Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրենալինի պակա՞ս է Ձեզ մոտ». Բանավեճ ԲՀԿ-ի և «Իմ քայլի միջև»

Հունիս 02,2020 21:21

Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի ՝ մտքերի փոխանակման փուլում ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ շատ կարևոր օրինագիծ է։

«Ես զարմացած եմ շատերի վախերից, որ վա՜յ, հանկարծ վարկ չեն տա, ծանրաբեռնում եք, էս ի՞նչ է կատարվում Հայաստան աշխարհում։ Բանկերը սովորական բիզնեսով են զբաղված, էնպես չի, որ ձեր մասին են մտածում։ Մենք պետք է, որ մեր մասին մտածենք։ Հիմա այս մարդը բերել է, ասում է, եկեք մեր մասին մտածենք։ Ի՞նչ կա էդտեղ՝ բանկերին հանկարծ չկպնեք։ Մեկը բանկում երկար է աշխատել, մեկը՝ կարճ։ Բանկերը պրոբլեմ են երկրների համար, բոլոր երկրների։ Հատկապես այն բանկերը, որոնք պետական շահ չեն հետապնդում, որոնք թքած ունեն պետական շահի վրա։ Հիմա այս մարդն ասում է՝ եկեք էդպես չանենք, եկեք ամբողջ գյուղին գերի չհանձնենք բանկին։ Ի՞նչն է էդտեղ սխալ, որ այդպես զարմացական հայացքներով ասում եք՝ ո՞նց կլինի, պարոն Խաչատրյան, էս ի՞նչ ես բերել։ Շատ նորմալ նախագիծ է բերել։ Մարդն ասում է՝ եկեք ժողովրդին գերի չհանձնենք, դուք ի՞նչ եք ասում»,- ասաց նա։

Անդրադառնալով թերություններին՝ Սերգեյ Բագրատյանը նշեց, որ հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ինքն էլ է ընդունում սխալները և առաջարկում միասին շտկել դրանք. «Հիմա ես ձեզ ձեռքներդ բռնած կտանեմ գյուղեր, կտանեմ Արենի, Խաչիկ, Արփի գյուղեր։ Ամբողջ գյուղը գերի է, խանութը 10 հազար դոլար փող է վերցրել, սրանք սաղ ստորագրել են, որ իրենց նիսյայով ապրանք տա։ Հիմա էդ սաղ գյուղը գյուղատնտեսությամբ չի կարողանում զբաղվի, գերի է մնացել, դուք էլ ասում եք՝ բանկերին ո՞նց կարելի է նեղացնել, կծանրաբեռնենք, կնեղանանք։ Ժողովուրդ ջան, մտածեք ժողովրդի մասին, ոչ թե բանկերի»։

Այս ելույթին պատասխանեց «Իմ քայլ»-ի պատգամավոր Համազասպ Դանիելյանը. «Պարոն Բագրատյան, ենթադրում եմ Ձեր խոսքից՝ ոչ հանձնաժողովի նիստ եք նայել, ոչ էլ լիովին ծանոթացել եք նախագծի բովանդակությանը»։

Նրա խոսքերով՝ որքանով նախագծի նպատակը իրենց համար ընդունելի է, բայց կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, և Արկադի Խաչատրյանը ինքն էլ է ընդունել դա. «Ես զարմանում եմ, ժողովուրդ, մեկ-մեկ սրություն է պակասո՞ւմ ձեզ, ադրենալինի պակա՞ս է Ձեզ մոտ, պարոն Բագրատյան։ Նորմալ քննարկում է գնում, մարդիկ իրենց տեսակետներն են հայտնում, եկաք այստեղ կանգնեցիք, խոսեցիք մի բանի մասին, որը հավատացած եմ, և ամբիոնից կիջնեմ կապացուցեմ, որ մասամբ եք ծանոթացել։ Մի հատ էլ ներկայացրեցիք, որ կարող եք տանել մեզ գյուղեր, բաներ ցույց տալ, ու գնացիք Ձեր տեղը նստեցիք։ Միգուցե երկար աշխատելուց այսպիսի էֆեկտներն են առաջացնում, բայց այսպես երկար աշխատելու համար եկեք հանգիստ աշխատենք»։

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ պատասխանեց Համազասպ Դանիելյանին. «Երբ մեր գործընկերը հարցադրումն արեց, ոչինչ, թող լինի էմոցիոնալ, բայց արդար է, բայց պետք չէ, որ մենք անընդհատ վեր կենանք պատասխանենք։ Լավ կլիներ, որ Դուք չպատասխանեիք։ Մարդը արդար իր մոտեցումն արտահայտել է, անպայման պետք է վեր կենաք և ասեք՝ այ, ես զարմանում եմ»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930