Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղբը դատարկելիս՝ տեսանք երեխայի՝ գանգուր մազերով, տակդիրով՝ ձեռք ու ոտքն էլ սկոտչած»․ աղբատարի վարորդն՝ աղմկոտ սպանության մասին

Հունիս 02,2020 19:55

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ շարունակվել է ամենաաղմկոտ քրեական գործերից մեկի՝ գյումրեցի 20-ամյա Անի Մինասյանի կողմից իր մեկ տարեկան աղջկան աղբանոց նետելու ու նրան սպանելու կասկածանքով հարուցված քրգործի գործի դատաքննությունը։

Ըստ քրգործի․ «Անի Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. օգոստոսի 30-ին,ժ.22:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինաբար մանկահասակ դստերը` 16.09.2018թ. ծնված Գ.Ալեքսանյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, իր փաստացի բնակության վայրի բնակարանում կպչուն ժապավենով կապել է վերջինիս ձեռքերը և ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, որից հետո նրան բնակարանից տեղափոխել և դրել է մոտակայքում` Շիրակացի փողոցում տեղակայված աղբարկղներից մեկի մեջ, ինչի հետևանքով վերջինս մահացել է»:

Այսօր ցուցմունք են տվել սկեսուրը՝ Գայանե Ալեքսանյանը, սկեսրայրը՝ Գրիգոր Ալեքսանյանը, աղբատարի վարորդը՝ Հովհաննես Գալոյանը։

Գայանե Ալեքսանյանը դատարանին պատմել է, թե ինչպես է տեղեկացել երեխայի սպանության մասին․ «Դուռը ծեծեցին, բացել եմ՝ քննիչն էր, ինձ մինչև այդ բառը չէին ասել։ Բարև ձեզ, բարև ձեզ, նաև 4-5 ոստիկան, ասացին՝ եկել ենք գործով, ճանաչո՞ւմ եք այս մարդուն ու ցույց տվեցին Անիի պասպորտի նկարն, ասի՝ այո։ Տեսան երեխայի մահճակալը, խոսում էին իրար հետ, թե էստեղ է քնել երեխան, էս պայմաններում է ապրել, հարցրեցի՝ ի՞նչ է եղել, երեխուն ի՞նչ է եղել, ինձ չասացին ոչ մի բան։ Մտածեցին տանը մենակ եմ, մեծ տղաս Ռուսաստանում էր, փոքր տղաս իր գործերով էր, ամուսինս էլ տունը չէր, մտածեցին, կարող է իմանամ, վատանամ։ Երեկոյան ժամը 9- 10 կողմ էր, Անիի տատիկը զանգեց ու լացելով ասեց՝ իմացել ես․․․ Ու ասաց՝ ինչ է եղել, այդտեղից իմացանք, որ տարել երեխային գցել է աղբարկղի մեջ,ագրեսիվ բաների է ենթարկել երեխուն, ես չգիտեմ քննիչների ցուցմունքների մեջ կարդացինք, որ գլխին հարված է եղել երեխու։ Իմացա, ինձ կորցրել էի, չեմ կարող նկարագրեմ ինչ վիճակում էի»։

Նա նաև նշել է, որ իր ու հարսի հարաբերությունները մինչև հարսի հեռանալը, եղել են նորմալ, առանց «ջան»-ի իրար հետ չեն խոսել։

Երբ Անի Մինասյանից հետաքրքրվել են, թե սկեսուրը փոփոխություններ նկատե՞լ է հարսի վարքագծի մեջ՝ երեխայի ծնվելուց առաջ ու հետո, վկան պատասխանել է, որ չի նկատել, միայն վերջին շրջանում է ագրեսիվություն նկատել, Անին երեխային կսմթել է։ Սկեսուրը երկու անգամ նկատել, ասել է․ «Անի ջան, էդպես չի կարելի երեխայի հետ վարվել»։

Վկան նաև ասել է, եթե իմանար, որ Անին նման ձևով կվարվեր,երբեք չէր տա երեխային։ Գայանե Ալեքսանյանն ասել է՝ վստահ էր, որ մայրն իր ձագին երբեք վնաս չէր տա։ Հարսին նույնիսկ առաջարկել են հրաժարվել երեխայից, ասելով, որ իրենք դայակ կվարձեն, կպահի, սակայն նա մերժել է։

Սկեսրայրը՝ Գրիգոր Ալեքսանյանն էլ դատարանին տված ցուցմունքում պատմել է հետևյալը․ «Մեկ շաբաթ կորած մնաց Անին, հայտնվելուց հետո, տատը զանգեց, թե Անիին գտել ենք, տղես էլ հեռախոսով պատասխանեց՝ որտեղից գտել եք, տարեք, կորցրեք, մեզի պետք չէ ինքը։ Էնպես եղավ, որ երեխեն փոքր էր, իրեն էլ տարել էին իր մորքուրի տունը, երեխեն մորն էր ման գալիս, տղաս ու տիկինս տարան, տվեցին մորը՝ չգիտենալով, որ մայրը էսպիսի բան կարող է անել․․․

Անցավ 4-5 օր, մորքուրի տնից ելավ, գնաց վարձով, որտեղ էր ապրում, ինչպես էր ապրում, ոչ մեկս խաբար չէինք, բայց այդ ընթացքում երեխու կաթն էլ ենք առել, շորերն էլ ենք առել, պամպերսներից հետ առել ենք, փողը տվել ենք՝ 20 հազար դրամ ամսական, որ հանկարծ երեխուն բան չլինի»։

Աղբատարի վարորդ Հովհաննես Գալոյանն էլ պատմել է, որ աղբ հավաքողները երեխային աղբանոցից հանել, կողքի էին դրել։

Դատախազ Արտյոմ Ավետիսյանը վկային հարցրել է՝ որտե՞ղ եք տեսել երեխային, ի՞նչ վիճակում, աղջիկ էր, թե՞ տղա։ Աղբատարի վարորդը նշել է, որ հագին տակդիր էր, գանգուր մազերով, երեխայի ոտքերը, ձեռքերը սկոտչած էին։ Աշխատակիցներն աղբը դատարկելիս՝ քաշել են, տեսել են երեխային։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930