Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք էր համակարգը փոխել, ինչպես նաև կադրերին, որոնք տապալել են այս ամենը և ցույց են տվել թե՛ իրենց ոչ կոմպետենտությունը, թե՛ ոչ էֆեկտիվությունը». «Փաստ»

Հունիս 02,2020 11:41

Հասել ենք մի փուլի, երբ արդեն իշխանությունն է իրավիճակը ծանր որակում: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով, սակայն, իրականության հետ իշխանության առերեսումը առհասարակ դեռ ավելի վաղ էր եղել: Մասնավորապես դա այն ժամանակ էր, երբ Նիկոլ Փաշինյանը խոսեց հիասթափվածների մասին:

«Ինձ ավելի շատ հետաքրքրում է ճիշտ եզրակացություններ անելու և իրավիճակը փոխելու խնդիրը, եթե գոնե Ն. Փաշինյանն ինքն իր հետ փորձում է ազնիվ լինել: Պետք էր համակարգը փոխել, ինչպես նաև կադրերին, որոնք տապալել են այս ամենը և ցույց են տվել թե՛ իրենց ոչ կոմպետենտությունը, թե՛ ոչ էֆեկտիվությունը: Փոխարենը ցույց չեն տվել, որ նվիրված են պետական խնդիրներին: Եթե այս ամենը չի փոխվում, ապա պարզապես արձանագրել, որ վիճակը կրիտիկական է, շատ քիչ է: Ոչ թե պետք է ամեն ինչ թողնել առողջապահության նախարարի տրամադրությանը, որը երեք ամսվա ընթացքում ինչ հնարավոր էր, տապալեց, այլ այստեղ սթափ անալիզ, ճշգրիտ ինֆորմացիա, մասնագիտական լուրջ կարծիքներ են անհրաժեշտ: Քաղաքացին ուզում է լսել այնպիսի մասնագետի, որը հասկանում է, թե ինչից է խոսում և կարծիքը շատ արագ ու անընդհատ չի փոխում: Իսկ եթե երեք ամսվա ընթացքում 30 անգամ անընդհատ կարծիք փոխեն ու այն արտահայտեն նույն համոզմունքով ու նույն «մուննաթով», պարզ է, որ այդ պարագայում մարդիկ արդեն լուրջ վերաբերմունք չեն ցուցաբերի:

Եթե վարչապետը կամ առողջապահության նախարարը այս պայմաններում օրական տասն անգամ էլ խոսեն ձեռքերը լվանալու, դիմակ կրելու ու սոցիալական հեռավորություն պահելու մասին, միևնույն է, մարդիկ լուրջ չեն վերաբերվի: Իհարկե, երկու տարի առաջ այդ խոսքերը կընդունվեին, մարդիկ կհետևեին կոչերին, բայց հիմա լուրջ չեն ընդունում, որովհետև վստահ չեն, որ 15 րոպե հետո հակառակը չեն ասելու: Առհասարակ, հանրային գործիչն իր դեմքը, իր լրջության աստիճանն ու իմիջը չպետք է կորցնի, որովհետև հետո շատ դժվար է դրանք վերականգնել, եթե, իհարկե, ընդհանրապես հնարավոր է»,- Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

Քաղտեխնոլոգը շեշտեց, որ վերոնշյալի գիտակցումը այսօր էլ չկա:

«Այս պահին ավելի շատ մտածում են՝ մեղքն ում վրա բարդել: Իսկ իրավիճակը կրիտիկական է ոչ միայն առողջապահական խնդրի տեսանկյունից, այլ այդպիսին է դառնում նաև սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական տեսանկյունից: Այն, որ անընդհատ կոչեր, հայտարարություններ են անում, բայց մարդիկ չեն հավատում, սա նշանակում է, որ երկրում վստահության բավականին լուրջ դեֆիցիտ կա, որը նաև ապատիայի է բերում: Այսինքն, հասարակությունը կոնսոլիդացված չէ մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից՝ թե՛ առողջապահական, թե՛ սոցիալ-տնտեսական տեսանկյունից:

Ես վախենում եմ, որ նման տրամադրություններով կոնսոլիդացված չէ նաև հնարավոր արտաքին մարտահրավերների առումով:

Եվ այս պայմաններում, փոխանակ իշխանությունը օր ու գիշեր փորձի կոնսոլիդացնել, լեզու գտնել հասարակության, ինչպես նաև տարբեր ընդդիմադիր շերտերի հետ, բավականին տարօրինակ քաղաքական օրակարգեր է առաջ քաշում, որոնք, համոզված եմ, անգամ իշխանության ամբողջ շերտին չեն հետաքրքրում: Դրանք իշխանության ընդամենը մի փոքր շերտի են հետաքրքրում: Սահմանադրական հանրաքվեի խնդիր են լուծում, վեթինգի ռեժիմ են քննարկում, ճգնաժամի ժամանակ գույքահարկ են բարձրացնում և այլն:

Ամբողջ խնդիրն այն է, որ այսօրվա քաղաքական իշխանությունը փորձում է միայն «քայլողների» մեջ խորհրդակցել: Այսօրվա իրավիճակն իրականում այնքան բարդ է, որ եթե անգամ բոլոր կարող ուժերն էլ իրար միացնենք, բավականին բարդ է լինելու»,-ասաց Վ. Հակոբյանը:

Նա ընդգծեց՝ երբ համաճարակը սկսվեց, ընդդիմադիր դաշտում դիրքավորված շատ ուժեր հայտարարեցին, որ սառեցնում են իրենց քաղաքական նկրտումները և այս հարցում կոնսոլիդացվում են այսօրվա իշխանության շուրջ:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930