Գյումրիի «Մուշ 2» թաղամասի բնակիչ տիկին Աիդան երեկվանից կենդանասերների խմբերից մեկում ահազանգել է՝ բնակիչները տեղեկություն են ստացել, որ այսօր առավոտյան ինչ-որ անձ կամ անձինք պատրաստվում են թաղամասի շների հետ հաշվեհարդար տեսնել: Հիշեցնենք, որ օրերս «Մուշ 2»-ում էր արձանագրվել երեխայի վրա շների հարձակման դեպք:
Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագծի հետ զրույցում տիկին Աիդան պատմեց, որ վաղ առավոտից կենդանասերներով շրջել են թաղամասում, շներն անվնաս են եղել: Նա նշեց. «Հստակ չենք իմացել, թե ով է եկողը: Այսօր շրջեցի, արձանագրեցի, որ թաղամասի շները տեղում են: Նույն թաղամասի կին բնակիչներից մեկը, ով բակում շուն է խնամում նրա ձագերի հետ՝ իր բնակարանի պատուհանի տակ, ահազանգեց, որ մի մեքենա է մոտեցել, որի վարորդն ուզեցել է շանը մեքենա նստեցնել՝ պատճառաբանելով, թե տանում է սիրելու: Կինը հետաքրքրվել է, թե ո՞րն է իմաստը տանելու, կարող է եւ տեղում սիրել: Կինը կասկածել է, բղավել, իսկ այդ տղամարդը վախեցել է եւ հեռացել: Փոքր-ինչ հեռու մեքենայի հետեւից հասանք, հարցրեցի՝ դո՞ւք եք սպառնացել, որ շներին վերացնելու եք: Ասաց, թե իբր ինքն էլ է շուն սիրող, հետո հունից դուրս եկավ, բղավեց, թե ինչ ենք ուզում իրենից, ապա ասաց՝ բա գիտե՞ք, որ շները երեխա են հոշոտել այստեղ, հետո սկսեց անձնական վիրավորանքներ հասցնել մեզ»:
Աիդայի խոսքով՝ տղամարդը պնդել է, որ լավ է անում, ուզում է շանը տանել, մինչդեռ այդ շունը (լուսանկարում) խելոք է, եւ ահազանգող կինը փոքր տարիքից պահում է նրան, շենքի բնակիչներն էլ սիրում են ու խնամում. «Որոշ բնակիչներ ասացին, որ այդ տղամարդը ձագեր է հավաքում եւ ուտում: Հավանական է, որ այդ տղամարդը կապ ունի այն երեխայի ընտանիքի հետ, որի վրա հարձակում էր եղել: Այդ տղամարդը մեր թաղամասի բնակիչ է»:
Կարդացեք նաև
Տիկին Աիդան հավելեց՝ եթե որեւէ մեկը շներին վնասի, կդիմի ոստիկանություն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է զրուցակիցը