Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտ թշնամական գործողություն եւ պատերազմի քարոզչություն

Հունիս 03,2020 12:00

Պաշտոնական Երեւանը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի վերադարձ ապահովի այն մթնոլորտին, որը ձեւավորվել էր ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի նկատմամբ:

Ադրբեջանի իշխանություններն ակնհայտորեն անցել են պատերազմի քարոզչության ծավալմանը՝ նորանոր «բարձունքներ նվաճելով» այդ քարոզչության իրականացման ճանապարհին:

Այդ երկրում արդեն մի քանի շաբաթ բաց իրականացվում է ռազմատենչ քաղաքականություն ընդդեմ Արցախի ու Հայաստանի Հանրապետության:

Մայիսի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել Ադրբեջանի պաշտպանական համակարգի ղեկավար կազմի հետ, որի ընթացքում հիշեցրել է ավելի վաղ Իլհամ Ալիեւի հայտարարությունները, թե պետք է «ամեն պահի պատրաստ լինել բանակի առջեւ դրված խնդիրը լուծել», որի նպատակը՝ «օկուպացված տարածքների վերադարձն է»: Ադրբեջանի ՊՆախարարը հոխորտացել է, թե միջոցները, որոնք կձեռնարկի ադրբեջանական բանակն այս անգամ՝ «կտարբերվեն 2016-ի ապրիլյան դեպքերից»:

2016թ. ապրիլյան պատերազմի սանձազերծման պատասխանատու Ադրբեջանն, այսպիսով, պաշտոնապես հաստատում է, որ պատրաստ է կրկնել 2016թ. ռազմական գործողությունները այն դեպքում, երբ միջնորդ պետությունները ժամանակ առ ժամանակ խոսում են՝ «հասարակություններին խաղաղության նախապատրաստելու» անհրաժեշտության մասին:

Պաշտոնական Երեւանն՝ ի դեմս ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի, արձագանքեց Ադրբեջանի ՊՆախարարի հայտարարություններին: ՀՀ ՊՆ խոսնակը նախ արձանագրեց, որ Զաքիր Հասանովը խոստովանել է՝ իրենք այնքան էլ գոհ չեն ապրիլյանի արդյունքներից, իրենց առջեւ դրված խնդիրը չեն կարողացել լուծել: «Հետեւաբար, նա անձամբ պատասխան է տալու ինչպես նախկինում, այնպես էլ այսօրվա ցանկացած բառի, որոշման եւ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի զինծառայողների թափված արյան համար։ Հիշեցնում ենք ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ վաղուց ժամանակն է համակերպվել տարածաշրջանում խաղաղության եւ ռազմական համազորության հետ: Հակառակ դեպքում հայկական զինված ուժերը ամենայն վճռականությամբ, արհեստավարժությամբ եւ ավերիչ հարվածներով ստիպված կլինեն բազմապատկելու 1994 թ.-ի եռակողմ հրադադարի արդյունքները եւ պաշտպանելու Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգությունը», – ֆեյսբուքյան իր էջում գրել էր Շուշան Ստեփանյանը:

Մայիսի 30-ին խորհրդակցությունը դեռ ամենը չէր: Հաջորդ օրն Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հաղորդագրություն, որում ոչ ավել ոչ պակաս արձանագրվում էր, թե՝ «զենքի ուժը միակ լեզուն է, որով պետք է խոսել հակառակորդի հետ», եւ որ Ադրբեջանը մտադիր է «օգտվել իր այդ իրավունքից՝ գրավյալ տարածքները ազատագրելու համար», ապա ընդգծում էին, թե՝ «այդ միջոցներն ավելի կործանարար կլինեն ի տարբերություն 2015, 2016, 2018-ի փորձերի համեմատությամբ»:

Ադրբեջանի իշխանությունների պատերազմ սանձազերծելու բացահայտ քաղաքականությունն ըստ ամենայնի ունի ներքաղաքական դրդապատճառներ, սակայն այդ հետեւողական քաղաքականությունն անտեսել ու միջազգային հանրության ուշադրությունը չհրավիրել այս սանձարձակ քաղաքականության վրա՝ մեծ սխալ կլինի:

Վերհիշենք մինչեւ 2016թ. ադրբեջանական քաղաքականությունը, որը քարոզչական առումով չէր տարբերվում եւ որն ի վերջո բերեց ապրիլյան պատերազմի: Հետեւաբար, ադրբեջանական ռազմատենչ պոռթկումներին պետք է լուրջ վերաբերվել եւ համապատասխան աշխատանք տանել նախեւառաջ միջնորդ պետությունների, ինչպես նաեւ՝ միջազգային կառույցների, Հայաստանի գործընկեր պետությունների հետ:

Իսկ որ ադրբեջանական այդ քաղաքականությունը հետեւողական տարվում է՝ հնարավոր չէ չնկատել: Մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բնակելի համալիրի բացման արարողության ժամանակ իր ճառում դարձյալ նշեց, թե՝ «վերականգնելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Այդ օրը, հիշեցնենք, նա նշել էր, թե՝ «100 տարի առաջ, երբ Ադրբեջանի առաջին ղեկավարները համաձայնվեցին Երեւանը թողնել հայերին, մեծ սխալ գործեցին», որն ըստ Ալիեւի՝ «ներելի չէ»: Ավելին` Ալիեւը կոչ էր արել ադրբեջանցի երիտասարդությանն «ուղղել այդ սխալը»:

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն անցյալ շաբաթ արձագանքել է Ալիեւի հոխորտանքներին՝ նշելով, որ պատրաստ են խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հարցի լուծմանը, եւ փուլային լուծում կարող է լինել մի տարբերակով: «Այսինքն, ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիեւ: Մենք պատրաստ ենք: Ես ուզում եմ վստահեցնել, որ արդյունքները մեզ համար պարզ են. այն, ինչ ունեցել եք 1994 թվականին, կունենաք նաեւ այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբեւէ խոսել: Ուժի լեզվով երբեւէ չհամարձակվեք խոսել մեզ հետ: Կամ ասում եք՝ «մեր հին քաղաք Իրեւանը տվել եմ Հայաստանին», դա չի կարելի ներել, դուք հնարավորություն ունեք ձեր «պատմական» անճշտությունները շտկելու, եթե այդպես եք մտածում, բայց դա լինելու է կործանարար Ադրբեջանի համար։ Ուժի լեզվով երբեւէ չհամարձակվեք խոսել մեզ հետ»,- ասել էր Արայիկ Հարությունյանը։

Արցախի նախագահը նշեց, որ Արցախը պատրաստ է խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով հարցի տրամաբանական լուծմանը: «Այն հայտարարությունները, որ դու արել ես, թե միայն փուլային տարբերակն է, ասեմ հետեւյալը՝ իհարկե, փուլային կարելի է լուծել, սակայն մի տարբերակով, առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո արդեն բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու»,- հավելել էր Հարությունյանը:

Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ալիեւն ազատորեն իրեն իրավունք է վերապահում Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի նկատմամբ ոտնձգությունների հրահանգներ տալ: Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահն ավելի ու ավելի սանձարձակ դառնում՝ ագրեսիվ քաղաքականությունն Արցախի ու Հայաստանի հանդեպ ողջ ուժով ի ցույց դնելով, դրա պատճառները, թերեւս, առանձին քննարկման թեմա են:

Հայկական դիվանագիտական ջանքերը պետք է մեկ ուղղությամբ տանել. միջազգային հանրության հետ պետք է անհապաղ աշխատանք տարվի՝ Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ քաղաքականության քարոզչությանն ի պատասխան: Հակառակ դեպքում, կստացվի, որ պաշտոնական Երեւանն անընդմեջ հայտարարում է, որ պատրաստ է խաղաղ բանակցությունների, մինչդեռ Ադրբեջանը շարունակ պնդում է, որ պատրաստվում է պատերազմի ընդդեմ Հայաստանի ու Արցախի՝ դա համարելով ԼՂ խնդրի՝ իր համար ընդունելի միակ լուծման ճանապարհը:

Հայկական դիվանագիտությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի, որպեսզի վերադարձ ապահովի այն մթնոլորտին, որը ձեւավորվել էր ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի նկատմամբ, երբ միջնորդ պետությունները, միջազգային հանրությունը պահանջում էր Ադրբեջանի իշխանություններից հետաքննության մեխանիզմների իրագործման պահանջի իրագործում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 02.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930