Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս արտակարգ իրավիճակում Իտալիան լավագույնս ներկայացավ: Ես հպարտ եմ իմ երկրով». Իտալիան նշում է Հանրապետության տոնը

Հունիս 02,2020 17:55

1946թ.-ից ի վեր յուրաքանչյուր տարի հունիսի 2-ին Իտալիան նշում է Հանրապետության տոնը: Երկրորդ համաշխարհային պատերազմից ուղիղ մեկ տարի հետո անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում Իտալիան հռչակվեց հանրապետություն: Երկրի պատմության մեջ առաջին անգամ ամբողջ հասարակությունը՝ ներառյալ կանայք, հնարավորություն ունեցան մասնակցելու ազատ ընտրություններին՝ ընտրելով միապետության կամ հանրապետության միջև:

Հարկ է նշել, որ հետպատերազմական Իտալիան գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում. քայքայված տնտեսություն, բևեռացված հասարակություն, քաղաքական ճգնաժամ: Հանրաքվեից ընդամենը մի քանի շաբաթ առաջ Վիտտորիո Էմանուելե III-ը գահը զիջեց իր որդուն՝ Ումբերտո II-ին՝ հուսալով, որ այս քայլով կարող էր մեղմել ստեղծված իրավիճակը:

Հանրաքվեն իրականացավ մի մթնոլորտում, որտեղ երկրի հյուսիսային և հարավային շրջանները բևեռացված էին, հյուսիսային հատվածը առավել կողմ էր հանրապետությանը, իսկ հարավային շրջանների բնակչությունը մեծապես հարում էր միապետությանը: Ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 89,08%-ը մասնակցել է ընտրություններին, իսկ ընտրողների 54,27%-ը իր ձայնը տվել է հանրապետության օգտին:

Միապետությունից դեպի հանրապետություն անցումը, իհարկե, հեշտ չեղավ. լարված մթնոլորտ, հանրաքվեի արդյունքների ոչ միանշանակ ընդունում, մեղադրանքներ հնարավոր կեղծիքների հետ կապված: Այնուամենայնիվ հունիսի 18-ին Վճռաբեկ դատարանը պաշտոնապես հայտարարեց Իտալիայի Հանրապետության ծնունդը:

Յուրաքանչյուր տարի Իտալիան նշում է Հանրապետության տոնը, որն ուղեկցվում է բազմաթիվ միջոցառումներով, սակայն 2020թ-ը այս առումով բացառիկ էր: Այս տարի COVID համավարակով պայմանավորված տեղի չեն ունեցել ավանդաբար իրականացվող միջոցառումների մի մասը: Տոնակատարության մասնակիցների թիվը սահմանափակ է եղել: Ներկա են եղել Հանրապետության նախագահը, վարչապետը, քաղաքական և ռազմական վերնախավի որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև մասնակիցներ քաղաքացիական պաշտպանության, առողջապահական, գիտական և կամավորական ոլորտներից:

Վաղ առավոտյան նախագահ Ս. Մատարելլան ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին, ապա մեկնել է Լոմբարդիա շրջանի Կոդոնիո քաղաք, որը համարվում էր համավարակի էպիկենտրոններից մեկը: Այնտեղ նա հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին և շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին:

Տոնից մեկ օր առաջ Հանրապետության նախագահը մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շարքում կազմակերպված և կորոնավիրուսի զոհերին նվիրված համերգին, որի ժամանակ հանդես է եկել ուղերձով՝ անդրադառնալով թե տոնի պատմական կարևորությանը, թե վերջին շրջանում Իտալիայի առջև ծառացած մարտահրավերներին:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Մեր ունեցած կորուստների վշտի ու կրած տառապանքների հետ մեկտեղ օրեցօր աճող ցանկություն ենք զգում թե քաղաքացիական, թե տնտեսական վերականգնման ու վերածննդի: 1946թ-ին Հանրապետության ծնունդը նույնպես նոր սկիզբ էր մատնանշում: Հաղթահարվեցին այն բաժանումները, որ հյուծել էին երկիրը, որպեսզի Հանրապետությունը դառնա բոլորի տունը՝ հիմնված ազատության, խաղաղության և ժողովրդավարական արժեքների վրա»:

Եզրափակելով իր ուղերձը Ս. Մատարելլան նշել է. «Այս արտակարգ իրավիճակում Իտալիան լավագույնս ներկայացավ: Ես հպարտ եմ իմ երկրով»:

Անի ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930