Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակավորապես հրաժարվել 30 տարվա ավանդույթից

Հունիս 02,2020 10:00
banavech

1991 թվականից ի վեր Հայաստանի քաղաքական կյանքը կառուցվում է «զրոյական արդյունքով խաղի» կանոններով: Տվյալ դեպքում դա նշանակում է, որ հակադիր քաղաքական ուժերի նպատակը միայն մեկն էր՝ իրար ոչնչացնելը, իսկ խաղաղ համագոյակցության եւ մրցակցության տարբերակը երկուստեք բացառվում էր: Իշխանությունը մշտապես ասում է՝ «ի՞նչ ընդդիմություն, նրանք բոլորը հանցագործ են»: Ընդդիմությունն էլ է նույնը պնդում՝ «ի՞նչ իշխանություն, նրանք բոլորը ազգի դավաճաններ են, նրանց տեղը բանտն է»: Գրեթե 30 տարվա այդ ավանդույթը կայուն կարծրատիպեր է ձեւավորել նաեւ հասարակության մեջ. եթե որեւէ մեկն ասում է որեւէ բան, որը չի համապատասխանում քո համոզմունքներին, ուրեմն դրա հետեւում կանգնած են հանցագործներն ու դավաճանները, որոնք պետք է ոչնչացվեն կամ առնվազն լռեցվեն: Երբ ժամանակ առ ժամանակ հայտնվում են մարդիկ, որոնք չեն ընդունում այդ ծայրահեղությունները, նրանք համարվում են առավել վտանգավոր, որովհետեւ փորձում են շեղել մարդկանց «սրբազան պատերազմից»:

Բայց հիմա Հայաստանում ծայրահեղ ծանր վիճակ է ստեղծվել կորոնավիրուսի պատճառով՝ վիճակագրությունն անմխիթար է, արդեն յուրաքանչյուրիս ընկերների եւ ծանոթների շրջանում կան վարակվածներ եւ, ցավոք, նաեւ մահացածներ: Մասնագետներն ասում են, որ մոտակա շաբաթների ընթացքում սպասվում են ավելի ծանր փորձություններ: Համավարակն ինչ-որ առումով ավելի լուրջ մարտահրավեր է, քան պատերազմը, որի դեպքում դու ընդհանուր առմամբ գիտես, թե որտեղից է քեզ վտանգ սպառնում, իսկ հիմա «թշնամին» անտեսանելի է եւ հազարապատիկ ավելի նենգ: Նա չի շրջանցում ոչ մեկին՝ սկսած վարչապետից, վերջացրած փողոցում քնող մուրացկանով: Էլ չասած, որ մեր «ֆիզիկական», ռազմական հակառակորդը պարբերաբար հիշեցնում է հայկական պետականությունը ոչնչացնելու իր ծրագրերի մասին:

Այս պահին, կարծում եմ, կարելի է մի կողմ թողնել իրար ոչնչացնելու ծրագրերը, եւ կենտրոնանալ վերը նշված երկու խնդիրների վրա: Հասկանում եմ, որ իմ կարծիքը կողմերի համար առանձնապես նշանակություն չունի, բայց վստահ եմ, որ առաջիկա ամիսներին իշխանությունը պետք է հրաժարվի «նախկիններին պատժելու» իր սեւեռուն գաղափարից, իսկ ընդդիմությունը զերծ մնա անհապաղ իշխանափոխություն եւ վարչապետի հրաժարական պահանջելու ծրագրերից: Ընդհակառակը՝ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանին պետք է առողջություն ցանկանալ եւ նպաստել, որ նրա կառավարությունը որքան հնարավոր է արդյունավետ պայքարի համավարակի դեմ: Իհարկե, պետք է լինի նաեւ քննադատություն, բայց այնպիսի քննադատություն, որը կհուշի այդ պայքարի լավագույն ձեւերը:

Մնացած հարցերը հետաձգելի են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    լայնօրէն բացուած, կափարիչն ալ կոտրուած «Pandora’s box»ը, ուզում էք ետ փակել… կամ ել՝ լրիւ դուրս սեղմուած ատամնամածուկը, ետ մտցնել պարկուճին մէջ… յաջողիք, ինշ’Ալլա
     
    սակայն աւելի «բնական» է որ ներքաղաքական գազանային բախումին մասնակից բոլոր կողմերն ալ ուզում են օգտուիլ առիթից, համաճարակը դարձնել իրենց գործիքը, ժահրը՝ իրենց դաշնակիցը

    • Հ.Շ. says:

      դիտմամբ սպասեցի որ օրը վերջանայ, յետոյ աւելացնեմ այս յետ-գրութիւնը, նուազ ընթերցողներ թող լինեն – եթէ արդէն ոեւէ մէկը երբեւիցէ ընթերցում է մեկնաբանութիւնները… –

      ես ինքս ել, ընթացիկ ներազգային պատերազմում, չէ, «զինադադար» չեմ անելու. քանզի բանտում մարդ կայ, գերի կայ.
      (չնայած, ըստ Ձեզի՝ նա антихрист -ն է…)

  2. Ruben says:

    Կարճ ասած, 1991 թվականից ի վեր, հանրապետությունում փոխվում են միայն օտարի կտակակատարները, «նորածին» ու նորանշանակ «իշխանները» և քաղաքականության մեջ «կույս» ու փառասեր կուսակցական առաջնորդները:
    Պայքար, պայքար, պայքար մինչեւ «Չարի վերջը»…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930