Լրահոս
Օրվա լրահոսը

«Իներցիան տարբեր համակարգերում է գործում, խնդիրն այն է, որ այդ իներցիան միանգամից կանգնեցնելը կարող է շատ կործանարար լինել». Տիգրան Կարապետյան

Հունիս 02,2020 15:49

Կառավարությունը ոստիկանության բարեփոխումների ծրագիր է մշակել ու շրջանառության մեջ է դրել «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է 700 ոստիկանի կրթել ու սկզբում Երեւանում, այնուհետեւ՝ մարզերում ճանապարհային ու պարեկային ոստիկանության փոխարեն ներդնել նոր համակարգ՝ կիրթ, բանիմաց ոստիկաններով:

Aravot.am-ը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանին հարցրեց՝ այդ 700 ոստիկանը այսպես ասած՝ «եղանա՞կ են փոխելու», ու բարձրացնելո՞ւ են ընդհանուր ոստիկանական համակարգի նկատմամբ մարդկանց վստահությունը, չէ՞ որ նախկինից ունեցած իներցիայով են ոստիկանները գործում: Նա պատասխանեց. «Իներցիան տարբեր համակարգերում է գործում, ե՛ւ պաշտպանական, ե՛ւ իրավական համակարգերում իներցիան կա: Խնդիրն այն է, որ այդ իներցիան միանգամից կանգնեցնելը կարող է շատ կործանարար լինել համակարգի համար: Հասկանալի է, որ մենք այդքան մարդկային կամ այլ առումով մեծ ռեսուրս չունենք, որ եղած համակարգը քանդենք ու զրոյից նորը սարքենք: Սա էվոլյուցիոն պրոցես է, որի միջով մենք անցնում ենք: 700 պարեկը որակի առումով իհարկե օգուտ կտա, սա նաեւ կրթական պրոցես է, նշված է լինելու ե՛ւ ոստիկանի վերաբերմունքը քաղաքացու հանդեպ եւ իր հստակ գործառույթները՝ իրավախախտման դեպքում, իր պահվածքը: 700-ով չի սահմանափակվելու, ուղղակի առաջին փուլում Երեւան քաղաքում կարվի, հաջորդ փուլում խնդիրները կկարգավորվեն, որպեսզի պրոցեսը չկանգնի»:

Հարցին՝ բա Վրաստանում ո՞նց այդպես արագ ու շատ ակնառու փոփոխություններ եղան, հնարավոր չի՞ մեզ մոտ էլ մեխանիզմ մշակել ու ասել՝ այսօրվանից փող չեք վերցնելու, քաղաքացիների հետ այլ կերպ եք հարաբերվելու՝ Տիգրան Կարապետյանը պատասխանեց, որ նոր համակարգը ստեղծելիս կառավարությունը հաշվի է առել նաեւ վրացական փորձը. «Վրաստանի ոստիկանությունը, այո, օրինակելի է, բայց այնտեղ նույնպես խնդիրներ եղել են, որոնք մենք փորձում ենք չկրկնել: Առաջին փուլում եղել են խնդիրներ: Մենք հիմա փորձում ենք հաջողված փորձը վերցնել եւ սխալները չկրկնել»:

Պատգամավորը վստահ է՝ Հայաստանում ոստիկանական համակարգի բարեփոխումները տալու են ցանկալի արդյունք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930