոր երկրին»: Որ աշխատավարձերով էս «38 առաջավոր երկրից» հետ ենք, ոչինչ, բան չկա, փոխարենը պարգեւավճարներով սրանցից հետ չենք: Իսկ էս սպասածս վատն էլ էն կլինի, որ երեւի խեղճերից ոմանց համար գույքահարկը ավելանա ոչ թե 4 անգամ, այլ 6-10 անգամ, երբ որ կադաստրը նորից գույքագրի անհատների ունեցվածքը (իմիջիայլոց, գույքագրելու էս նոր արդյունքները կնշանակեն, որ հին թվերը, նաեւ նոր իշխանությունների ժամանակ արվածները, լրիվ կեղծիք են եղել):

Մի ուրիշ բան էլ կա: Վարչապետը ասեց, թե «տեսանելի հարստության» մի մասի հարկը չնչին է լինելու ու միայն հոգեբանական նշանակություն է ունենալու: Լավ, չնչին է, չանեիք, հը՞: Բայց չէ, հասկանում եմ: Ժողովուրդը պետք է լիակատար ճորտի հոգեբանություն ձեռք բերի, որ երբ ապագայում էս չնչին հարկը տասնապատիկ կամ հարյուրապատիկ շատացնեն, չհասկանա, որ չինովնիկ Պետրոսը թալանը շատացնում է, շատացնելը բնական համարի ու չբողոքի: Էս օրենքի նախագծի քննարկությունից երեւում է, որ վարչապետը պրոգրեսիվ հարկ (նաեւ ճոխության արդեն իսկական հարկ) մտցնելու վիթխարի ախորժակ ունի, երեւի հետեւելով «38 առաջավոր երկրին»: Չեմ կարծում, որ մեր իշխանավորներին անհանգստացնի էն «առաջավոր երկրների» դառը փորձը, ովքեր համոզվել են, որ էս էրկու հարկն էլ խիստ կրճատում են ամենայն բարիքի արտադրությունը, ու ստիպում են, որ կապիտալն ու ներդրողները երկրից փախնեն ա՛յն երկրները, որտեղ այս հարկերը չկան (հիշենք Շվեդիայի ու Ֆրանսիայի օրինակները ու, օրինակ, Դեպարդիեին):

Երբ 2018 թվին ասում էի, որ եթե էս անբարո սահմանադրությունը դեն չշպրտեն ու մի նոր, 10-15 էջանոց պարզ ու բարոյական սահմանադրություն չընդունեն, էս նոր իշխանավորները վերջը կդառնան նախորդների պես, չէին հավատում: Հմի վախում եմ, որ էս նոր իշխանավորների անբարոյությունը իր նոր որակներով տա ու նախորդներին էլ անցնի: Բայց սա արդեն ուրիշ ու ծավալուն հարց է, ու սրանից շատ եմ խոսել թե՛ «Առավոտ» թերթում, թե՛ վարչապետին գրած իմ 5-6 նամակում, որոնք մի բառ պատասխանի էլ չեն արժանացել: Արդեն վերջնական եմ համոզվում, որ «պետություն կոչված» պետերի խումբը, այսինքն, չինովնիկ Պետրոսների խումբը, իր էությամբ լրի՛վ է հակադիր ժողովրդի շահերին: Ուրեմն, էս խումբը ինչքան փոքրաթիվ լինի ու ինչքան ավելի զուրկ լինի իրավունքներից, էնքան ժողովրդի համար ավելի լավ կլինի:

Մի բանը հաստատ է, կառավարությունը պիտի օրենսդրական նախաձեռնության իրավունքից լրիվ զրկվի, որովհետեւ կառավարության բոլոր օրենքներն էլ պաշտպանում են միայն չինովնիկների շահերը ու անպայման են խանգարում բարիք ստեղծող ու ծառայություն մատուցող անհատներին: Սրանց հետ էլ հենց հիշում եմ կառավարության էս կորոնավիրուսային անհեթեթ ու տնտեսություն կործանող օրենքներն ու գործունեությունը, համոզվում եմ, որ կոտրած տաշտակը հետ ա գալիս ու վախենամ, որ ավելի քանդուքարափ վիճակում: Ափսոս:

Մերուժան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵՊՀ դասախոս

«Առավոտ» օրաթերթ
02.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930