Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծեծված սպայի առողջական վիճակի վատթարացումը նախաքննության ավարտի համար խոչընդոտ չի լինի

Հունիս 01,2020 23:03

Ծեծի հետեւանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակի վատթարացման մասին գործով մեղադրյալները տեղեկություն չունեն:

«Ցավում եմ Արա Մխիթարյանի առողջականի վատթարացման համար, հուսով եմ՝ շուտ կապաքինվի: Այլ աղբյուրից մենք որեւէ տեղեկություն չունենք, մեր միակ տեղեկության աղբյուրը Արա Մխիթարյանի հարազատներն են: Իմ պաշտպանյալները դեպքից հետո չեն հանդիպել տուժողի հարազատների հետ, նրանք ցանկանում են, որ վարույթ իրականացնող մարմինն արձանագրի ճշմարտությունը, որ Արա Մխիթարյանի ծնողների համար էլ պարզ լինի ճշմարտությունը, ինչից հետո կարողանան հանդիպել»,- ասաց Զավեն եւ Հարութ Գրիգորյանների պաշտպան Լեւոն Սահակյանը:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում է նաեւ նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել Տրդատ Սարգսյանը, ու թեեւ ՔԿ-ն ժխտել էր մարզպետի՝ միջադեպին մասնակցելու հանգամանքը,  դեպքին մի քանի ականատես սպաները հայտնել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին:

Տուժած սպան ծեծից ութ ամիս անց դեռ չի հարցաքննվել, ըստ Լեւոն Սահակյանի, այդ հանգամանքը չի խանգարել նախաքննությունը ավարտին հասցնելու գործին.  «Մենք այս պահին սպասում ենք նախաքննության ավարտին, երբ բոլոր ապացույցները հանրության համար էլ ակնհայտ լինեն: Միայն Արա Մխիթարյանի ցուցմունքների բացակայությունը չի կարող խոչընդոտ լինել, ունենք անհերքելի ապացույցներ, խոսքը նաեւ տեսաձայնագրությունների մասին է»:

Մեր հարցին, թե վիճաբանության ականատեսներից , մասնակիցներից կա՞ն վկաներ, որոնք փաստել են, որ իր պաշտպանյալներից Զավեն Գրիգորյանը չի մասնակցել դեպքին, Լեւոն Սահակյանն ասաց՝ չի կարող այդ հարցին պատասխանել. «Չգիտեմ, բայց կարծում եմ, որ կլինեն»:  Փաստաբանն ասաց, որ իրենց ձեռքի տակ կա տեսանյութ, որը փաստում է, որ Զավեն Գրիգորյանը դեպքի վայր է գնացել ծեծկռտուքի ավարտից հետո: Լեւոն Սահակյանը նաեւ ասաց, որ Հարություն Գրիգորյանի մեղադրանքի պարզաբանման մասով միջնորդություն են ներկայացրել: Ըստ նրա՝ Հարությունին մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից Արա Մխիթարյանի առողջությանը ծանր վնաս հասցնել), սակայն գործում կա փորձագետի եզրակացություն, որի համաձայն, Արա Մխիթարյանին ծանր վնաս է հասցվել մեկ ներգործության հետեւանքով: Փաստաբանի խոսքով՝ միջնորդել են պարզաբանել՝ արդյոք մեկ ներգործողն է եղել Հարություն Գրիգորյանը, թե՞ այլ գործողություն է կատարվել. «Առաջադրված մեղադրանքն ու առկա եզրակացությունն իրար հակասում են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930