Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բաբկեն Համբարձումյանն ունի զույգ մանկահասակ երեխաներ, մեկը առողջական լուրջ խնդիրներ ունի, Բաբկենը տան միակ աշխատողն է». Կարեն Ղազարյանը՝ քաջարանյան գործով ձերբակալված երիտասարդի մասին

Հունիս 02,2020 16:20

«Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ են եղել»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված առցանց քննարկմանը հայտարարեց Քաջարանի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Բաբկեն Համբարձումյանի պաշտպան, փաստաբան Կարեն Ղազարյանը:

Հիշեցնենք՝ «քաջարանյան գործով» մեղադրյալներ Լեւոն Համբարձումյանն ու Բաբկեն Համբարձումյանը կալանավորված են:

Մայիսի 24-ին մեծ թվով քաջարանցիներ հավաքվել էին ոստիկանության Կապանի բաժնի մասնաշենքի առջև։ Այդ օրն առավոտյան մի քանի քաջարանցի երիտասարդներ բերման էին ենթարկվել ոստիկանություն։ Քաջարանցիները վրդովված էին, որ բռնություններ էին կիրառվել նրանց նկատմամբ:

Կարեն Ղազարյանը ներկայացրեց Կապանում տեղի ունեցած իրադարձությունների նախապատմությունը. «Մեզ դիմել էին սույն գործով մեղադրյալները և նրանց ազգականները, թե Քաջարանում լուրեր են շրջանառվում, որ իրենց նկատմամբ պատրաստվում են քրեական հետապնդում իրականացնել: Ամեն անգամ չէ, որ Կապանում և Քաջարանում կարող է գտնվել գլխավոր վարչությունից քննչական խումբ, ոստիկանական հատուկ զորքեր: Այս ամենն անհանգստություն էր առաջացել և որոշակի մտավախություն ունենալով՝ մեզ դիմել էին: Ուրբաթ օրն արդեն Քաջարանում էինք, ունեցել ենք կոնսուլտացիաներ, եկել ենք այն մտքին, որ սպասենք ծանուցման: Չէին բացառում նաև բերման ենթարկելու տարբերակը, բայց բացառում էին այդ կերպ բերման ենթարկելը: Կիրակի առավոտյան կապվեցին և հայտարարեցին, որ Քաջարանի երեք քաղաքացիներ՝ նրանցից երկուսն արդեն մեր պաշտպանյալներն են, Կապանի ոստիկանության բաժին են բերման ենթարկել: Մի քանի րոպե հետո հասանք ոստիկանության բաժին»:

Փաստաբանն ասաց, որ իրենց պաշտպանյալների հետ պայմանավորվածություն են ունեցել՝ պետք է պահանջեն փաստաբանի ծառայություն, սակայն նրանց զանգի հնարավորությունը չէին տվել: Այնուհետև նշեց, որ փաստաբաններին թույլ չեն տվել մուտք գործել ոստիկանական բաժին՝ իրենց պաշտպանյալների մոտ, փոխարենը ցուցադրաբար իրենց առջևով այդ երկու երիտասարդներին՝ գլուխը իջեցրած, թևերը ոլորած, տարել են քննչական բաժին: Փաստաբանն ասաց, որ միայն քննիչների հետ բանակցություններից հետո կարողացել են մուտք գործել քննչական բաժին իրենց պաշտպանյալների մոտ: Նա տեղեկացրեց, որ հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին փաստաբանների աշխատանքը խոչընդոտելու համար:

Խոսելով բռնությունների մասին՝ փաստաբանն ասաց. «Մենք այդ ժամանակ զանգեր էինք ստանում, թե բռնություններ են կիրառվում: Սակայն ես նշում էի, որ այս երկու տղաների նկատմամբ այս պահին չի կիրառվում բռնություն: Ոստիկանության դիմաց մի քանի ազգականներ հեռու կանգնած էին: Այդ ընթացքում մեկ այլ անձ էլ սխալմամբ բերմամբ էր ենթարկվել և նրա նկատմամբ բռնություն է կիրառվել: Ես ստացա լուսանկարներ բռնության հետքերով, բայց անձամբ նրա պաշտպանությունը չեմ ստանձնել: Ու այդ պահից սկսած լսեցի աղմուկ. պատուհանից տեսա, որ բազմությունը շատանում է, քանի որ տեղեկություն կար, որ երիտասարդներին բոլորին բռնության են ենթարկել»:

Կարեն Ղազարյանը վստահեցրեց՝ քննությունն ի սկզբանե տարվել է փաստաբանների և երիտասարդների իրավունքների ոտնահարմամբ ու շարունակեց. «Այսօր տեսնում ենք, որ շարունակվում է այդ փաստի անտեսումը՝ իրենց կայացրած որոշումների ոչ օբյեկտիվության առումով: Ձերբակալում են երիտասարդներին այն դեպքում, երբ փաստաբանները երկու օր առաջ եկել, սպասում էին: Ձերբակալում են՝ կոշտ, բռնի, ոչ համաչափ ուժ կիրառելով, առանց ծանուցելու, առանց մինչև կասկածյալ ձերբակալելը այլ կարգավիճակում նրանց լսելու: Այս առումով ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ են եղել: Չեմ կարող ասել՝ իրականում բռնություն եղե՞լ է երիտասարդների նկատմամբ, թե՞ ոչ. իմ ներկայությամբ բռնություն չի եղել: Երիտասարդներն իրենք պիտի ասեն»:

Խոսելով այն դիտարկումների մասին, թե Սյունիքից սկսվում է հակահեղափոխական շարժում՝ Կարեն Ղազարյանը հայտարարեց. «Այդ ժողովուրդը՝ քաջարանցիները քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունեն: Նրանք սկսեցին հավաքվել, երբ բռնությունների մասին ահազանգ եղավ, երբ երիտասարդների նկարները տարածվեցին: Իրենց ինքնաբուխ հավաքն իրենց համաքաղաքացիների իրավունքների պաշտպանելու համար էր: Եթե ոստիկանությունը մեզ թույլատրեր օրենքով նախատեսված կարգով մուտք գործել ոստիկանություն, չէր լինի ոչ ենթադրյալ բռնություն, ոչ հավաք, համաճարակային պայմաններում մարդիկ իրենց կյանքը վտանգելով չէին կանգնի անձրևի տակ: Սա քաջարանցիների ըմբոստությունն էր անօրինականության դեմ, նրանք հերոսներ են: Իրենք ունեն իրենց համակեցության կանոնները, բոլորը բոլորին ճանաչում են, իսկ երիտասարդներն առաջին իսկ կանչի դեպքում ներկայանալու էին»:

Խոսելով գործով մեղադրյալ Բաբկեն Համբարձումյանի ձերբակալման և կալանավորման մասին՝ փաստաբանը տեղեկացրեց, որ նա ունի զույգ երեխաներ, որոնցից մեկն ունի լուրջ առողջական խնդիր, ծախսատար բժշկական պրոցեդուրաներ է անցնում, իսկ տան միակ աշխատողը Բաբկենն է: Իսկ մյուս կալանավորվածը նրա եղբայրն է՝ Լևոն Համբարձումյանը: Նույնիսկ, երբ ինքն է տեսել երեխայի տեսանյութերը, սարսափել է: Այս առիթով փաստաբանն ասաց. «Չի կարող քրեական դատավարությամբ նախատեսված որևէ ռիսկ՝ օրինակ՝ խոչընդոտման ռիսկն, ավելի բարձր արժեք ունենալ, քան երեխայի առողջությունը: Էլ ի՞նչը կարող է ավելի կարևոր լինել, քան մանկահասակ երեխայի առողջությունը: Իսկ խոչընդոտման ռիսկը հնարավոր է չեզոքացնել՝ գրավով, տուժողի նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելով, օպերատիվ գործողություններով»:

Փաստաբանը չբացառեց, որ անհրաժեշտության դեպքում միգուցե հրապարակեն Բաբկեն Համբարձումյանի երեխայի առողջության հետ կապված տեսանյութեր և բոլոր մայրերին կոչ արեց համերաշխություն հայտնել Բաբկեն Համբարձումյանին կալանքից ազատելու և երեխայի բուժումը դրսում շարունակելու համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930