Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր խնդիրը համավարակի տարածման կանխարգելումն է, իսկ այս հարցում մենք զիջումների գնալ չեն կարող». մարզի ղեկավարն անակնկալ այցով եղավ Վանաձորի թիվ 3 համաբուժարանում

Հունիս 02,2020 17:10

Լոռու մարզպետարանi ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Քիչ առաջ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անակնկալ այցով եղավ Վանաձորի թիվ 3 համաբուժարանում՝ Պարետի ցուցումով սահմանված կանոնների պահպանումը տեղում վերահսկելու նպատակով:Նրան ուղեկցում էր Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լուսինե Վարդանյանը:

Հենց մուտքի մոտ մարզի ղեկավարը նկատողության արժանացրեց մեկ երիտասարդ տիկնոջ առանց դիմակի և ձեռնոցների շենքից դուրս գալու համար և հարցի միջոցով տեղեկացավ, որ նա բուժհաստատության աշխատակցուհի է: Ձեռնոցներ չէր կրում նաև քարտադարանի աշխատակցուհին:

Այցելուներին հենց մուտքի մոտ ջերմաչափում արվեց և գրանցվեցին տվյալները, ապա առաջարկեցին մուտքի մոտ տեղադրված ալկոգելով ախտահանել ձեռքերը:

Հետագա շրջայցի ընթացքում մարզի ղեկավարը նաև ականատես եղավ, որ բուժհաստատության աշխատակիցները, թեև հիմնականում կրում էին դիմակներ, սակայն ձեռնոցները մեծ մասամբ բացակայում էին: Անդրեյ Ղուկասյանին ընդառաջ եկած համաբուժարանի տնօրեն Արտակ Եդոյանը մարզի ղեկավարի դիտարկմանն ի պատասխան վստահեցրեց, որ բոլոր աշխատակիցներին խիստ ցուցում է տրված՝ պահպանել սահմանված նորմերը, և նրանք յուրաքանչյուր օր ստանում են ձեռնոցներ և դիմակներ: Տնօրենը վստահեցրեց, որ նրանք, ովքեր չեն պահպանել կանոնները, կարժանանան նկատողության: Մարզի ղեկավարն ականատես եղավ նաև ոչ ընդմիջման ժամին աշխատասենյակում սնվող բուժաշխատողների, ինչը ևս անթույլատրելի համարեց:

-Իմ անակնկալ այցերը կարող են կրկնվել տարբեր հաճախականությամբ, լինելու եմ նաև մարզի այլ բուժհաստատություններում՝ անգամ հեռավոր գյուղական համայնքների: Բոլորը ստեղծված իրավիճակում պետք է շատ զգոն լինեն և հետևեն Պարետի ցուցումներին: Մեր խնդիրը համավարակի տարածման կանխարգելումն է, իսկ այս հարցում մենք զիջումների գնալ չեն կարող,-ասաց Ա. Ղուկասյանը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930