Aravot.am-ը տեղեկություններ էր ստացել, որ Էրեբունի արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն աշխատանքից ազատել է Ապրիլյան քառօրյայի մասնակից Արթուր Կնյազյանին եւ նրա բաժնի վարիչ Վարդան Մադոյանին: Ըստ մեր տեղեկությունների, Արթուր Կնյազյանի պարագայում կա նաեւ քաղաքական բաղադրիչ, քանի որ նա վերջերս ՀՀԿ երիտթեւի երիտասարդների թվում բերման ենթարկված իր բարեկամին սատարելու համար ընդմիջման ժամին գնացել էր ոստիկանություն:
Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Կնյազյանը հաստատեց, որ ամսի 30-ին է տրվել իր հրամանը, նաեւ իր բաժնի պետին են հեռացրել աշխատանքից:
«Քաղաքական ենթատեքստից, բացի անցյալ տարվանից էր լարումը սկսվել, որովհետեւ իր նշանակվելուց հետո տնօրենն իր քավորին էր նշանակել բաժնի վարիչ: Հետո կես ժամ աշխատանքից ուշանալու համար, իսկ ես երկրորդ աշխատանքից էի գալիս, ասել էր, որ պետք է բացատրագիր գրեմ: Ասել էի, որ խնդիր չկա, բայց ուրեմն իր՝ աշխատանքի չեկած բարեկամն էլ պետք է բացատրագիր գրի: Ողջ լարումը հենց այնտեղից սկսվեց: Մենք բողոքարկել ենք քաղաքապետարան (Էրեբունի արգելոց-թանգարանը Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ է գործում- Գ.Հ.), որ երկու անգամ նկատողություն է տրվել, սակայն քաղաքապետարանը խնդիրը հատուկ չորս ամիս հատուկ ձգձգեց, որ ես դատական կարգով չկարողանում բողոքարկել, ըստ էության քաղաքապետարանն իրեն օգնեց, ինչի վերաբերյալ կարող եմ ապացույցներ ներկայացնել»,-ասաց Արթուր Կնյազյանը:
Կարդացեք նաև
Պարզեցինք, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Վարդան Կնյազյանը ԵՊՀ ուսանող է, համաճարակի պատճառով նրա երկրորդ աշխատատեղը փակվել է, իսկ էրեբունի արգելոց-թանգարանում էլ, փաստորեն, այլեւս չի աշխատում: «Տնօրենն ինձ հացից զրկել է: Նաեւ վրեժխնդրությամբ մյուսներին է աշխատանքից ազատում, փորձում է իր ընկերներին ու բարեկամներին տեղավորել աշխատանքի: Շուրջ ինը հոգու արդեն ազատել է աշխատանքից: Ստացվում է՝ բոլորը վատն են, իսկ ինքը լավն է»,-ասաց Արթուր Կնյազյանը:
Նա նաեւ հավելեց, որ խնդրի մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին եւ պատրաստվում է դիմել դատարան:
«Ես չեմ թաքցնում, ես Աշոտ Նավասարդյանի եւ Անդրանիկ Մարգարյանի գաղափարների կրողն եմ, եթե դրա համար ինձ պետք է ազատեն աշխատանքից, թող ազատեն: Ես դրանից բնավ չեմ քաշվում: Ես 2016 թ. թուրքից չեմ վախեցել, հիմա էլ չեմ վախենում իրենց նմաններից»,-ասաց երիտասարդը:
Նա հատուկ ընդգծեց, որ իր ընդմիջման ժամին էր գնացել ոստիկանություն՝ իր գտնվող բարեկամի հետեւից, ինչի մասին տեղյակ է պահել բաժնի վարիչին: «Վերադառնալուց որոշ ժամանակ խցանման մեջ եմ հայտնվել, ինչի մասին տեղյակ եմ պահել: Հետո գնացի թանգարան, տնօրենն ինձ այդ օրը տեսավ ու ոչինչ չասաց, որովհետեւ նպատակն ինձ ուղղակի աշխատանքից ազատելն էր: Քանի որ ե թե ինձ էլ հանի, այնտեղ մարդ չի մնում, մնացած անցանկալիներին արդեն ազատել է աշխատանքից եւ կարող է անել այն, ինչ ուզում է: Բայց այս հարցը այսպես չենք թողնելու, մեր իրավունքները վերականգնելու ենք դատարանով»,-ասաց Արթուր Կնյազյանը:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նաեւ Էրեբունի արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանից: Տնօրենը չցանկացավ հեռախոսով մեկնաբանություն անել եւ առաջարկեց հարցերը գրավոր ուղարկել: Այնպես որ, պարոն Բադալյանի մեկնաբանությունը կհրապարակենք պատասխանը ստանալուն պես:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ