Թռիչքային անվտանգություն․ Հանձնաժողովը հաստատել է ԵՄ Օդային անվտանգության նոր ցուցակը
Այսօր Եվրոպական հանձնաժողովը թարմացրել է ԵՄ Օդային անվտանգության ցուցակը, այն ավիափոխադրողների ցուցակը, որոնց գործունեությունը Եվրոպական միության տարածքում, անվտանգության միջազգային չափանիշներին չհամապատասխանելու հետևանքով, ենթակա է արգելքի կամ սահմանափակման։ Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է ապահովել ԵՄ տարածքում ճամփորդող բոլոր ուղևորների թռիչքային անվտանգության ամենաբարձր մակարդակը:
Ըստ այսօր ներկայացված թարմ տեղեկության, անվտանգության վերահսկողության կարողությունների ավելի խորքային գնահատում իրականացնելու արդյունքում ցուցակում ընդգրկվել են Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունները։ Որոշումը կայացվել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի և վեց ավիաընկերությունների մասնակցությամբ լսումների արդյունքների հիման վրա։
Բացի այդ վերանայվել և թարմացվել է Կոնգո Բրազավիլում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Ղրղզստանում, Լիբիայում, Նեպալում և Սիերա Լեոնեում հավաստագրված ավիափոխադրող ընկերությունների ցուցակը։ Այն համալրվել է այդ երկրներում գրանցված նոր ավիաընկերություններով, հանվել՝ չգործող ավիափոխադրողները։
Կարդացեք նաև
«ԵՄ Օդային անվտանգության ցուցակը պետք է կիրառել որպես գործիք, որը պետք է օգնի երկրներին և ավիափոխադրող ընկերություններին, վերագնահատել և բարելավել թռիչքային չափանիշները: Հայկական օդանավերի ԵՄ Օդային անվտանգության ցանկում ներառելու մասին որոշումը կայացվել է ԵՄ ավիացիոն անվտանգության կոմիտեի միաձայն կարծիքի հիման վրա: Եվրահանձնաժողովը, Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության աջակցությամբ, պատրաստ է համագործակցել և ներդրումներ իրականացնել Հայաստանի թռիչքային անվտանգության բարելավման ուղղությամբ»,- նշել է Եվրահանձնաժողովի տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վելեանը։
ԵՄ Օդային անվտանգության ցուցակը նպաստում է ոչ միայն ԵՄ տարածքի անվտանգության բարձր մակարդակի պահպանմանը, այլև օգնում է ավիափոխադրող ընկերություններին և երկրներին բարելավել իրենց անվտանգության մակարդակը և, ի վերջո, բացառվել ցուցակից։ ԵՄ Օդային անվտանգության ցուցակը անվտանգության հետ խնդիրներ ունեցող երկրների համար դարձել է հիմնական կանխարգելիչ գործիք՝ դրդելով նրանց շտկել իրավիճակը, նախքան կզգացվի ԵՄ Օդային անվտանգության ցուցակով նախատեսված սահմանափակումների կարիքը։
Համաձայն այսօր հրապարակված նոր ցուցակի՝ արգելվում Է ընդհանուր 96 ավիաուղու մուտքը ԵՄ երկինք։ Այսպես՝
Աշխարհի 16 պետությունների[1] 90 ավիաընկերություն՝ պայմանավորված այդ երկրներում թռիչքային անվտանգության ոլորտը վերահսկող պետական մարմինների կողմից անվտանգության ոչ պատշաճ ապահովմամբ,
Վեց ավիաընկերությունների՝ «Avior Airlines» (Վենեսուելա), «Blue Wing Airlines» (Սուրինամ), «Iran Aseman Airlines» (Իրան), «Iraqi Airways» (Իրաք), «Med-View Airlines» (Նիգերիա), «Air Zimbabwe» (Զիմբաբվե) հանդեպ արգելք է կիրառվել՝ անվտանգության լուրջ թերությունների հայտնաբերմամբ պայմանավորված։
«Air Service Comores»-ի (Կոմորյան Կղզիներ), «Iran Air»-ի (Իրան) և «Air Koryo»-ի (Հս. Կորեա) ավիաընկերությունների նկատմամբ ևս սահմանվել են սահմանափակումներ և թույլ է տրվել թռիչքներ իրականացնել ԵՄ օդային տարածք միայն որոշակի տեսակի օդանավերով։
Ընդհանուր տեղեկություն
Օդային անվտանգության ցուցակի այսօրվա թարմացումը հիմնված է ԵՄ անդամ պետությունների ավիացիայի ոլորտի փորձագետների միաձայն կարծիքի վրա, որոնց հանդիպումը տեսակապի միջոցով տեղի է ունեցել 2020 թվականի մայիսի 12-ից 14-ը ԵՄ ավիացիոն անվտանգության կոմիտեի հովանու ներքո:
Կոմիտեի ղեկավարությունն իրականացնում է Եվրոպական հանձնաժողովը՝ Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության աջակցությամբ: Թարմեցմանը աջակցել է Եվրախորհրդարանի Տրանսպորտի կոմիտեն: Գնահատվել է անվտանգության միջազգային ստանդարտներին համապատասխանությունը, մասնավորապես՝ որոնք հրապարակվել են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից: Հանձնաժողովը շարունակաբար փնտրում է ուղիներ թռիչքային անվտանգությունը կատարելագործելու համար, աշխարհի երկրների ավիացիայի ոլորտի պատասխանատու մարմինների հետ համագործակցային ջանքերի միջոցով՝ բարձրացնելու աշխարհի անվտանգություն չափանիշները:
Հավելյալ տեղեկությունների համար՝
ԵՄ օդային անվտանգության ցուցակ՝ հարց ու պատասխան (Questions & answers on the EU Air Safety List)
ԵՄ տարածքում թռչելու արգելված ավիաընկերությունների ցուցակ (List of airlines banned within the EU)
Ավիացիայի կարևորությունը ԵՄ տնտեսության համար (Importance of aviation for the European economy
Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության
տեխնիկական համագործակցության ծրագրեր (EASA Technical Cooperation Projects)