Լրահոս
Օրվա լրահոսը

Այլեւս չկա՛ Արցախի հարց, կա Ադրբեջանի՛ հարց

Հունիս 02,2020 22:00

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդես եկան հայտարարություններով, որոնք բացի «ավանդական» դարձած սպառնալիքներից պարունակում էին նաեւ խիստ ուշագրավ երանգներ՝ նոր տարածական չափումներ, որոնք չեն կարող չազդել հակամարտության եւ նրա կարգավորման փիլիսոփայության վրա։

Իհարկե, վերլուծելով հայտարարությունները, գոնե հրապարակված մասով, հնարավոր չէ չտեսնել, թե Ղարաբաղյան հակամարտության լուծման ինչպիսի սցենար են Բաքվում «տեսնում»։

Իսկ Բաքվում հասկանում են, որ Ղարաբաղյան խնդրի լուծում իրենց պատկերացրած ձեւով՝ պարզապես գոյություն չունի։ Հասկանում են նաեւ, որ մինչ օրս թափած ջանքերը եւ ծախսած միջոցները, տածած հույսերը եւ այդ նպատակով հասարակության մեջ պետականորեն արթնացրած կենդանական բնազդներն ի զորու չեն ազդելու իրերի դասավորության վրա, եւ երկրորդ հայկական պետականությունն այլեւս կայացած փաստ է։ Մենք էլ ենք հասկանում, նրանք էլ են հասկանում։

Ալիեւը ոչ այնքան իրեն, որքան իր եւ իր չեկիստ հայրիկի կողմից հիմարացրած եւ չարացրած հասարակությանն է հույս տալիս, որ «աշխարհում ուժի գործոնը դուրս է գալիս առաջին պլան», մեզ փորձելով հասկացնել, թե կգա ինչ-որ «Իքս օր», երբ «ահեղ» Ադրբեջանն իր ողջ ուժով «կասի իր տղամարդկային խոսքը»։ Նա նաեւ խոսում է «առավելությունից», խոսում է, թե ինչպես էին հայերն իբր «զգաստ կանգնում» իր հոր առաջ, խոսում է «հին ադրբեջանական Իրեւան քաղաքից», որը մեծահոգի ադրբեջանցիները «սխալմամբ զիջեցին, նվիրեցին հայերին որպես մայրաքաղաք»։ Իհարկե, այս զառանցանքին պատասխանելը, հերքելը, բանավիճելը դառնում է ժամանակի ավելորդ վատնում, եւ նպատակ էլ չկա։

Այստեղ ուշագրավն այն է, որ Ալիեւի «մտքի ընթացքն» անդառնալիորեն դուրս է եկել Ղարաբաղյան հակամարտության սահմաններից եւ տրամաբանությունից, նա ուղղակի երազում է բնաջնջել հայերին Կովկասում, ընդհուպ մինչեւ Երեւանում, վերացնել Հայաստան պետությունը, եւ դրանում է տեսնում իր եւ իր ղեկավարած չարորակ ռեժիմի առաքելությունը։ Այսինքն, Բաքվից մեզ պարզ լեզվով տեղեկացնում են, որ չկա՛ Ղարաբաղյան հարց, կա Հայաստանի՛ հարց։ Եվ Ադրբեջանի հասարակության գերակշռող մասը կիսում է այդ հանցավոր մտադրությունը, եւ սա այլեւս փաստ է, որի հետ մենք չենք կարող հաշվի չնստել։

Նույն ոգով հայտարարությամբ է հանդես գալիս նրա պաշտպանության նախարարը։ Նա մեզ «խոստանում» է ձեռնարկել «այլ բան, քան 2016-ի գործողություններն էին», որի արդյունքում մեզ սպասում է «քաղաքական, տնտեսական եւ ռազմական տապալում»։

Դե ինչ, ինչպես եւ ասվեց, այո՛, չկա այլեւս Ղարաբաղյան խնդիր։ Բայց սա նշանակում է, որ այն լուծված է, եւ որ կա Ադրբեջանի՛ խնդիր, որը լուծում է պահանջում։ Տարածաշրջանի թիվ մեկ չարիքը սպառնում է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ Եվրոպական անվտանգությանը, միջազգային խաղաղությանը, 21-րդ դարում ապականում է միջավայրը ռազմատենչ, ռասիստական, նացիստական, ցեղասպանական կոչերով, խոստովանում, որ հենց Ալիեւի հանցագործ ռեժիմն է սանձազերծել պատերազմը 2016-ի ապրիլին։

Նավթից հոռացած այդ չարորակ «պետական» կազմավորումը սպառնում է այդ տարածքում իր տիրապետության ներքո ապրող մարդկանց կյանքին, անվտանգությանը եւ ապագային, այն դժոխքի է վերածել այդ տարածքի բնիկ ժողովուրդների՝ թալիշների, լեզգիների, ավարների եւ այլոց կյանքը, պարտադրելով նրանց խորթ, միջնադարյան սելջուկների վայրենի, ոհմակին բնորոշ բարքերը։ Ուստի, նրանց ճակատագիրը դառնում է մեր բարոյական պատասխանատվության խնդիրը, եւ Արցախը վերածվում է նրանց իղձերի իրականացման փարոսի։

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ուշադրությունից չի վրիպել այս խելացնոր հոխորտանքների նոր սերիան, որը ստիպեց ուղղակի կոչել իրենց անուններով եւ ուշքի բերել, թարմացնելով նրանց հիշողությունը, որ, նախ, Հասանովն անձամբ պատասխան է տալու ինչպես նախկինում, այնպես էլ այսօրվա ցանկացած բառի, որոշման և ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի զինծառայողների թափված արյան համար։ Իսկ նոր պատերազմ սանձազերծելու դեպքում հայկական զինված ուժերը ամենայն վճռականությամբ, արհեստավարժությամբ և ավերիչ հարվածներով ստիպված կլինեն բազմապատկելու 1994 թ-ի եռակողմ հրադադարի արդյունքները և պաշտպանելու Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգությունը:

Ի դեպ, Ռամիզ Մեհթիեւը քանի ողջ է, Իլհամ Ալիեւը հնարավորություն ունի նրան մի-քանի հարցեր ուղղել Հեյդար Ալիեւի նախագահության մեկնարկի ժամանակաշրջանի վերաբերյալ։ Դա օգտակար է, քանզի երիտասարդ Իլհամն այդ տարիներին ոչ թե հոր կողքին էր, այլ թրեւ էր գալիս Ստամբուլի կազինոներում, եւ գուցե դա է պատճառը, որ հաշվի չի առնում եւ լավ չի պատկերացնում մի կարեւոր հանգամանք։ Խոսքն այն «առավելության» մասին է, որի մասին նա շատ է խոսում։ Պարոն Մեհթիեւը հաստատապես նրան կզեկուցի, որ Ղարաբաղյան պատերազմի տարիներին Ադրբեջանը վե՛ց անգամ ավել սպառազինություն ձեռք բերեց, քան Հայաստանը եւ Արցախը, էլ չասած տարբեր վարձկանների մասին։ Կզեկուցի նաեւ, որ վեցակի առավելություն ունենալը ոչինչ չտվեց ոչ Ադրբեջանին, ոչ նրա «փրկիչ» եւ «ազգային առաջնորդ» Ալիեւին։

Իհարկե, հարձակողական օպերացիաները բանակի զորավարժությունների ընթացքում հղկող Ադրբեջանում հազիվ թե նման բնույթի հորդորները բան փոխեն, սակայն չէր խանգարի, որ հաջորդ զորավարժությունների ժամանակ լողի մարզիչներ ներգրավեին եւ զորքին լողալ սովորեցնեին, քանզի Կուրը բավականին լայն գետ է, եւ առանց հատուկ պատրաստվածության այն դեպի արեւելք հաղթահարելն այնքան էլ հեշտ չի լինի։ Ինչպես գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանն էր ասում, նախորդ պատերազմին նրանք ստիպված էին լավ վազել, բայց հաջորդին ստիպված կլինեն լավ լողալ։

Դա հաստատապես չի բխում Ադրբեջանի շահերից, եթե հարցին նայենք ռացիոնալ դաշտում, մի կողմ դնելով հակառակ կողմի խելագարության կամ հիմարության կանխավարկածները։ Սա գալիս է հաստատելու, որ ալիեւյան Ադրբեջանը չի՛ կարող լինել խաղաղ կարգավորման գործընթացում որպես գործընկեր, քանի ա/ ռեժիմը չի փոխվել եւ բ/ տարածաշրջանային պայմանները չեն փոխվել։ Հետեւաբար, իրատեսությունը պահանջում է, որպեսզի Բաքվի այս հայտարարությունները դիտարկվեն որպես հիմք՝ պաշտոնական Երեւանի եւ եռանախագահության միջեւ շփումների ընթացքում 2016թ մայիսի Վիեննայի օրակարգի կյանքի կոչման միջոցառումները մշակելու համար։ Սա այն անհրաժեշտ քայլն է, որը բխում է տարածաշրջանային անվտանգության եւ միջազգային խաղաղության շահերից, եւ Հայաստանը որպես պատասխանատու սուբյեկտ պետք է առավելագույն ջանքերը գործադրի դրական արդյունք արձանագրելու համար։

Անշուշտ, դեռ փաստ չէ, որ դա կստացվի, քանզի խոչընդոտները նույնն են, ինչպես եւ 2016 թվականին, բացառությամբ մեկ գործոնի․Հայաստանն է փոխվել, եւ պայմանական Վիեննային չի հաջորդելու պայմանական Սանկտ-Պետերբուրգը, որքան էլ Լավրովը կամ լավրովները փափուկ բարձ դնեն կամ սպառնան։ Իսկ եթե ստացվի այնպես, որ մեզ պարտադրեն պատերազմ, ապա մեր խաղաղասիրությունը կստիպի մեզ պարտադրել խաղաղություն, քանզի մեզ այլ ընտրություն տրված չէ։ Շեշտե՛նք․խաղաղությո՛ւն, այլ ոչ թե զինադադար։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930