Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս գործն աննախադեպ է. պատահմամբ ձերբակալել էին մի անձի և բռնության ենթարկել, որը չպետք է ձերբակալվեր». Վարդուհի Էլբակյանը՝ «քաջարանյան գործի» մասին

Հունիս 02,2020 18:15

«Այս գործը կարող եմ որակել աննախադեպ. պատահմամբ ձերբակալել էին մի անձի, որը չպետք է ձերբակալվեր: Դա այն ցնցող լուրն է, որը հետագայում պաշտոնապես հայտարարվեց»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված առցանց քննարկմանը հայտարարեց «քաջարանյան գործով» կալանավորված Լեւոն Համբարձումյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:

Փաստաբանը նշեց, որ ոստիկանության Կապանի բաժնում նրա նկատմամբ բռնություն է կիրառվել և վրդովվեց. «Ի՞նչ է նշանակում ձերբակալվել է անձ, որը բռնության է ենթարկվել, մինչդեռ նա չպետք է ձերբակալվեր»:

Խոսելով իր ձևակերպմամբ մյուս արտառոց հանգամանքի մասին՝ փաստաբանն ասաց. «Ունենք մի իրավիճակ, երբ ընտանիքի երկու աշխատող անդամները կալանավորել են և ընտանիքին կտրել ամեն ինչից: Արդեն բողոքարկել ենք Լևոն և Բաբկեն Համբարձումյանների՝ խափանման միջոց կալանքի որոշումը»:

Վարդուհի Էլբակյանը բացահայտեց որոշ հանգամանքներ. «Երեք բողոք ենք ներկայացրել, և երեքն էլ դատարանները գտան ոչ իրավաչափ: Այս գործով ունենք յոթ դատավոր. չորսը գտել են՝ ձերբակալությունների համար հիմնավոր կասկածն է բացակայում, երեքը գտել են, որ պետք է կալանավորվեն այդ անձինք: Չորսը գտնում են, որ այս անձանց նկատմամբ որևէ հարկադրանքի միջոց կիրառելու հիմքերը բացակայում են, երեքը գտնում են, որ առկա են: Սա այն դեպքում, երբ տուժող Շավարշ Մարգարյանը, ում նկատմամբ իբր կատարվել էին այն գործողությունները, որոնք հայտարարվել էին, հայտնում է, որ իրեն տուժող չի համարում: Շավարշ Մարգարյանը հայտնել է, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել, և իր ցուցմունքները տվել է ոստիկանության աշխատողների ուղղորդմամբ և իրեն տուժող չի համարում: Այս ցուցմունքներն իրենք ունեն իրենց ձեռքի տակ: Տուժողը հայտարարում է, որ իր ցուցմունքները տվել է ոստիկանության աշխատակիցների ուղղորդմամբ՝ հայտարարելով՝  եթե չտար, ապա պատժող միջոցներ կիրառվեին: Արդեն եղել են այդ մասին հրապարակումներ: Բայց այս հանգամանքն այսօր իրավապահ համակարգը չգնահատելով, քննություն չանելով` այս տղաների նկատմամբ կայացրել է այս ապօրինի որոշումները»:

Փաստաբանի կարծիքով՝ դատավորների նկատմամբ ճնշում է գործադրվել: Նա իր կարծիքն այսպես հիմնավորեց. «Նույն գործով ներկայացվել է երեք միջնորդություն: Դատավորը քննում է գործը, որոշում կայացնում, որ հիմնավոր կասկածը բացակայում է, և միջնորդությունը մերժվում է: Ընդամենը երկու ժամ հետո առանց նոր հանգամանքներ ի հայտ գալու երեք այլ դատավոր գտնում են, որ հիմնավոր կասկածը ոչ միայն առկա է, այլև այս տղաները պետք է կալանավորվեն: Սա այլ կերպ հնարավոր չէ նկարագրել, քան ճնշում դատավորների նկատմամբ»:

Մարատ Ստեփանյանի ներկայացուցիչ Լուսինե Մարտիրոսյանը հայտարարեց՝ փաստվեց, որ քաջարանցիների աղմուկն անտեղի չէր, քանի որ սա եզակի գործերից է, որ վարույթն իրականացնող մարմինն ի սկզբանե կոպիտ խախտումներ թույլ տվել»: Նա մանրամասնեց. «Մայիսի 24-ին երեք անձ ձերբակալվել է: Դատարանները մայիսի 25-ին ոչ իրավաչափ են ճանաչել կալանավորման որոշումը, մայիսի 27-ին որևէ փաստական նոր տվյալ ձեռք չբերելու համար մեղադրանք է առաջադրվել տղաներին, մայիսի 28-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանը, գտնվելով անաչառ, մերժել է քննիչի՝ կալանավորման միջնորդությունը: Սա այն եզակի դեպքերից էր, որ դատարանում հավասար և մրցակցային սկզբունքը պահելու պահանջից ելնելով՝ խնդրում էինք ներկայացնել իրենց իսկ կողմից ներկայացված միջնորդության հիմքերը, որից քննիչները և դատախազը խուսափեցին»:

Փաստաբանն ասաց, որ Մարատ Ստեփանյանի դեպքում դատարանը գտնվեց անաչառ, միևնույն ժամանակ նշեց. «Այ, թե դրանից հետո ինչ ճնշումներ եղան, վկայում են այն դատական ակտերը, որոնք կայացրին դատարանները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930