Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում չեն հրաժարվել եկեղեցուն հարկային դաշտ բերելու մտքից, իսկ Մայր աթոռը մերժում է կառավարության մեկնած ձեռքը

Հունիս 02,2020 20:40
mayr ator

«Եկեղեցու կողմից ներկայացված ծրագրերը հարկային արտոնությունների ստացման նկատառումով բարեգործական չեն որակվում, քանի որ ներկայացվող ծրագրերի բարեգործություն իրականացնողը և ստացողը հանդիսանում է եկեղեցին, նրա ենթակայության տակ գտնվող կամ նրան պատկանող հիմնարկները, կամ որոշ ծրագրերի դեպքում դրանք շահառություն են ենթադրում, ինչը հակասում է «Բարեգործության մասին» ՀՀ օրենքին և ընդհանրապես բարեգործության տրամաբանությանը: Այսուհանդերձ, ՀՀ կառավարությունը Հայ առաքելական եկեղեցուն առաջարկել է հարցի լուծման այլընտրանքային տարբերակ, որը հնարավորություն կտա օրենքի տառին համապատասխան խնդրո առարկա ծրագրերը ճանաչել բարեգործական, ինչը Մայր աթոռի կողմից, ցավոք, չի ընդունվել: Նշված առաջարկությունը, սակայն, շարունակում է մնալ ուժի մեջ»,- նման պատասխան Aravot.am-ին տրամադրել են ՀՀ կառավարությունից` ի պատասխան մեր հարցման:

Օրեր առաջ Aravot.am-ը գրավոր հարցեր էր ուղղել ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն: Կառավարությունից հետաքրքրվել էինք` ի՞նչ արդյունքներ է գրանցել երկու  տարի առաջ ՀՀ վարչապետի կողմից ստեղծվեց աշխատանքային խումբը` պետական գերատեսչությունների և եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ՝ պետության և եկեղեցու հարաբերությունների շրջանակներում հարցեր քննարկելու նպատակով: Քննարկվող հարցերի շարքում էին հանրակրթական դպրոցներում Հայ եկեղեցու պատմության, որպես պարտադիր առարկայի կրթակարգից դուրս բերումը, եկեղեցու գործունեության հարկումը և այլ հարցեր. կա՞ն ձեռք բերված պայմանավորվածություններ եկեղեցու հետ: Նաեւ հայտարարություններ, ապա մամուլում հրապարակումներ եղան, որ եկեղեցու բարեգործական ծրագրերը չեն ազատվում հարկերից, մինչդեռ այլ կազմակերպություններ օգտվում են այդ իրավունքից:  Հետաքրքրվել էինք` համապատասխանու՞մ են այս տեղեկություններն իրականությանը:

Կառավարությունում, փաստորեն, ասում են, որ եկեղեցուն ձեռք են մեկնել, որը մնացել է օդում: Բայց իրենք չեն նեղսրտել. առաջարկը մնում է ուժի մեջ: Այսինքն, եկեղեցուն հարկային դաշտ բերելու մտադրությունից կառավարությունում չեն պատրաստվում հրաժարվել:

Եկեղեցուն հարկային դաշտ բերելու մասով կառավարության պատասխանում նաեւ ասված է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից բարձրացված՝ հարկային և մաքսային հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ աշխատանքային քննարկումների ընթացքում Եկեղեցու ներկայացուցիչների կողմից մշտապես բարձրացվել են հարկային հարաբերություններին առնչվող առավելապես համակարգային բնույթի խնդիրներ, որոնց լուծման նպատակով մշտապես առաջարկվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն ազատել բոլոր հիմնական հարկերի վճարման պարտավորությունից այն հիմնավորմամբ, որ ձեռնարկատիրական բնույթ ունեցող գործունեության մասով հարկերից ազատումը հնարավորություն կտա ավելի շատ միջոցներ տնօրինել և ուղղել Եկեղեցու առաքելության իրականացմանը:

Աշխատանքային քննարկումների ընթացքում, հարկերից ազատելու հարցը ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների կողմից մշտապես առաջարկվել է քննարկել այն համատեքստով, որ եթե եկեղեցու կողմից իրականացվում է եկեղեցական կամ ծիսական գործունեություն, ապա քննարկել այդ գործունեության շրջանակներում ձևավորվող հարկման օբյեկտները հարկերից ազատելու հարցը, իսկ եթե իրականացվում է այլ գործունեություն, ապա դրա շրջանակում ձևավորվող հարկման օբյեկտները հարկերից ազատելը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով հարկման հավասարության ու արդարության հիմնարար սկզբունքը: Միաժամանակ, որպես հարցի լուծման տարբերակ, առաջարկվել է ձեռնարկատիրական բնույթ ունեցող գործունեության մասով հարկերից ազատման հարցը քննարկել բյուջետային ֆինանսավորման շրջանակներում լուծելու համատեքստում: Արդյունքում տրամադրվող արտոնությունների շրջանակն ընդլայնելու հարցում փոխհամաձայնություն ձեռք չի բերվել:

Չնայած այն հանգամանքին, որ գործող տարբեր իրավական ակտերով որոշակիորեն կարգավորված են հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից իրականացվող գործունեության հարկման հետ կապված հարաբերությունները, այնուհանդերձ առաջարկվել է առկա արտոնությունների կիրառության համար բացահայտել բոլոր հնարավոր խնդիրները, նախկինում ընդունված իրավական ակտերով սահմանված կարգավորումները համապատասխանեցնել հարկային ու մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված դրույթներին:

Աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով սահմանված ԱԱՀ-ից ազատման արտոնության հարցը։ Նշված կարգավորման համաձայն՝ ԱԱՀ-ից ազատվում են կրոնական ծիսակատարությունների կազմակերպման ծառայությունների մատուցումը, կրոնական կազմակերպություններին կրոնական պարագաների օտարումը, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների օտարումը։ Նկատի ունենալով նշված կարգավորման կիրառման հստակեցման անհրաժեշտությունը, պետական եկամուտների կոմիտեի կողմից 12.02.2020թ. ֆինանսների նախարարություն ներկայացված՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծով ի թիվս այլ առաջարկությունների, առաջարկվել է քննարկել նաև օրենսգրքի հիշյալ արտոնությունների կիրառության շրջանակը կառավարության կողմից սահմանելու մոտեցումը, ինչը դեռևս բազմակողմանի քննարկման կարիք ունի։

Հարկ ենք համարում նշել նաև, որ դեռևս լուծված չեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և թեմերի կարգավիճակի հետ կապված հարցերը, քանի որ թեմերից մի քանիսը միավորված են Մայր Աթոռի հետ, սակայն մյուսներն ունեն առանձին կարգավիճակ, և բացակայում է համախմբված հաշվառումը»:

Մեր մյուս հարցերի պատասխանները ներկայացված են կառավարության ծավալուն եւ մանրամասն պատասխանում`ի սկզբանե արձանագրելով`հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ն ճանաչում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, ինչպես նաև ՀՀ և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով, հետևաբար աշխատանքային խումբն ստեղծվել է Սահմանադրությամբ և օրենքով նշված շրջանակում հարցեր առաջանալու դեպքում օպերատիվ քննարկման համար։ «Աշխատանքային խմբի շրջանակում փոխհամաձայնեցված ժամանակացույցով տեղի են ունենում շահագրգիռ հանդիպումներ, որոնց  ընթացքում քննարկվում են պետություն-եկեղեցի համագործակցությանը վերաբերող տարբեր թեմաներ։ Մասնավորապես.

ԿԳՄՍ – Ինչպես նախորդ տարի, այնպես էլ 2020 թվականի ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ կրթության ոլորտին առնչվող հարցերի պատասխանատուների մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք քննարկումներ: Վերջին խորհրդակցությունը կայացել է 2020 թվականի մայիսին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետագա դասավանդման, առարկայական չափորոշիչի և ծրագրի վերանայման, ուսուցիչների որակավորման, պատրաստման և վերապատրաստման վերաբերյալ հարցեր: Քննարկումները կրում են շարունակական բնույթ:

ՏԿԵՆ – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատարածքային բաժինը 2019 թվականի օգոստոսին  դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն  պատկանող  հողատարածքների հետ կապված խնդիրների վերաբերյալ: Բարձրացված հարցերը քննարկվել են ՀՀ մարզպետարանների և համապատասխան համայնքների ղեկավարների հետ, և ստացված տեղեկատվությունը տրամադրվել է Մայր Աթոռին:

ԱՆ – Արդարադատության նախարարությունը՝ որպես «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակող, Հայաստանի հանրապետության և հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի քննարկմանն է ներկայացրել մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանի հանրապետության և հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների օրենսդրական կարգավորման, Սահմանադրության 18-րդ հոդվածով ամրագրված Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելության դրսևորման և ամրագրման հարցերը:

Բացի այդ, ՀՀ վարչապետի 11.12.2019 թվականի թիվ 02/06.15/55410-2019 հանձնարարականի հիման վրա արդարադատության նախարարությունը Հայաստանի հանրապետությունում ռուս ուղղափառ եկեղեցու ծխերին և համայնքներին իրավական կարգավիճակ տրամադրելու հարցով իրավական խորհրդատվություն է տրամադրել, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից ռուս ուղղափառ եկեղեցու ծխերին և համայնքներին գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի վերանայման և մշակման աշխատանքներ են իրականացվել:

Ոստիկանություն – Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում ուսանող կամ Պատրիարքության միաբան հանդիսացող և դեռևս պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին առավել երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրելու հարցը կանոնակարգելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարության՝ 21.05.2020թ. նիստում»:

Նույն հարցերն ուղղել էինք նաեւ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին: Իր պատասխաններում նա նույնպես փաստել էր, որ համաձայնություններ չկան, գործընթացն էլ դանդաղել է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930