Լրահոս
Օրվա լրահոսը

«Այգու մեջ պաչպչվում են, բաներ են անում, այ մարդ, էս անելու բան չի». Քաղաքացիների դժգոհությունները՝ կորոնավիրուսի ու անվերահսկելիության հետ կապված

Հունիս 02,2020 16:50

Առաջարկ է հնչում երկշաբաթյա խիստ կարանտին սահմանել, քանի որ վերջին շրջանում կորոնավիրուսով վարակվածության ու մահվան դեպքերը շատ մտահոգիչ են: Երեւանում մեր անցկացրած հարցումը ցույց տվեց, որ մարդիկ հիմնականում կողմ են ոչ թե խստացումներին, այլ՝ վերահսկողության ուժեղացմանը:

Ոմանք գտնում են, որ խստացումների կարիք չկա, մարդն ինքը պետք է մտածի իր եւ հարազատների առողջության մասին. «Ինչքան էլ ուզում է ասեն՝ այսպես արեք, այնպես արեք, եթե մարդը չի հասկանում, թե ոնց պետք է իրեն պահի, ոչ մի բան էլ չի օգնի»:

Քաղաքացիները դժգոհում են, որ շատերը փակ միջավայրում ձեւական են փակում դեմքը, խոսելիս դիմակը բացում են: Մի քաղաքացի գտնում էր, որ պետք է փակել սրճարանները, ժամանցի օբյեկտները, մարդիկ պետք է հնարավորինս տնից դուրս չգան, աշխատեն տնից:

Մեկն էլ վստահեցնում էր, որ իր հարեւանների հետ սուրճ խմելու, բլոտ ու նարդի խաղալու ավանդույթները «սառեցված են». «Միայն բալկոնից բալկոն բարեւ-բարի լույս»: Դժգոհություն կա, որ այգում կարանտինի այս պայմաններում ջահելները «պաչպչվում են». «Այ մարդ, էս անելու բան չի, էլի: Ամոթը մի կողմից, վարակն էլ հետը»:

Մի քաղաքացի էլ ամեն տեղ անպատասխանատու վերաբերմունք է տեսնում՝ սրճարաններում, փողոցում. «Շատ ցանկալի կլիներ, որ խստապահանջ լիներ պետությունը: Այս թուլացումը մի քանի օր տեւեց, մենք երկու ամիս նորմալ ապրեցինք, բնությունն էլ շնչեց, բայց ընդամենը այս 2 շաբաթվա ընթացքում այս ամեն ինչը անհասկանալի է: Վստահեցին մեզ, մենք այդ վստահությունը չարդարացրեցինք: Բայց նա, ով վստահել է, իրենք ճիշտ են, մե՛նք պետք է ավելի պատասխանատու լինենք ՝ որպես մարդ, որպես հայ, լինենք իրար սիրող ու հարգող, որովհետեւ մի բուռ ենք: Մեր մենթալիտետը ջանով-ջիգյարովն է, ու մեզ հիմա մի փոքր խստությունը չի խանգարի: Եթե մի որոշ ժամանակ սահմանափակումներով ապրենք, ոչ մի բան չի լինի մեզ հետ: Մենք այնքան դժվար տարիներ ենք ապրել՝ առանց հաց, առանց լույս, առանց ջուր, առանց կյանք, սա ի՞նչ է, որ մենք չենք դիմանում: Պետք է մի բռունցքի պես պայքարենք: Անհարմար չի՞, պարտավոր ենք օգնել ղեկավարությանը եւ ինքներս մեզ»:

Քաղաքացիները առողջություն էին մաղթում վարչապետին, բայց նաեւ բողոքում էին. «Ինքը պիտի ավելի զգույշ լիներ ու չհասներ այս աստիճանի: Դա անզգուշության հետեւանք է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930