Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գործ ունենք պոպուլիզմի՞, քաղաքացիական անհնազանդությա՞ն, թե՞ փակ ու չլսող իշխանության հետ

Հունիս 02,2020 13:43

Ինչպիսին է Հայաստանի կարիքավոր քաղաքացիներից յուրաքանչյուրին 100 հազարական դրամ տրամադրելու առաջարկությունը՝ ըստ պատգամավորների մեկնաբանման և իրականում։

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ապրիլի 27-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ կառավարությանն առաջարկել էր մայիսին 500 հազար ընտանիքի տրամադրել 100 հազարական դրամ և թոշակառուներին տալ հավելյալ մեկ ամսվա կենսաթոշակ՝ ճգնաժամային իրավիճակում նվազագույն կարիքները հոգալու համար։ Իր տեսաուղերձում պատգամավորը նշել է, որ Կենտրոնական բանկի գանձապետական հաշվեհամարին կա 300 միլիարդ դրամ գումար, որից մոտ 30 միլիարդն է Հայաստանը ծախսել, սակայն երկիրը գտնվում է խորը ճգնաժամի մեջ։

https://www.facebook.com/marukyan.edmon/videos/2686982028257002/?v=2686982028257002

ԼՀԿ ղեկավարի նշյալ առաջարկությունը մեծ արձագանք ստացավ հանրության և հատկապես գործընկեր քաղաքական գործիչների շրջանում: Լրատվամիջոցներն էլ իրենց հերթին անդրադարձան ԼՀԿ ղեկավարի առաջարկ-հայտարարությանը և դեռ շարունակում են անդրադառնալ՝ հարցն առավել հնչելի դարձնելով։

Ապրիլի 28-ի (3:49 րոպե) և 29-ի (19։19 րոպե) ԱԺ արտահերթ նիստերի ժամանակ` Էդմոն Մարուքյանի առաջարկությանն անդրադարձել են խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Բաբկեն Թունյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին առաջարկել է ապացուցել, որ 100 մլրդ դրամ գումարն ազատ դրված է, ու պետությունը դա չի բաժանում ժողովրդին։

«Երկու օրվա քննարկումից հետո պարզվեց, որ ի սկզբանե եթե ասում էիք 300 միլիարդ դրամի ազատ միջոց կա, արդեն այսօր այդ 300 միլիարդ դրամն իջավ 100 միլիարդ դրամի: Ես առաջարկում եմ «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերներին վաղը մինչև 12:00, կամ ուրիշ օր կարող է լինել, գալ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով, գալ թղթով, գրչով, համակարգչով, ու խնդրում եմ ցույց տալ այն 100 միլիարդ դրամը, որը ազատ դրված է ու կարելի է բաժանել ժողովրդին: Ձեր ասելով, եթե գումարը կա, ազատ է, ու չենք բաժանում մարդկանց, որ կարողանան սնունդ ու դեղորայք գնել, նշանակում է ժողովրդի թշնամին ենք: Եկե՛ք, ապացուցե՛ք, որ էդ գումարը կա, ու իրոք չենք ուզում բաժանել»,- ԱԺ ամբիոնից հայտարարել էր Բաբկեն Թունյանը։

Իր ելույթի ընթացքում ԼՀԿ ղեկավարի առաջարկությանն անդրադարձել է նաև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` նշելով, որ կառավարությունը չունի 300 մլրդ դրամ ազատ մնացորդ։

«Կարող եմ ենթադրել, որ խոսքը գանձապետական միասնական հաշվի մնացորդ 300 մլրդ դրամի մասին է: Պետք է նշեմ, որ դրանք ազատ միջոցներ չեն: Դրա հետ կապված պարզաբանումը շատ մանրամասն ներկայացվել է: Գանձապետական միասնական հաշիվը՝ գանձապետական համակարգի ներդրմանը զուգահեռ, 1996-ից սկսած պարբերաբար իր մեջ համախմբել է պետությանը և համայնքներին պատկանող բոլոր դրամական միջոցները: Եվ այն հենց դրա համար է նախատեսված, որ դրա միջոցով շրջանառվեն պետությանը և համայնքներին պատկանող բոլոր դրամական միջոցները: Դա ամենևին չի նշանակում, թե դրանք ազատ են և ժամանակի որևէ պահին կարող են օգտագործվել ցանկացած ուղղությամբ»,- ի պատասխան առաջարկի՝ ասել էր Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Այնուհետև, քննարկմանը մասնակցող անձանց շրջանակը գնալով ընդարձակվեց: Նախ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գործընկերոջ՝ Էդմոն Մարուքյանի առաջարկը որակեց որպես պոպուլիզմ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ իշխանությանը կոչ արեց չլինել փակ ու չլսող, իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը ԼՀԿ ղեկավարի խոսքերում քաղաքացիական անկարգություններ հրահրելու միտում նկատեց:

Բացի առցանց լրատվամիջոցներից՝ հարցին անդրադարձ է եղել նաև հեռուստատեսությամբ։ Օրինակ, «Արմնյուզ» հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Բաբայանն էր:

Պատգամավորի կարծիքով՝ կոմունալ ճգնաժամի հանգուցալուծման հարցում ճիշտ հետևություններ չեն արվել, թիրախները ճիշտ չեն ընտրվել. «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է նույնականացնել նախ հարուստներին, նրանց հանել ընդհանուր թվից և օգնել սոցիալապես խոցելի անձանց։

Գանձապետական միասնական հաշվին առկա մնացորդի չափը հասկանալու նպատակով հարցում ուղարկեցինք ՀՀ ֆինանսների նախարարություն:

Նախարարության հաղորդած տվյալների համաձայն` ՀՀ կենտրոնական բանկի գանձապետական միասնական հաշվին 2020 թվականի մայիսի 8-ի դրությամբ առկա է ավելի քան 60 մլրդ դրամ մնացորդ:

Հատկանշական է, որ գանձապետական միասնական հաշիվը ներառում է գանձապետարանի կողմից վարվող հետևյալ ենթահաշիվները` ՀՀ պետական բյուջեի միջոցների ենթահաշիվները, համայնքների բյուջեների ենթահաշիվները, պետական և համայնքների արտաբյուջետային միջոցների ենթահաշիվները (այդ թվում` ավանդային), պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների բանկային սպասարկման համար ենթահաշիվները, ծրագրեր իրականացնող գրասենյակների (անկախ դրանց կազմակերպաիրավական տեսակից) բանկային սպասարկման համար ենթահաշիվները և պետության ու համայնքների կողմից հիմնադրված հիմնադրամների, ինչպես նաև այդ հիմնադրամների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց բանկային սպասարկման համար ենթահաշիվները:

Չնայած ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկի ներկայացման հաջորդող օրերի ընթացքում ԱԺ արտահերթ նիստերի ժամանակ տրվել են ֆինանսների նախարարի և խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կողմից բացատրություններ, ներկայացվել են նաև առկա դրամական միջոցների բաշխվածությունն ու նախատեսվող պարտքը, որը կփոխի արտաքին ցուցանիշները, այնուամենայնիվ, մամուլում շարունակվում են մանիպուլյացիոն հրապարակումներն ու հայտարարություններն առ այն, որ գանձապետական միասնական հաշվին առկա է 300 միլիարդ դրամ մնացորդ ու այն ազատ միջոց է, ինչը քաղաքացիների շրջանում հակասությունների առիթ է դառնում։

Անի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Հոդվածը պատրաստվել է «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կոալիցիայի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի ծրագրի շրջանակներում: Այստեղ արտահայտված կարծիքները հեղինակային են, և պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ պետքարտուղարության տեսակետների հետ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930