Լրահոս
Օրվա լրահոսը

Մի կողմից հակառակորդի հետ սահման, մյուս կողմից՝ անտեսանելի թշնամի. միակ շրջանավարտի ավարտական oրը փորձել են տոն դարձնել ուսուցիչները. «Հայկական ժամանակ»

Հունիս 02,2020 11:06

Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը միայն մեկ շրջանավարտ ուներ։

Ավարտական ճոխ երեկո, ներկայացում կամ հումորային համարներ չեն բեմադրվել, սակայն օրը փորձել են տոն դարձնել ուսուցիչները։ Բացօթյա տարածքում դիմակներով ու ծաղիկներով եկել են շնորհավորելու։ Իրարից հեռու աթոռներ են դրվել, որոնք նախապես ախտահանել է շրջանավարտը։ Սյուզաննան շնորհակալական խոսքեր է հայտնել, նույնիսկ պարային համար ցույց տվել։ Մենակ շատ է չարչարվել, բայց օրվանից գոհ է։

Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցում, Սյուզաննային չհաշված, 15 աշակերտ է սովորում։ Սահմանամերձ գյուղի կրթական հաստատությունում պատերազմին սովոր են, ինչպես իրենք են ասում՝ մի կողմից արդբեջանավիրուսն է, մյուսից՝ կորոնավիրուսը։ Գյուղից գնացողները շատ են․ աշխատանք, խմելու ջուր չկա, ոռոգման ջուրը եւս խնդիր է։ Դպրոցում ջրմուղ կոյուղի չկա․ գնդակոծման ժամանակ հոսքագծերն ավերվել են։ Հողերի մեծամասնությունն էլ հակառակորդի նշանառության տակ է։

Գյուղի միակ շրջանավարտի 3 դասընկերները հերթով հեռացել են հայրենիքից, 3-րդ դասարանից մենակ է մնացել։ Ստիպված նրան միացրել են տարբեր դասարանցիների հետ, այնպես, որ տարիքային տարբերությունը շատ չլինի։

Դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանին ցավ պատճառող հարցերը շատ են, հիմա էլ կորոնավիրուսն է, որի պատճառով աշակերտների մոտ հետընթաց է։ Հեռավար դասերն անում են, բայց դժվարություններ կան, մի մասը հնարավորություն չունի։ Գյուղում գիտելիք ստանալու վայրը միայն դպրոցն է, փակելու դեպքում՝ բարձիթողի վիճակում են լինում, տուժում են: Այսօր հունիսի մեկն է, այս մասին խոսելու եւս մեկ առիթ։

«Ինձ թվում է՝ մեղք եմ գործում, որ դաս չենք անում»,- անկեղծացավ տնօրենը՝ հիշեցնելով իրենց գյուղի ու այդ դպրոցի պահպանության համար զոհված շատ տղաների մասին։ Այդ ամենն արվել է, որ գյուղը մնա, դպրոցը գոյատեւի։

Հույս ունի՝ սեպտեմբերին թեկուզ դիմակներով, ձեռնոցներով, պարետատան կանոններով, բայց դասասենյակներում կսկսվի դասը։ Երեխաները կգան դպրոց ու նորմալ կրթություն կստանան: Վախենում է՝ գյուղը մի օր դատարկվի։

Անի ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930