Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր դասագիրք՝ «Ներառական կրթության ռազմավարությունը»

Հունիս 03,2020 13:00

Հայկական պետական մանկավարժական եւ Մինեսոտայի համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի համագործակցության  արդյունքում վերջերս հրատարակվել է «Ներառական կրթության ռազմավարությունը» վերնագրով դասագիրքը։

15 գլխից բաղկացած գրքում հանգամանորեն ներկայացված են ներառական կրթության ռազմավարության քայլերը, որոնց հիմքում գործակցող բարձրագույն կրթական հաստատությունների փորձագիտական ձեռքբերումներն են:

Ինչ գործիքակազմ եւ մեթոդներ պետք է կիրառի ուսուցիչը հատուկ կարիքներ ունեցող երեխաներից կազմված դասարանում, որ ներառումը հստակ ու դյուրին լինի, որ ներառական կրթության ընթացքում հնարավորինս վերանան հանդիպող խոչընդոտները, որ ստեղծվի համապատասխան միջավայր:

Անընդհատ փոփոխվող հասարակությունում ներառական կրթության ասպարեզում օրեցօր մեծանում է հստակ ռազմավարության եւ չափորոշիչների մշակման պահանջը, որը կտա առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթական ու սոցիալական մի շարք խնդրահարույց  հարցերի  պատասխաններ, ձեռնոց նետելով ժամանակի մարտահրավերներին: Այստեղ պետք է կարեւորել ոչ միայն  ուսուցիչների կրթությունը եւ վերապատրաստումները, դպրոցների սոցիալական ու ֆիզիկական միջավայրի հարմարեցումները, այլեւ  ծնողների ակնկալիքներն ու մոտեցումները. սա հեղինակների անվերապահ մոտեցումն է իրենց իսկ առաջադրած խնդիրներին:

Գաղտնիք չէ, որ հայաստանյան հասարակությունում մշտապես  արծարծվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, հանրակրթության ոլորտի ուսուցիչների, բազմամասնագիտական թիմերի, ինչպես նաեւ դպրոցների տնօրենների եւ ծնողների առջեւ ծառացած  հարցեր։ Դասագրքում բերված  փորձը,  ըստ որի՝  ամերիկյան կրթական համակարգը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բացառումից անցել է սովորական համակարգում նրանց ինտեգրմանը, հայ ընթերցողին կօգնի  հասկանալ եւ հաղթահարել վերոհիշյալ խնդիրները: Ձեռնարկի հեղինակների մոտեցումները եւս կխթանեն Հայաստանում ներառական կրթության ռազմավարության ընկալմանն ու ներդրմանը, հատկապես, որ  գրքում բերված օրինակների հիմքում նման երեխաների հետ աշխատանքի փորձառությունն է:

«Ներառական կրթության ռազմավարությունը» դասագրքի խմբագիրներից մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիաննա Հարությունյանը վստահեցնում է, որ գիրքը արժեքավոր է այն տեսանկյունից, որ  հայ ընթերցողին ներկայացնում է փաստերի բացառիկ հրապարակումներ, միաժամանակ  այն առումով, որ բազմամասնագիտական թիմին կօգնի համակարգային մոտեցում ցուցաբերել այն աշխատանքին, որին կոչված է:

ՀՊՄՀ ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանն էլ կարեւորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքում համատեղ ջանքերով լավագույն արդյունքի հասնելու հանգամանքը: Հավելենք, որ գրքի ստեղծմանը մեծապես աջակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

Սիլվա ԱՍՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930