Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Առաքելյան. «Հենց դրական եզրակացությունը լինի, հաջորդ օրն իսկ կսկսենք թեստերի արտադրությունը»

Հունիս 02,2020 13:54

Օրերս ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին և ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանին ասել էր, որ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն իր արտադրած կորոնավիրուսի ախտորոշման թեստերը շուտով կուղարկի փորձարկման ՀՀ առողջապահության նախարարություն:

Aravot.am-ը Արսեն Առաքելյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գործընթացը: «Մենք հենց այսօր թեստերը տանում ենք փորձարկման, ավելի ուշ այդ մասին հայտարարություն կարվի»,-ասաց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը:

Հարցրինք, թե մոտավորապես ե՞րբ հայտնի կլինեն արդյունքները: Արսեն Առաքելյանն ասաց, որ այդ հարցին ինքը հստակ պատասխանել չի կարող, նաեւ հավելեց. «Հույս ունեմ, որ սեղմ ժամկետներում»:

Իսկ եթե ամեն ինչ բարեհաջող հանգուցալուծում ստանա, ե՞րբ կսկսեն թեստեր արտադրել: « Հենց փորձարկումների դրական եզրակացությունը լինի, տառացիորեն հաջորդ օրը կսկսենք թեստերի արտադրությունը: Մենք ամեն ձեւով պատրաստ ենք դրան: Այսօր թեստերի առաջին խմբաքանակը կտանք փորձարկման ու կսպասենք պատասխանի»,-ասաց Արսեն Առաքելյանը:

Հավելենք, որ ինստիտուտն աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի հետ:

Ավելի վաղ Արսեն Առաքելյանը վստահեցրել էր, որ իրենց թեստերը զգայուն են և կարող են հայտնաբերել վիրուսը՝ համեմատաբար ցածր տիտրի (վիրուսի կոնցենտրացիայի) դեպքում: Իսկ փորձարկման շրջանից հետո իրենք նախատեսում են օրական շուրջ 1000-2000 թեստ արտադրել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում՝ Արսեն Առաքելյանն ու Ռադիկ Մարտիրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930