Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնամակալ դառնալու ցանկություն հայտնել էր նաև գլխավոր բժիշկը, բայց Նազելին իր հորաքրոջն ուզեց»․ Էդուարդ Բաղրամյան

Հունիս 02,2020 16:35

Քիչ առաջ ավարտվեց Գյումրու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում էր Գյումրիում իր իսկ տան մեջ դաժան բռնության ենթարկված 13-ամյա աղջկա խնամակալության հարցը։

Ինչպես երեկ՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամլո քարտուղար Գևորգ Դերձյանը, 13-ամյա Նազելին արդեն լիարժեք ապաքինվել է և պատրաստ է դուրս գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։

Գյումրու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանն Aravot.am-ին որոշակի մանրամասներ ներկայացրեց նիստից։

«Նիստը կայացավ, միաձայն որոշվեց Նազելիին հանձնել հորաքրոջ խնամակալությանը, որը բնակվում է իրենց հարևանությամբ։ Հորաքույրն է ցանկություն հայտնել, որպեսզի դառնա Նազելիի խնամակալ, իսկ եղբորը՝ Ռուդիկին, որը շուտով կդառնա 18 տարեկան, նրա էլ հոգաբարձուն։ Կարգն է այդպես․ մինչև 14 տարեկանի համար խնամակալ է, 14-ից բարձրի համար հոգաբարձու է։

Այդ իրավունքը մենք տվեցինք հորաքրոջը, բայց կար խնամակալության համար ևս մեկ դիմող՝ մայրաքաղաքից։ Հիշում եք, նա դիմում էր ներկայացրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Կինը ուզում էր դառնալ խնամատար ընտանիք, բայց օրենքում հստակ նշված է՝ եթե չկան հարազատ խնամակալներ, հարազատ բառը շեշտում եմ, նրանք հրաժարվում են, ցանկություն չեն հայտնում, նոր այդ դեպքում խնամատար ընտանիքին կարող ես հանձնել։ Այսինքն, մենք չէինք կարող անտեսել հորաքրոջ կապը ու տալ այդ կնոջը։

Իմ մասնավոր կարծիքով, այդ կնոջը տալը կարող էր ավելի լավ լիներ: Ինչու եմ ասում՝ քաղաք Երևանում էր, ապահոված կին էր՝ կայուն եկամտով, չուներ ընտանիքի այլ անդամներ, միայնակ կին է՝ մոտ 50 տարեկան։ Բայց չպիտի մոռանայինք Նազելիի կարծիքը, նա ուզում էր անպայման մնալ եղբոր մոտ, ապրել իր հարազատների հետ, և մենք ինչ տարբերակ էլ որոշեինք, պարտադիր պիտի լսեինք, հաշվի նստեինք Նազելիի կարծիքի հետ։ Նա ուզեց իր հորաքրոջ մոտ ապրել, այստեղ է ասված՝ արյունը երբեք ջուր չի դառնում։

Նազելին նիստին ներկա չէր, բայց մենք նախապես զրուցել էինք նրա իր հետ։

Երկու օրից Նազելին կլինի տանը, մենք զգուշացրել ենք, որ հետևում ենք, դա մեր պարտականությունն է, խնամակալության հանձնված անձը մինչև 18 տարեկանը պարտադիր մնում է մեր հսկողության տակ։ Խնամակալության մարմինը պարտավոր է հետևել երեխան ուր գնաց, ինչպես է վիճակը, ինչ հսկողության կա, ինչպես են ապրում»,-ասաց Էդուարդ Բաղրամյանը։

Իսկ որտե՞ղ են ապրելու երեխաները, մեր զրուցակիցն ասաց․ «Իրենք տուն ունեն, բայց առայժմ կապրեն հորաքրոջ տանը։ Տարբերակները շատ են՝ կամ հորաքրոջ տանը, կամ վարձով բնակարան, ցանկալի չէ այն տունը, որտեղ դեպքը կատարվել է, դա սթրես է նրանց համար։ Միգուցե վաղը մի բարեգործ կլինի, մի նոր բնակարան կգնի նրանց համար»։

Մեր դիտարկմանը, թե հորաքրոջ և երեխայի միջև ստեղծված անդունդը հաջողվե՞ց ձեզ վերացնել, սկզբում հորաքույրն այլ ձևով էր մտածում, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահն ասաց․ «Անդունդը վերացավ մեր աշխատանքի շնորհիվ։ Մենք հասանք նրան, որ հորաքույրը, որն առաջ չէր ուզում տեսնել, այժմ ինքն է սիրով պատրաստակամ իր երեխային տիրություն անելու։ Ժամանակին, երբ մայրը կենդանի էր, ու հորաքույրը տղային տարել էր իր մոտ, աղջկան ևս առաջարկել էր, բայց նա ասել էր՝ կմնամ մամայիս հետ ու այս փաստը իրենք դժվարությամբ էին մարսում, մտածում էին ժամանակին առաջարկեցինք, չընդունեց ու նման պատմություն եղավ»։

Էդուարդ Բաղրամյանն ասաց, որ խոսքեր չի գտնում իր շնորհակալությունը հայտնելու «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անձնակազմին, որտեղ երեխային ոտքի կանգնեցրեցին, կյանք տվեցին, իդեալական, հոգատար վերաբերմունք ցուցաբերեցին․ նա լիարժեք ապաքինված է։

«Այնտեղ նրան վերաբերել են այնպես, ինչպես իրենց հարազատ աղջկան, ընտանիքի անդամին, ընդհուպ մինչև գլխավոր բժիշկը ցանկություն է ունեցել որպես խնամատար ընտանիք Նազելիին տանել իրենց տուն, բայց նա պնդել է՝ ես ուզում եմ միանալ իմ հարազատներին»,-պատմեց Էդուարդ Բաղրամյանը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրու Տեքստիլագործների թաղամասում 28-ամյա տղամարդը ծեծելով դաժանաբար սպանել էր 43-ամյա իր ընկերուհուն ու մարմնական ծանր վնասվածքներ պատճառել նրա 13-ամյա դստերը, որը, բարեբախտաբար, արդեն լիարժեք ապաքինված է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930