Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի հանրապետությունում նոր կորոնավիրուսով վարակվող քաղաքացիների թիվն անցավ 10.000-ը, մեկ օրվա կտրվածքով արձանագրվող դեպքերի թիվն այսօր 517 է, որը ռեկորդային է: Մահվան ելքով միջադեպերի թիվը վերջին օրվա ընթացքում 20 է, իսկ ընդհանուր թիվը՝ 214:
Արդեն ակնհայտ է, որ պատասխանատուները տապալել են գործընթացը և իրավիճակը գնալով աղետալի է դառնում:
Ժամանակն է, որպեսզի որքան հնարավոր է արագ Հայաստանի Հանրապետության վարչապետը փոփոխություններ մտցնի ինչպես կադրային, այնպես էլ՝ համաճարակի դեմ պայքարի ռազմավարության մեջ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իրավիճակը լուրջ անվտանգային սպառնալիքներ է առաջացնում՝ անհրաժեշտ է հակահամաճարակային միջոցառումների ողջ գործընթացի ուսումնասիրության նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորել, որը մասնագիտական, քաղաքական, անվտանգային և մի շարք այլ գործոնների համատեքստում մանրամասն կուսումնասիրի համաճարակի մեկնարկից իրականացված աշխատանքների արդյունավետությունը, հստակ կմատնանշի տապալման մեղավորներին՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով:
Կարդացեք նաև
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ խիստ անհրաժեշտություն եմ տեսնում, որպեսզի Արցախի Հանրապետությունում ևս վերանայվի նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը, որովհետև անկախ այն հանգամանքից, որ Հայաստան-Արցախ սահմանակետերում շարժերի սահմանափակումներ են մտցված, սակայն ՀՀ-ում վարակակիրների կտրուկ աճով պայմանավորված, ինչպես նաև՝ ԱՀ-ում վարակակիրների թվի մեծացմամբ, նոր իրավիճակ է ստեղծվում: ԱՀ-ում ևս հապաղելու ժամանակ չունենք, պետք է օպերատիվ ու խիստ թիրախային քայլերով կանխենք վարակի հնարավոր տարածումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա ընտանիքի անդամներին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված մեր բոլոր հայրենակիցներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և քաջառողջություն»։