Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային միասնության մասին

Հունիս 02,2020 09:00

Այնպես է ստացվել, որ անկախ Հայաստանի բոլոր առաջնորդները իրենց իշխանության ժամանակաշրջանում ստիպված են եղել մտածել ազգային միասնության մասին: Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ արցախյան պատերազմի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո, Սերժ Սարգսյանը՝ 2008թ. Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ: Այս չորս դեպքերից միայն արցախյան պատերազմի ժամանակ համազգային միասնություն եղավ, իսկ մյուս դեպքերում քաղաքական գործիչներն ու հասարակությունը միասնության կոչերը անուշադրության են մատնել:

Ինչ-որ մեկը կասի, որ չի կարելի համեմատել արցախյան պատերազմը մյուս բոլոր խնդիրների հետ, եւ ճիշտ կլինի: Մեկ ուրիշը կասի, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ կոչերի կարիք չկար, եւ նույնպես ճիշտ կլինի: Բայց տվյալ դեպքում հարցը դա չէ, կարեւոր է այն, թե ինչ ի նկատի ունեն առաջնորդները, երբ հանրությանը միասնության են կոչում, եւ ինչ նշանակություն են նրանք դնում այդ բառի մեջ:

Տարօրինակ զուգադիպությամբ՝ անկախ Հայաստանի առաջնորդները միասնության մասին հիշում են հենց այն ժամանակ, երբ կանգնում են խնդրի առաջ, որը կարող է աղետի վերածվել: Եվ իրոք, աղետի դեմ պետք է պայքարել բոլորով եւ միասնականորեն, որովհետեւ այն սպառնում է բոլորին: Բայց, ներեցեք տառակերությանս, պետք է նաեւ հասկանալ, թե ինչ է աղետը: Ահա դա առաջնորդներն ու հասարակությունը տարբեր կերպ են պատկերացնում:

Առաջնորդի համար աղետը հիմնականում իշխանությունը կորցնելու վտանգն է: Հասարակության համար աղետը էքզիստենցիալ ռիսկ է: Ահա թե ինչու ենք մենք կարոտով հիշում միասնությունը, որը մեզ բերեց հաղթանակի՝ արցախյան պատերազմում, եւ հենց այդ պատճառով չենք միավորվում ինչ-որ մեկի իշխանությանն աջակցելու նպատակով:

Սակայն կա ազգային միասնության եւս մի ասպեկտ: Սովորաբար, խոսելով միասնության մասին, մեզնից ակնկալում են քննադատության դադարեցում եւ իշխող քաղաքական ուժի ուղեգծի անվերապահ քաջալերում: Հենց այդ մինչեւ վերջ չպարզաբանված պահը հասարակությանը վանում է եւ անվստահություն է առաջ բերում:

Իմ նախորդ սյունակներից մեկում ես, վերապատմելով Նոյ Յուվալ Հարարիի հոդվածը, գրեցի, որ համավարակը ողջ աշխարհում իշխանությունների հանդեպ անվստահություն է ծնել: Յուրաքանչյուր երկրում այն տարբեր կերպ է արտահայտվում, բայց ամենուր ունի նույն արմատը. իշխանությունը համավարակի դեմ պայքարի անվան տակ ցանկանում է լուծել իր մանր քաղաքական խնդիրները: Այդ ցանկությունը հասկանալի է, ինչ-որ տեղ նաեւ՝ ներելի, բայց ոչ մի կերպ չի նպաստում ազգային միասնությանը:

Որպեսզի համազգային միասնությունը կայանա, պետք է առաջին հերթին դադարել ստելը, «տակից դուրս գալը» եւ սկսել ընդունել սխալները: Ապա, հարկավոր է իսկապես ցույց տալ ինչպես խնդրի լրջությունը, այնպես էլ դրա դեմ պայքարելու հաստատակամությունը՝ չխուսափելով ոչ ամբոխահաճո միջոցներից եւ որոշումներից: Եվ երրորդը, գիտակցել եւ հասարակությանը բացատրել, որ համավարակի ավարտից հետո մենք բոլորս ավելի վատ ենք ապրելու եւ պետությունը ստիպված է լինելու լուծել լրջագույն տնտեսական խնդիրներ:

Այս ամենը քաղաքական համարձակություն, կամք եւ պատասխանատվություն է պահանջում՝ ապրանքներ, որոնք ժամանակակից Հայաստանում ծայրահեղ դեֆիցիտ են, եւ, որպես հետեւանք՝ շատ ցանկալի:

Ս. Յ.

«Առավոտ» օրաթերթ

02.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930