ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տուն գնալիս։ Ահա թե ովքեր եւ ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար»։
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում 2600 աշխատողներից 3-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել, նրանցից մեկը հղի է։ Այսօր ևս ջերմություն ունեցող աշխատակիցներ են եղել, որոնք մեկուսացվել ու թեստավորվել են։
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն «Ազատությանն» ասել է, որ համապատասխան մարմիններն այսօր մոտ երկու տասնյակ կոնտակտավոր անձանց մեկուսացրել են և անհրաժեշտության դեպքում նմուշառում կանեն։
Ֆաբրիկայի վարակված հղի աշխատակցին տեղափոխել են Երևան, մյուսը գտնվում է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում, երրորդ հիվանդը բուժում է ստանում տնային պայմաններում՝ պոլիկլինիկայի բժիշկների հսկողության տակ։
Կարդացեք նաև
«Նորմալ են: Ունեցել են ուղղակի թույլ ջերմություն և հենց էդ ձևով են հայտնաբերվել մեր պոլիկլինիկական օղակի կողմից: Արդեն կլինեն բժիշկների հսկողության տակ: Մենք մեր մարզի քաղաքացիներից ունենք նաև ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ», – փոխանցել է մարզպետը:
Ապրիլի վերջին վերագործարկված կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանն ասել է, որ կատարում են պարետատան բոլոր հրահանգները՝ ախտահանում տարածքներն ու աշխատողներին ֆաբրիկա հասցնող ավտոբուսները, աշխատողները դիմակ են կրում, արտադրամաս մտնելիս նրանց պարտադիր ջերմաչափում են. «Բնական ա, ոնց որ ամբողջ աշխարհն ա, ամբողջ հանրապետությունը, մարդիկ վարակվում են: Եվ վարակված է, տուն ենք ուղարկելու,դրա կոնտակտներին էլ պետք է մեկուսացնեն: Մնացածը, իմ կարծիքով, կաշխատեն: Եթե չեն ուզենա աշխատեն, կամ կառավարությունը կորոշի, որ ոչ մեկը չպիտի աշխատի, չենք աշխատի»: