Սեւանա լիճը սկսել է «ծաղկել»: Այսօր այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը: Նրա խոսքով, «ծաղկումը» սկսվում է Վարդենիսի տարածաշրջանից եւ տարածվում հատվածային: Անցյալ տարի ծաղկումն ավելի ուշ է սկսվել՝ հունիսի կեսերից, այս տարի, ըստ փոխնախարարի, մայիսի վերջից արդեն ջրի լաբորատոր հետազոտությունը ցույց է տվել, որ ֆոսֆորի քանակությունը նվազում է, ինչը վկայում է ցիանոբակտերիաների աճի մասին:
«Սրանք բակտերիաներ են, որոնք սնվում են ֆոսֆորով եւ, երբ արձանագրում ենք ֆոսֆորի սպառում, որպես կանոն դա խոսում է այն մասին, որ ծաղկման առաջնային փուլերն արդեն սկսել են»,-ասաց Իրինա Ղափլանյանը: Նրա խոսքով, այս պահին հստակ չեն կարող ասել «ծաղկումն» ինչ ծավալների կլինի, որովհետեւ բազմաթիվ գործոններից է կախված. «Սեւանա լճի էկոհամակարգը կոմպլեքս է, բազմաշերտ եւ շատ գործոններ են ազդում ծաղկման գործընթացի վրա: Անցյալ տարի ծաղկումը սկսել է հունիսի կեսերից եւ տեւել է մի քանի շաբաթ»:
Փոխնախարարի խոսքով, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի լճի ճահճացումը կանխեն, հակառակ դեպքում կորուստն անվերադարձ կլինի. «Եթե մենք չկարողանանք ժամանակին իրականացնել միջոցառումներ ու կանխել, կարող ենք լիճը կորցնել: Նման դեպք եղել է Բուլղարիայում»:
Փոխնախարարն ասաց, որ հիմա Սեւանա լճի ջրից պարբերաբար նմուշառում են անում՝ հասկանալու համար, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում: Նրա խոսքով, այս խնդիրը ծագել է դեռեւս տարիներ առաջ, սակայն կան որոշակի բացասական գործոններ, որոնք հավելյալ ազդեցություն են ունենում Սեւանա լճի էկո համակարգի վրա:
Կարդացեք նաև
Գլխավոր խնդիրներից է՝ Սեւանա լճի ջրի մակարդակի իջեցումը, կենցաղային եւ այլ կեղտաջրերի ներհոսքը, գլոբալ տաքացումը. «Հայաստանի տարածքում մենք արձանագրել ենք 1,3 ջերմաստիճանի տաքացում, որը գլոբալ տաքացման արդյունք է: Սեւանը եզակի դեպք չէ, աշխարհով մեկ կա այդպիսի քաղցրահամ ջրերի ծաղկում»:
Իրինա Ղափլանյանն ասաց, որ Սեւանի էկոհամակարգի վերականգնման ծրագիր են մշակել եւ ներկայացրել Եվրամիությանը:
Սեւանից ջրառ կլինի՞, թե՞ ոչ հարցին, տիկին Ղափլանյանը պատասխանեց, որ, եթե լինի էլ առաջնայնությունը կտրվի գյուղատնտեսությանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ