Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մայիսին մարտի համեմատ ունենք կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թվի 13 անգամ բարձրացում». Արտավազդ Վանյան

Հունիս 02,2020 21:40

«Մայիսին մարտի համեմատ ունենք կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թվի տասներեք անգամ բարձրացում»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցին հայտարարեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Նա ասաց՝ սա խոսում է այն մասին, որ մեզ մոտ սահմանափակումների վերացումից հետո գրանցվեցին մարդկանց կուտակումներ, ինչի պատճառով էլ այս թվերն են: Այնուհետև հորդորեց բնակչությանը պահպանել իրենց կողմից սահմանված կանոնները և հնարավորինս զերծ մնալ, չմասնակցել հանդիսությունների՝ անգամ անհրաժեշտության դեպքում դրանք անցկացնել քիչ թվով մարդկանցով, բացօթյա՝ պահպանելով կանոնները ու փաստեց. «Վերջին վերլուծությունները ցույց են տալիս, որ հատկապես պետք է զերծ մնալ մասնակցելուց հոգեհանգստի, թաղման արարողություններին, քանի որ վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ունեցանք բռնկումներ այս արարողություններին մեծ թվով մարդկանց մասնակցության առումով: Մտահոգիչ են բակերում՝ հատկապես երեկոյան ժամերին մարդկանց կուտակումները. կանոնները չպահպանելով շփվում են, և արագորեն վարակը տարածվում է: Հորդորում եմ չմասնակցել ուխտագնացությունների»:

Նա փաստեց, որ աճել է մահերի թիվը և նշեց՝ թող բոլորը հիշեն, որ այդ անձինք կարող են լինել իրենց ընկերներն ու հարազատները:

Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանն այժմ ժամանակավորապես գործուղվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ որպես ինֆեկցիոն մասնաճյուղի կառավարիչ: Նա պատմեց մի պացիենտի հետ պատահած դեպքի մասին. «Նա Սուրբ Աստվածամայր ինֆեկցիոն մասնաճյուղ տեղափոխվել էր դեռ ապրիլի 13-ին: Ուշ էր դիմել բուժօգնության՝ մեկ շաբաթ ուշ՝ երկկողմանի ծանր թոքաբորբով: Ապրիլի 15-ից նրան թոքերի արհեստական օդափոխության սարք է միացված՝ արդեն մոտ հիսուն օր: Բուժաշխատողները հնարավոր և անհնար ամենն անում են նրա կյանքը փրկելու համար»:

Գևորգ Սիմոնյանը ցավով նշեց, որ քաղաքացիների կողմից անպատասխանատու վարքի շարունակական ցուցաբերումը, վերջիվերջո, բերելու է բուժաշխատողների հյուծմանը և հիասթափեցնելու է նրանց: Հետո էլ ասաց. «Ցավալի է, որ մինչ օրս կան խմբեր, որոնք չեն հավատում հիվանդության գոյությանը կամ անլուրջ են վերաբերվում երկրում ստեղծված իրավիճակին: Մինչդեռ մենք՝ բոլոր բուժաշխատողներս, ամեն օր ականատես ենք լինում բազմաթիվ մահերի. երբեմն մահանում են ընտանիքներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930