Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարեւանի ընտանի կենդանին մտնում է մյուսի տարածք, ոստիկանը չի կարող վեճը հարթել». պատգամավոր

Հունիս 02,2020 15:32

«Ոստիկանության բարեփոխումների նպատակը մասնագիտացված ոստիկանի կերպարի ստեղծումն է: Տպավորություն է, թե ճանապարհային ոստիկանությունը եւ պարեկապահակետային ծառայությունը միավորվելու են եւ դառնան պարեկային ծառայություն, բայց իրականում այդպես չէ: Պարեկային ոստիկանությունը նոր սկզբունքներ եւ արժեհամակարգ է ունենալու, որոնք էական տարբերվելու են ոստիկանությունում հիմա առկա բոլոր ստորաբաժանումներից»,-ԱԺ նիստում այսօր ՀՀ ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր, ոստիկանության նախկին պաշտոնյա Արմեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ այս օրենսդրական փոփոխությամբ ստեղծվելու են պարեկային ծառայություն եւ օպերատիվ կենտրոն:

Խաչատրյանի խոսքով՝ պարեկային ոստիկանությունն ավելի լայն ծառայություններ պետք է ունենա, քան վերոնշյալ երկու ծառայությունները. «Պետք է ունենա լիազորությունների այնպիսի ծավալ, որը հարկադրական գործառույթների հետ կապված չէ: Պարեկը հանրության եւ պետության միջեւ կապը պետք է լինի: Այսօր ունենք իրավիճակ, երբ մի շարք կոնֆլիկտային հարցերում, որոնք հանցագործություններ եւ խախտումներ չեն, բայց վեճեր են, քաղաքացին դիմում է ոստիկանությանը, վերջինս էլ չի կարողանում միջամտել: Առավելագույնը, որ անում է, խորհուրդ է տալիս դիմել դատարան, ինչը գործուն մեխանիզմ չէ: Եթե ավելի պարզ, հարեւանի ընտանի կենդանին մտնում է տարածք, վեճ է լինում, իսկ ոստիկանությունը լիազորություն չունի այստեղ»:

Ըստ Արմեն Խաչատրյանի՝ պարեկային ոստիկանը նման վեճերը լուծելու համար պետք է ունենա գործադրիչ-կարգադրիչ լիազորություններ, ինչը կբարձրացնի նրա դերակատարումը. «Ոստիկանության բարեփոխումներն օր առաջ պետք է արվեն: Բարեփոխումները պայմանավորված են ոչ թե ոստիկանության վատ աշխատանքով, այլ ժամանակի անհրաժեշտությամբ: Ոստիկանությունն այսօր համարժեք չէ հանցավորությանը, նկատի չունեմ օրենքով գողերին եւ գողական կրիմինալին, որովհետեւ այս ուղղությամբ ոստիկանության պայքարը բավականին արդյունավետ է: Լայնածավալ պայքար կա կոռուպցիայի դեմ, որի հանցավորության սուբյեկտները էականորեն տարբերվում են, նյութական եւ իրավական պաշտպանության, քաղաքական մեծ ռեսուրսներ ունեն, ուստի ոստիկանությունը պետք է պատրաստ լինի դիմակայելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930