Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավորինս շուտ պետք է օրենքն ունենանք, որ պարեկային ծառայության ընդունելություն սկսենք». փոխնախարար

Հունիս 02,2020 14:10

ԱԺ նիստում այսօր քննարկվում է ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը տեղեկացրեց՝ ԲՀԿ-ն առաջարկել է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել 2021թ.-ի հունվարի մեկը. «Սակայն մեր տրամաբանութամբ եւ գործողությունների պլանի համաձայն՝ չենք կարող նման ժամկետ սահմանել: Հնարավորինս շուտ պետք է օրենքն ունենանք, որ ընդունելություն սկսենք պարեկային ծառայության համար: ԲՀԿ-ն նաեւ առաջարկել էր, որ միայն ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք կամ կառավարության սահմանած՝ որոշակի մասնագիտության բարձրագույն կրթություն ունեցողները մասնակցեն մրցույթին, բայց կառավարության համար ընդունելի չէ դա: Բացի այդ, հասկանալի չէ, թե ինչ մասնագիտությունների մասին է խոսքը: Մյուս կողմից, մենք բաց մրցույթ ենք հայտարարելու, որին կարող են մասնակցել թե ոստիկանները եւ թե բոլոր քաղաքացիները, ուստի ԲՀԿ-ի առաջարկը հակասում է մեր մոտեցմանը: Պարեկային ծառայությունը բազային կրթություն է ենթադրում, բայց որեւէ երկրում բարձրագույն կրթության պարտադիր պահանջ չկա»:

Հիշեցնենք, որ այս փոփոխություններով՝ ճանապարհային ոստիկանության փոխարեն գործելու են պարեկային ծառայությունն ու օպերատիվ կենտրոնը:

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է այս փոփոխությունների օրինագիծը նման հրատապությամբ քննարկվում՝ երկրորդ ընթերցման կազմակերպման 24-ժամյա ընթացակարգով: Փոխնախարարը նշեց, որ դա պայմանավորված է կառավարության հաստատած՝ ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրով, ըստ որի՝ այս տարի է նախատեսվում պարեկային ծառայության գործարկում. «Մենք ուզում ենք եւ կարող ենք հունիսին մրցույթի հայտարարություն անել, հայտերն ուսումնասիրել, քննություն կազմակերպել, հետո՝ 5-ամսյա կրթություն իրականացնել: Իսկ քաղաքական առումով օր առաջ այս բարեփոխումները սկսելու պայմանները կան: Մեր կառավարությանը եւս քննադատել եք, որ ոստիկանության բարեփոխումներն ուշանում են, իսկ հիմա հարցնում եք, թե ինչու ենք հրատապ կարգով օրինագիծը բերել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930