Քաջարանի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված անձանց փաստաբան Արա Ղազարյանի կարծիքով՝ երիտասարդների կալանավորումները ՀՀ իշխանությունների ռեակցիան էր Քաջարանում տեղի ունեցած բողոքի ցույցերին:
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված առցանց քննարկմանը Արա Ղազարյանը վստահեցրեց՝ այս դեպքում կալանքը քողարկված պատիժ է ու մանրամասնեց. «Կարծում ենք, որ սա որոշակի ռեակցիան էր իշխանությունների՝ Քաջարանի՝ բողոքի ակցիաներին: Այսինքն՝ իշխանությունները չներեցին այդ բողոքի ակցիաները. երիտասարդներին վերցրին կալանքի տակ՝ առանց հաշվի առնելու, որ կալանքը՝ որպես խափանման միջոց իրեն սպառել է: Այն իր նպատակին այս պահին չի ծառայում»;
Արա Ղազարյանի պնդմամբ՝ Քաջարանում տեղի ունեցած ցույցերի ազդակն այն էր, որ ձերբակալություններ, բռնություն էին կիրառել մի քանի քաղաքացիների նկատմամբ. «Բնակիչների բողոքի ալիք դա առաջ բերեց: Փաստաբանների երկու խումբ էր աշխատում Կապանում և Երևանում: Արձանագրել ենք խախտումներ իրավապահների կողմից՝ բռնությունների, ձերբակալման և կալանքի ընթացակարգերում տեղի ունեցող խախտումներ, զարմանալի փաստն այն է, որ բոլորը ներկայացել էին վարույթն իրականացնող մարմիններին, բայց կալանավորվեցին: Սա նշանակում է, որ կրկին հաստատվում է ՄԻԵԴ-ի՝ ընդդեմ ՀՀ-ի գործով հայտնած այն կարծիքը, որ ՀՀ-ում տրաֆարետային ձևակերպումներով կալանքները շարունակվում են: Այս աղաղակող խախտումները ոչ մի կերպ չեն տեղավորվում 2018-ից հետո նոր կառավարության որդեգրած մարտավարության շրջանակում, կիրառողները կարծես նախկին մարտավարությամբ են ապրում»:
Արա Ղազարյանը փաստեց՝ ընդհանրապես կալանքը կիրառում են, եթե վախենում են՝ վկայի, տուժողի նկատմամբ ճնշումներ գործադրվի: Այս դեպքի հետ կապված փաստաբանն ասաց. «Մենք էլ ասում ենք, որ դեպքը մեկ ամիս առաջ է եղել. այնպես որ, չկարծեք՝ որ դեպքը երկու օր առաջ է եղել, իրենք բոլորն ապրել են նույն քաղաքում: Եթե ճնշում եղած լիներ, արդեն վաղուց եղել, վերջացել է: Այսինքն՝ կալանքն արդեն իր նպատակին չի ծառայում: Տուժողը պաշտպանության տակ է: Դա նշանակում է, որ եթե հանկարծ մեկը մոտեցավ նրան, ասաց արի պայմանավորվենք, դա արդեն հանցագործություն է: Եթե ողջ քաղաքը գիտի, որ նա պաշտպանության տակ է, նրան կմոտենա՞ն»:
Կարդացեք նաև
Արա Ղազարյանն ասաց, որ իր պրակտիկայում առաջին դեպքն է, երբ անձինք իրենց կամքով ներկայանում են և հետո կալանքի հիմք որպես դրվում է այն, որ փախուստի հավանականություն կա: Արա Ղազարյանն այս առիթով մի դրվագ պատմեց. «Մի պաշտոնատար անձ մեզ հասկացնել տվեց, թե գիտեն՝ այն, որ սարքեցին՝ միտինգները, որ արեցիք, չկարծեք, թե իրենց չենք կալանելու: Այս կալանքն իրականում քողարկված պատիժ է. այս նպատակով է իրականանում: Ինքներդ մտածեք, եթե մեղադրում են մի բանի մեջ, որ մեկ ամիս առաջ է եղել, մեկ ամսում փախուստի մեջ չեն գտնվել, եթե եղել է խոչընդոտել, ապա ամեն օր ոստիկանությունն իրենց տեսել է: Մեզ դատարանում բերում են քսան օր առաջվա գաղտնալսումներ ասում՝ տեսեք, պայմանավորվում եք, բայց դա քսան օր առաջ էր»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ